Համալիրն առանց Ալեգրովայի ու ռեփեր MiyaGi-ի

Համալիրն առանց Ալեգրովայի ու ռեփեր MiyaGi-ի

DZEN-ին ներկա լինելու 9 պատճառ

Փետրվարի 29-ին արդեն ավանդական դարձած և երևանյան էլեկտրոնային երաժշտության կյանքում կարևոր տեղ զբաղեցնող միջոցառումներից մեկն է լինելու՝ DZEN-ը:

PanARMENIAN.Net - Սա կլինի Rambalkoshe ընտանիքի կազմակերպած այդ շարքի արդեն 5-րդ միջոցառումը, որը նորից կմիավորի էլեկտրոնային երաժշտության, արվեստի, ակումբային կյանքի և ակտիվ ժամանցի սիրահարներին:

PanARMENIAN.Net ն առանձնացրել է DZEN 0.5-ին գնալու 9 պատճառ բոլոր նրանց համար, ովքեր պարբերաբար լսում են DZEN-ի «ձենը», բայց դեռ չգիտեն՝ ինչի մասին է այդ ամենը:

Տոն բոլոր զգայարանների համար

DZEN-ի կազմակերպիչների մոտ նման ֆորմատի միջոցառում անցկացնելու գաղափարը վաղուց էր ծագել, բայց երկար ժամանակ մշակվում և հղկվում էր: Շարքի առաջին միջոցառումը 2018-ի սեպտեմբերին էր, դրանից հետո արդեն DZEN-ը հայաստանյան ակումբային կյանքի անբաժանելի մաս դարձավ՝ միավորելով որակյալ էլեկտրոնային երաժշտությունը, պատկերային արվեստը, մարդկային շփումն ու հետաքրքիր ժամանցը: Միջոցառումների այդ շարքը լավ հնարավորություն է բոլոր զգայարանների համար տոն ստեղծելու՝ լսելով որակյալը, տեսնելով գեղեցիկը, փորձելով յուրահատուկը: DZEN-ը՝ որպես գաղափար, դեռ շարունակում է զարգանալ:

Եկեք հանդիպենք ձմռանն ու պարենք մինչև գարուն

Այս անգամ միջոցառման համար ընտրված օրը բացառիկ է` փետրվարի 29-ը. այսպիսի օր կլինի մեկ էլ 4 տարուց, իսկ հենց այսպիսի շաբաթ օր՝ 28 տարուց: Այնպես որ, կազմակերպիչներն առաջարկում են բաց չթողնել հնարավորությունը՝ հանդիպելու ձմռանն ու միասին պարելու մինչև գարուն:

Որակյալ լայնափ

Բոլոր DZEN-երը միշտ առանձնացել են որակյալ և գրագետ լայնափով՝ արտիստների ընտրությունից մինչև ելույթների դասավորություն: Այդ ամենը շատ կարևոր է երաժշտասերների տրամադրությունը ճիշտ մակարդակի վրա պահելու համար: Այս DZEN-ը ևս բացառություն չէ. ելույթ կունենան հայտնի արտիստներ Miyagi-ն ու Krink-ը Գերմանիայից, ինչպես նաև Budakid-ը՝ Նիդեռլանդներից: Իսկ կբացի միջոցառումը Ascetix հայկական նախագիծը՝ իր հատուկ լայվ կատարմամբ:

Դա այնMiyaGi-ն չէ, որի մասին մտածեցիք

Վստահ ենք՝ նախորդ պարբերությունն ընթերցելիս շատերը զարմանքով կանգ առան Miyagi անվան վրա: Ռուսական ռեպի և ցածր պրոֆիլ Priora-ների սիրահարները կարող են չուրախանալ. խոսքը ռուսաստանցի ռեփերMiyaGi-ի մասին չէ: Երևան ժամանող Miyagi-ն գերմանացի է և ռեփ չի կարդում. գուցե լսում է, բայց ոչ իր ռուսաստանցի անվանակցի ստեղծագործությունները: Miyagi-ն 10 տարվա փորձով հայտնի դիջեյ է, որը ելույթ է ունեցել բացմաթիվ հայտնի փառատոններին և պարեցրել է տասնյակ հազարավոր մարդկանց աշխարհի տարբեր բեմերից:

Համալիրում, բայց առանց Ալեգրովայի

Հինգերորդ DZEN-ը կանցնի Համալիրում, որտեղ դեռ ոչ մի էլեկտրոնային երաժշտության միջոցառում չի եղել: Մարզահամերգայինի պատերը, որոնք երկար տարիներ լսել են միայն Իրինա Ալեգրովայի, Գրիգորի Լեպսի և ռուսական շոու բիզնեսի այլ ներկայացուցիչների կատարումները, ու միայն բոլորովին վերջերս են սկսել ընդունել հայտնի և որակյալ երաժիշտների, այս անգամ նոր շունչ կստանան էլեկտրոնային բիթի տակ: Ի դեպ, միջոցառումը կանցնի Համալիրի գլխավոր մեծ դահլիճի հետևում թաքնված մի հարմար տարածքում, որտեղ քչերն են եղել: Այն նախատեսված է մինչև 1000 անձի համար:

Ո՞ւր առանց ցուցահանդեսի

DZEN-ը միշտ կարևորել է ձայնի և պատկերի ներդաշնակությունը: Եվ հերթական միջոցառումը բացառություն չէ: Ցուցահանդեսային մասով այս անգամ զբաղվելու է The Main Art Gallery-ն՝ ներկայացնելով նոր սերնդի հայ արտիստների տպագիր աշխատանքները։ Նախորդ DZEN-ին, օրինակ, ներկաները տեսան PAN Photo-ի հայտնի լուսանկարիչ Կարո Սահակյանի՝ Հայաստանի ոչ ստանդարտ վայրերում արած ֆոտոները:

Evocabank-ի հետ

Այս միջոցառմանը միացել է նաև հայկական խոշոր բանկերից մեկը՝ Evocabank-ը, որ 5-րդ DZEN-ը դարձնի էլ ավելի հիշվող ու տպավորիչ: Evoca-ն միջոցառմանն ունենալու է իր relaxzone-ը: Բացի այդ, բանկը տոմսերն օնլայն գնելու հատուկ պայմաններ է առաջարկում՝ 20% EvocaTOUCH հավելվածի միջոցով:

«Ջինաշատ» DZEN

DZEN-ի նպատակն է մարդուն պարգևել հաճելի տպավորություններ բոլոր հնարավոր զգայարանների միջոցով, ուստի միջոցառումներին մեծ կարևորություն է տրվում որակյալ խմիչքին: 5-րդ DZEN-ը կառանձնանա նրանով, որ հիմնական կոկտեյլները կպատրաստվեն 1862-ից մինչ այսօր արտադրվող Beefeater Gin London ջինի հիմքով:

Մաքուր օդի ձեր իրավունքը

Միջոցառման տարածքում ծխելու արգելքը DZEN-ից անպակաս է: Եվ եթե առաջին միջոցառման ժամանակ ծխողներն այդքան էլ ոգևորված չէին դուրս գալ-ծխելու գաղափարից, ապա հետո դա վերածվեց բարի ավանդույթի, և հաջորդ միջոցառումներին մարդիկ մեծ հաճույքով ժամանակ էին անցկացնում ծխելու համար նախատեսված հատուկ տարածքում՝ շփվելով ու նոր ծանոթություններ ձեռք բերելով: Այս DZEN-ին ևս ծխողների համար կլինի առանձնացված տարածք:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---