«Հանձնվելուց» մեկ տարի անց

«Հանձնվելուց» մեկ տարի անց

ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով կուսակցությունները պարտավոր են յուրաքանչյուր տարի ԶԼՄ-ներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում իրենց ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը: Այն պետք է տեղադրվի նաև ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է, թե ինչպես է Թավշյա հեղափոխությունից հետո փոխվել նախկին և ներկա իշխող կուսակցությունների՝ Հայաստանի հանրապետական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ֆինանսական կարողությունը:

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր»

Համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2018 թվականի ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության, նախորդ տարում 2017-ի համեմատ անդամակցության վճարները գրեթե եռապատկվել են՝ 4.17 մլն դրամից 11.58 մլն դրամի հասնելով:

2017-ին՝ մինչև իշխանության գլուխ անցնելը, ՔՊ-ն ֆիզիկական անձանցից նվիրատվություններ չի ստացել, իսկ ահա նախորդ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո կուսակցությունն ունեցել է 23 անհատ նվիրատու. նրանք 2018-ին, ընդհանուր առմամբ, իշխող ուժի հաշվեհամարին են փոխանցել ավելի քան 81.4 մլն դրամ:

Իրավաբանական անձանց կողմից արված նվիրատվությունները նախորդ տարում կազմել են 9.6 մլն դրամ: Նրանց թվում են այժմ խորհրդարանական ընդդիմության մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ID բանկը, «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն «Զիգզագ», «Ավանգարդ», «Գեոպրոմայնինգ Գոլդ», «Իմիջ ՄԳ» և «Գապէքս» ՍՊԸ-ները:

Իսկ Հեղափոխությանը նախորդած տարում` 2017-ին, փոխանցումներ իրավաբանական անձանց կողմից չեն եղել: Ինչպես իշխանություն ունենալուց առաջ, այնպես էլ դրանից հետո կուսակցությունը նոր գույք ձեռք չի բերել:

Հայաստանի հանրապետական կուսակցություն

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի փոխանցմամբ, ապրիլյան իրադարձություններից հետո նախկին իշխող ուժը, պաշտոնապես լքել է ավելի քան 8000 մարդ. այսինքն՝ այդքան մարդ կուսակցության գրասենյակ դիմում է ներկայացրել անդամակցությունը դադարեցնելու մասին:

Սրան զուգահեռ 2017-ին 2018-ի համեմատ կրկնակի նվազել են անդամավճարից գոյացող միջոցները՝ 433.1 մլն դրամից 215.4 մլն դրամի հասնելով:

Ըստ նախկին իշխող ուժի՝ 2017-ին կուսակցությունը Ֆիզիկական անձանց կողմից նվիրատվություններ չի ստացել, իսկ ահա 2018-ին նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 26 մլն դրամ: Նախորդ երկու տարում, եթե հավատանք հաշվետվությանը, իրավաբանական անձինք նույնպես գեթ մեկ լումա չեն փոխանցել այն ժամանակվա իշխող ուժին:

Կուսակցությունը ինչպես 2017-ին, այնպես էլ 2018-ին, ունեցել է ավելի քան 60 անշարժ գույք՝ այդ թվում հաղոտարածքներ և շենքեր, ինչպես նաև ավելի քան 7 միավոր շարժական գույք:

Նանե Մանասյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Թովմասյան․ Ակնհայտ է, որ Գայանե Հակոբյանի կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց

Թովմասյան․ Ակնհայտ է, որ Գայանե Հակոբյանի կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց «Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»,-գրել է նա

 Բաժնի այլ նյութերը
2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, չպայթեցնես» Ինչպես էր համացանցը կատակում մեծ բանավեճի ընթացքում
---