Որտե՞ղ թաղել շան գլուխը

Որտե՞ղ թաղել շան գլուխը

Մահացող կենդանիների դիերից ազատվում են ինչպես պատահի

Նոր Նորքում բնակվող Մարիամը կորցրեց իր շանը մի քանի տարի առաջ։ Ջեկոյին թաղեցին հենց մասիվյան բարձրահարկի բակում՝ շենքի հարևանությամբ գտնվող ու իր ընտանիքին պատկանող հողամասում: Կենդանու մարմնից ազատվելու այլ տարբերակի մասին ոչ Մարիամը, ոչ ընտանիքի անդամները չեն իմացել, հիմա էլ չգիտեն՝ ինչպես է Երևանում լուծվում այդ հարցը։ Պարզվում է՝ հարցի պատասխանը չունեն նաև քաղաքապետարանում։

PanARMENIAN.Net - Երևանում ընտանի կամ թափառող կենդանիների համար նախատեսված գերեզմանոց չկա: PanARMENIAN.Net ը հետաքրքրվեց քաղաքապետարանից՝ ի՞նչ պիտի արվի ընտանի կենդանու դիակի հետ։ Մեզ պատասխանեցին՝ քաղաքացու կողմից իր ընտանի կենդանուն թաղելու հետ կապված տեղեկատվության «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը չի տիրապետում:

Մահացած թափառող կենդանիների մարմինները թաղվում կամ ոչնչացվում են «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» ՍՊԸ-ի միջոցով:

Մարիամն ասում է՝ իր կենդանուն թաղել են իրենց այգում, սակայն բազմաթիվ մարդիկ տարիներով իրենց հարկի տակ պահում ու խնամում են կենդանիների և չգիտեն՝ ինչ անել դրանց մարմինների հետ մահից հետո:

«Բնականաբար, երկար տարիներ պահելուց, խնամելուց հետո կենդանին տան անդամի պես է դառնում, ու ցանկալի կլինի նման մի տեղ լինի, բայց՝ ոչ գերեզման, ու ոչ թե այն պատճառով, որ չիմանան թե՝ «ահա որտեղ է թաղված շան գլուխը», այլ որովհետև Հայաստանում դրանք շատ են: Կարծում եմ՝ դիակիզարանի պես մի բան պետք է լինի, բայց կենդանու համար»,- ասում է նա:

«Դինգո» թիմի հիմնադիր, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ կենդանիների գերեզմանոցի բացակայության պայմաններում ամեն մարդ ինքն է իր «գլխի ճարը» տեսնում, իսկ կացարանում կամ քնեցված կենդանու դեպքում մարմինը ուտիլիզացվում է:

«Դինգո» թիմում մենք կացարանի տարածքին կից մեր տարածքն ունենք, որտեղ փոքրիկ գերեզմանատուն կա: Այդտեղ թաղված են թիմի անդամների կենդանիների մարմինները»,- ասում է Հովսեփյանը:

Նրա խոսքով՝ Երևանում սեփական կենդանի ունեցող յուրաքանչյուր քաղաքացի ինքն է մտածում, հոգում իր կենդանու մարմինը թաղելու մասին: Հարցին՝ ինքը որպես ավագանու անդամ այս մասին երբևէ բարձրացրել է քաղաքի կառավարման խորհրդի նիստերից մեկում՝ Հովսեփյանն ասաց, որ այս հարցից հետո թեմայի մասին հնարավոր է մտածի:

Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ Երևանում 6000-7000 թափառող շուն կա, սակայն ընտանի կենդանիներ հետ կապված որևէ տեղեկություն չունեն:

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Հայկական հարսանեկան կուրիոզներ՝ XX դարից
Երբ սահմանները փակ են, իսկ սրտերը` բաց
Էսթետիկ ոլորտը` Covid-19-ի ժամանակ
Ինչպես կարդինալ Աղաջանյանն 2 անգամ Հռոմի պապ չդարձավ
 Ուշադրության կենտրոնում
Թորոսյան․ Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ բուժել կամ կանխարգելել

Թորոսյան․ Կորոնավիրուսը որևէ դեղով հնարավոր չէ բուժել կամ կանխարգելել Նախարարը կոչ է արել ինքնաբուժմամբ չզբաղվել և հետևել միայն բժիշկների խորհուրդներին

 Բաժնի այլ նյութերը
Տուրեր են կազմակերպում մարդիկ, ում շանդ էլ չես վստահի Մասնագետները՝ Covid-19-ի ու տուրիզմի մասին
Զբոսնել մենակով, մի քանի հոգով Ինչպես կարանտինից հետո չընկնել ոչ պարանոյայի, ոչ անհոգության ջրերը