#Գործկա

#Գործկա

Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի

Հայաստանի հետհեղափոխական կառավարության կազմը երբեք կայուն չի եղել ու մշտապես տարբեր վերադասավորումների է ենթարկվել՝ սկսած կոալիցիայի քանդվելուց, վերջացած կառավարության կազմի ձևափոխումներով։

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում, սակայն, բազմաթիվ նոր նշանակումներ և հրաժարականներ են եղել, որոնց հետևանքով իշխանության օղակների մի մասը մնացել է առանց ղեկավար կազմի: PanARMENIAN.Net ը ի մի է բերել պահի գլխավոր «թափուր հաստիքները»:

ԱԱԾ պետ

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը պաշտոնից հեռացել է սեպտեմբերի 16-ին՝ ասելով, թե սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ-ում պետի թափուր հաստիքը ժամանակավորապես զբաղեցնում է Էդուարդ Մարտիրոսյանը: Արթուր Վանեցյանը այժմ զբաղեցնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:

ՀՀ Ոստիկանապետ

Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո Ոստիկանապետի պաշտոնում ևս վերջնական նշանակում չկա, պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Օսիպյանն աշխատանքից ազատվել էր սեպտեմբերի 18-ին՝ նույն օրը նշանակվելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: 20 օր անց նա ազատվել էր նաև այդ պաշտոնից:

Կադաստրի պետ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում էր գրել հոկտեմբերի 18-ին՝ որպես պատճառ նշելով, թե չի կիսում կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում: Պետրոսյանի հրաժարականից հետո դիմում է գրել նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանը, ով կատարում էր Կոմիտեի ղեկավարի պարտականությունները:

Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար

Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հոկտեմբերի 24-ին պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Մնացականյանն ասել էր, թե պաշտոնը թողնելու որոշումը քաղաքական դրդապատճառ չունի և բացառապես անձնական որոշում է։ Մնացականյանը նշել էր, որ հրաժարական է ներկայացրել, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ՝ այդ կերպ ավելի օգտակար լինելով Երևանին:

ՊՎԾ պետ

Պետական վերահսկողական ծառայության պետի՝ Դավիթ Սանասարյանի լիազորություններն ապրիլի 20-ից դադարեցված են: ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Սանասարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ համարելով այն շինծու և նշելով՝ ինքը պատրաստ է ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում: ՊՎԾ պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Արգիշտի Քյարամյանը:

Կենդանաբանական այգու տնօրեն

Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրել է նոյեմբերի 1-ին՝ այգու տարածքում թափառող շների հարձակման հետևանքով գրանցված անկումների պատճառով: Կենդանաբանական այգու 8 տարվա տնօրենը լիազորությունները դադարեցնելու որոշումը կայացրել էր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով՝ նշելով, որ շարունակելու է լինել Կենդանաբանական այգու կողքին:

Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հոկտեմբերի 18-ին հրաժարվեց այդ պաշտոնից՝ որպես պատճառ նշելով այն, որ Հայաստանի հավաքականը չկարողացավ նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո ՀՖՖ-ում նոր մարզչի ընտրության մասին քննարկումներ են ընթանում և չկա որոշում:

ԵՊՀ ռեկտոր

Երևանի պետական համալսարանի 13 տարվա ռեկտոր Արամ Սիմոնյանը մայիսի 19-ին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այդ դիմումը համարել էր ուշացած՝ պնդելով, որ Սիմոնյանի օրոք ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել: Մայր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանը: Վերջինս մարտի սկզբին ազատվել էր պրոռեկտորի պաշտոնից Սիմոնյանի հրամանով:

ՀՊՏՀ ռեկտոր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը պաշտոնը թողեց օգոստոսի 21-ին, երբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Հայրապետյանը չի նշանակվի ռեկտոր: Հայրապետյանը պաշտոնը թողել էր իր դոկտորական ատենախոսության մեջ առկա խնդիրների պատճառով: Ռեկտորի հեռանալուն կողմ դասախոսները նշում էին, որ ատենախոսության մեջ բազմաթիվ հատվածներ copy-paste են արված: ՀՊՏՀ ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարում է համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանը:

Իջևանի քաղաքապետ

Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքապետ Վարդան Ղալումյանը իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել սեպտեմբերի 6-ին՝ չնշելով պատճառը: Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախկին քաղաքապետի եղբայրը՝ Հայկ Ղալումյանը:

Անահիտ Հակոբյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱՄՆ դեսպանատուն․ ՏԻՄ ընտրությունները հանգիստ են անցել, բայց ընդդիմադիրների հանդեպ ճնշումների մասին հաղորդումներ կան

ԱՄՆ դեսպանատուն․ ՏԻՄ ընտրությունները հանգիստ են անցել, բայց ընդդիմադիրների հանդեպ ճնշումների մասին հաղորդումներ կան Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ

 Բաժնի այլ նյութերը
2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, չպայթեցնես» Ինչպես էր համացանցը կատակում մեծ բանավեճի ընթացքում
---