Կորոնավիրուսը՝ համակարգչի «աչքերով»

Կորոնավիրուսը՝ համակարգչի «աչքերով»

Հայերը բժշկի գործը թեթևացնող գործիք են ստեղծում

Արհեստական բանականության միջոցով տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող հայկական SmartClick ընկերությունը մշակել է նոր ալգորիթմ, որը կորոնավիրուսի հետևանքով առաջացող թոքաբորբը կարող է ախտորոշել վայրկյանների ընթացքում:

PanARMENIAN.Net - Նոր ալգորիթմի լիարժեք գործարկման պարագայում՝ հնարավոր է հասնել մինչև 95% ճշգրտությամբ ախտորոշման ու միաժամանակ հետազոտել մի քանի տասնյակ պացիենտների:

PanARMENIAN.Net ը զրուցել է ՀՀ-ում հիմանդրված ու այստեղ գործող SmartClick ընկերության ղեկավար Ռեմ Դարբինյանի հետ՝ պարզելու ալգորիթմի աշխատանքի մանրամասներն ու կորոնավիրոսի ախտորոշման հավանականությունը:

SmartClick՝ արհեստական բանականությամբ

Աշխատում ենք արհեստական բանականությամբ տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ: Ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ արհեստական բանականությունը կարող է լինել նաև հայկական, և մեր նպատակն է, որ այն աշխարհում իր տեղը գրավի:

Այս պահի դրությամբ աշխատում ենք երկու ուղղությամբ: Առաջինը՝ Computer Vision-ն է, այսինքն՝ սովորեցնում ենք տեխնոլոգիային աշխարհը տեսնել մարդու աչքերով՝ բացատրելով, թե շրջապատող առարկաներից որը ինչ է, և Face recognition-ը, երբ սովորեցնում ենք ճանաչել մարդկանց:

Երկրորդ ուղղությունն արհեստական բանականությունն է, որը ենթադրում է մեծ տվյալների վերլուծություն, big data-ների հետ աշխատելու փորձառություն:

Big data-ի կապը կորոնավիրուսի հետ. SmartClick՝ թոքաբորբի ախտորոշման համար

Թոքաբորբի ախտանիշերը բացահայտող նախագծի մտադրություն կար դեռ 2019-ից, այժմ սկսեցինք ավելի մեծ ուժեր կենտրոնացնել դրա վրա: Ընդհանրապես, կորոնավիրուսի բարդություններից մեկն այն է, որ այն հանգեցնում է թոքաբորբի: Դա նշանակում է, որ ախտորոշման համար բժիշկը պետք է ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա իրականացնի, գործ ունենա հարյուրավոր նկարների հետ, դրանցից յուրաքանչյուրը նայելու համար ծախսի 15-30 րոպե: Նման տեմպը նորմալ է, երբ օրվա ընթացքում բժիշկը կարող է հետազոտել մի քանի հիվանդի, իսկ երբ ախտորոշման համար արված նկարների թիվը մի քանի տասնյակից անցնում ու հարյուրների է հասնում, դա արդեն երկար ժամանակ ու ռեսուրս է պահանջվում: Հենց այստեղ է, որ օգնության կարող է գալ արհեստական բանականությունը:

Մենք առաջարկում ենք, որ բժշկի կատարած աշխատանքն այս դեպքում անի արհեստական բանականությունը: Այս պահին այդ նույն գործողությունն արհեստական բանականությունը կարող է կատարել 80% ճշտությամբ և 20 վայրկյանում: Համակարգը կարող է միաժամանակ մի քանի տասնյակ հիվանդների առողջական վիճակի մասին ինֆորմացիա տալ:

Համաճարակի պայմաններում, երբ մարդիկ սկսում են ավելի արագ հիվանդանալ, համակարգը հնարավորություն կտա ավելի հեշտ հասկանալ պացիենտի վիճակը և դրա հետագա զարգացումը, տարբերակել առաջին բուժօգնության կարիք ունեցողին, ինքնամեկուսացման ենթակա պացիենտից:

Արհեստական բանականությունը կարող է վերլուծել հիվանդի թոքերի նկարները՝ հնարավորություն տալով հասկանալու առողջական վիճակի փոփոխության դինամիկան:

Կորոնավիրուս ախտորոշելու համար ալգորիթմին «կորոնավիրուս է պետք»

Վերլուծական թվային համակարգը դեռ անցյալ տարի էինք ուզում գործարկել, սակայն բարդությունն այն էր, որ ոչ մի բժշկական հաստատություն լիցեզնիա չէր տրամադրում: Այն չէր կարող բուժման գործընթացի մասնակցել, այլ՝ կարող էր միայն օժանդակող գործիք դառնալ, ինչը բիզնես տեսանկյունից նպատակահարմար չէր:

Այս պահի դրությամբ նախագծի վրա չենք աշխատում այն վաճառելու համար, ամբողջ թիմը կենտրոնացած է դրա վրա, քանի որ ցանկանում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի գործիք ունենալ: Սովորաբար, նմանատիպ նախագծերը տարիներ են տևում, հենց դա է պատճառը, որ էֆեկտիվության 80% ունենք միայն, սակայն լրացուցիչ աշխատանքի դեպքում այն կարող է մինչև 95 և ավելի տոկոս ճշտությամբ ախորոշում անել:

Իսկ այդ ճշտությունը կարող է բարձրանալ, եթե մենք համակարգին «սովորեցնենք», թե որ վիրուսն է դա: Նման քայլի համար շատ անալիզներ են պետք. վիրուսի մեծ տարածվածություն ունեցող երկրներում՝ Իրանում, Չինաստանում, Իտալիայում կա այդ հնարավորությունը, պացիենտներն ու հիվանդության մասին ինֆորմացիան շատ է: Մեր դեպքում ինֆորմացիայի պակաս կա: Այս պարագայում, նույնիսկ լավագույն ալգորիթմներն ու բժիշկները չեն կարող առանց ինֆորմացիայի հիվանդությունը ճանաչել ու գործել ճշտորեն:

Ինչպես է իրեն զգում ալգորիթմն այժմ

Մեր տեսանկյունից այժմ փորձում ենք 2 ուղղությամբ զարգացնել ալգորիթմը՝ օգնել արդեն հիվանդ մարդուն հասկանալու, թե ինչ բարդություն ունի նա, և վերուծել ինֆորմացիան՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է կանխել վիրուսի տարածումը:

Սակայն, հիմա ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված միայն 2 պացիենտ կա, որոնք թոքաբորբ են տանում. սա նշանակում է, որ ալգորիթմը զարգացնելու համար անհրաժեշտ մեծ տվյալները չկան: Այժմ փորձում ենք դրանք ձեռք բերելու ուղիներ գտնել: Չինաստանում, օրինակ, այլ կերպ էին աշխատել ախտորոշման վրա. նրանք օգտագործել էին դիմաճանաչման ֆունկցիան, քանի որ իրենց քաղաքներում ամենուր տեսախցիկներ են:

Նման մեթոդով փորձում ենք տարածության վրա ջերմաչափում անել, նոր ալգորիթմ է մշակվում, որպեսզի շնչառությունից հասկանանք վիրուսի գոյության մասին: Ժամկետները սուղ են, բայց մենք անում ենք հնարավոր ամենը՝ արագ արդյունքի հասնելու:

SmartClick նախագծի մասին տեղյակ են նաև ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունում, վերջինս, իր հերթին, տեղեկացրել է Առողջապահության նախարարությանը: Ընկերությունը գերատեսչությունների հետ կապի մեջ է:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
Ինչով փոխարինել հայտնի հավելվածը
Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ «Չսմարթֆոնները» ևս չեն կարող անվտանգ համարվել

Փորձագետ․ «Չսմարթֆոնները» ևս չեն կարող անվտանգ համարվել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
Որքան արժե «հայկական ուղեղը» ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
3D մոդելավորման կենտրոններ` հեռավոր համայնքներում Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները