Դավադրավիրուս

Դավադրավիրուս

COVID-19-ը բերել է դավադրապաշտության բումի ամբողջ աշխարհում

Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտնեցին Ուհանում անհայտ տիպի կորոնավիրուսի բռնկման մասին։ Հունվարին չինացի բժիշկներն այլ երկրների մասնագետներին ներկայացրեցին վիրուսի գենետիկ կառուցվածքը՝ դրա հայտնաբերման մեթոդների մշակման նպատակով։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 1 մլն մարդ, տասնյակ հազարավորները մահացել են դրա հետևանքներից։

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիան, ինչպես ցանկացած կարևոր գլոբալ իրադարձություն, նաև դավադրապաշտական տեսությունների առաջացման առիթ է հանդիսացել։ Դրանց թվում կան ինչպես քիչ թե շատ համոզիչներ, այնպես էլ բավականին անտրամաբանականներ։

Այդպես, համացանցում տարածված ամենահայտնի դավադրապաշտական տեսություններից մեկն այն է, թե իբր վիրուսը ստեղծվել է չինացի գիտնականների կողմից լաբորատորիաներում կենդանիների վրա փորձերի արդյունքում և սխալմունքի պատճառով դուրս է եկել լաբորատորիայից։ Այս վարկածի հիմքում այն իրողությունն է, որ Ուհանում է գտնվում վարակների հետ աշխատող խոշորագույն լաբորատորիան, որը զբաղվում է նմանատիպ վիրուսների մշակումներով։ Այդ վարկածը, որպես ամենատարածվածներից և համոզիչ թվացողներից մեկը, բազմիցս հերքել են բժշկագիտության ոլորտի փորձագետները Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների գիտական ինստիտուտներից։

Եվս մեկ ոչ պակաս տարածում ստացած վարկածը կապված է Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ։ Պատվաստումների հակառակորդները մի վարկած էին տարածում Գեյթսի գլխավորությամբ միլիարդատերերի դավադրության մասին, որի նպատակն է կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը։ Այս շրջանակում մի քանի վարկած կա։

Առաջինը․ իբր Գեյթսի հիմնադրամը դեռևս 2019-ի ավարտին է կորոնավիրուսի համաճարակի «սիմուլացիա» կազմակերպել։ Այդպես, «2019-ի հոկտմբերի 18-ին Գեյթսի հիմնադրամը, Ջոնս Հոփքինսի համալսարանի Հանրային առողջության Բլումբերգի դպրոցը և Համաշխարհային տնտեսական համաժողովը Նյու Յորքում միջոցառում են կազմակերպել, որտեղ քաղաքական առաջնորդները, կորպորացիաների ղեկավարները և առողջապահության ներկայացուցիչները համատեղ աշխատել են կորոնավիրուսի համաճարակի սիմուլացիայի վրա»։

Երկրորդը․ կորոնավիրուսը պատենտավորված է Փիրբրայթի ինստիտուտի կողմից, որը մասնակիրոեն ֆինանսավորվում է Գեյթսի հիմնադրամի կողմից և որի պատենտը հավանություն է ստացել 2018-ի նոյեմբերի 20-ին։

Երրորդը․ Բիլ Գեյթսը 2010-ին TED կոնֆերանսի ժամանակ իբր ասել է, որ «եթե պատվաստանյութերի հետ ամեն ինչ ստացվի, բնակչությունը հնարավոր կլինի կրճատել 10-15 տոկոսով։ Գեյթսն իրոք մասնակցել է կոնֆերանսին և խոսել է կլիմայի խնդիրների և հիմնադրամի մասին, սակայն նրա ելույթի առանձին հատվածներ մոնտաժվել են։

Ընդհանրապես, Գեյթսի անունը հաճախ է շրջանառվում դավադրապաշտական տեսություններում՝ նրա անունը շոշափվում է ամեն անգամ, երբ համաճարակ է բռնկվում։

Դավադրության ևս մեկ տեսություն կապված է QAnon շարժման հետ՝ ամերիկյան համացանցային հանրույթի, որը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և դեմ է «Խորքային պետությանը» (deep state)։ Այդպես են նրանք կոչում ամերիկյան պաշտոնյաներին, հիմնականում Դեմոկրատական կուսակցությունից։

Իսկ խիստ «զարգացած» դավադրապաշտները կորոնավիրուսը կապում են 5G ցանցերի հետ։ Չինական Ուհանում սկսել է գործել նոր սերնդի 5G հեռահաղորդակցության կապը, իսկ մի քանի շաբաթ անց հայտնվել է կորոնավիրուսը։ Զուգադիպությո՞ւն։ Այո, քանի որ միաժամանակ այդպիսի ցանց է գործարկվել ևս 15 քաղաքում։ Սակայն այդ լուրերի համար հիմք ծառայեց թռչունների անկումը Նիդերլանդներում 5G անտենաների տեղադրման վայրում։ Եվ ահա արդեն Բրիտանիայում տեսության կողմնակիցներն այրում են բջջային կապի աշտարակները։

Վիրուսի ստեղծման և տարածման մեջ մեղադրում են նաև ԱՄՆ-ին։ Նման տեսություն առաջ քաշեցին նաև Չինաստանում։ Այդպես՝ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական նրկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ COVID-19-ը կարող էր «ներմուծվել» երկիր, ոչ թե հայտնվել Ուհանում։ Նա հղում է արել ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկմա կենտրոնի ղեկավար Ռոբերտ Ռեդֆորդի ելույթին, որտեղ վերջինս հայտնել էր, որ մի քանի ամերիկացի է մահացել գրիպից, իսկ հերձման արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել։ Չժաոն ենթադրել է, որ COVID-19-ով «զրոյական պացիենտը» նոյեմբերի 17-ին հայտնվել է ոչ թե Չինաստանում, այլ ավելի վաղ՝ ԱՄՆ-ում։ Նա կոչ է արել ամերիկացիներին հրապարակել վարակվածների մասին տվյալները։ Ըստ չինացի դիվանագետի, հենց ամերիկացի զինվորականներն են համաճարակն Ուհան բերել։ Ընդ որում նա չի մեղադրել ամերիկացիներին միտումնավոր վարակման մեջ՝ լոկ առաջ քաշելով վիրուսի ամերիկյան ծագման վարկածը։

Եվ, իհարկե, հանրությունը զերծ չմնաց նաև հրեաների հիշատակումից, որոնց ընդունված է «հիշել» ցանկացած անհասկանալի իրավիճակում։ Դեռևս հունվարից տարբեր սոցցանցերում պնդումներ հայտնվեցին, թե իբր հրեաներն են ստեղծել վիրուսը՝ շուկաների անկումը հրահրելու և շահույթ ստանալու նպատակով։ Այս տեսությունը հատկապես մեծ տարածում է ստացել Թուրքիայում, որտեղ նույնիսկ կառավարական հեռուստաալիքի հաղորդումներից մեկում է կարծիք հնչել, որ կորոնավիրուսը «թռչնագրիպին նման կենսաբանական զենք է, որը ստեղծել են հրեաներն աշխարհը վերաձևելու և ամբողջ երկրներ զավթելու համար»։ Բացի այդ, մեկ այլ վարկածի համաձայն, պանդեմիան սիոնիստ հրեաների և ԱՄՆ «խորքային պետության» գործարքի արդյունք է, որի նպատակն է ազատվել Թրամփից։

Եվ վերջում ևս մեկ վարկածի մասին, որն ավելի շուտ ոչ թե կորոնավիրուսի ծագմանն է առնչվում, այլ դրա բացակայությանը; Շատերը պնդում են, որ ոչ մի կորոնավիրուս էլ չկա, ոչ մի վտանգ չկա և ոչ ոք էլ չի մահանում դրանից, այլ այս ամենը «մի մեծ համաշխարհային ներկայացում է, որի նպատակն է մարդկանց տանը պահել և վերահսկել նրանց»։ Դավադրապաշտական այս տեսության հեղինակները չեն ասում, թե ով է հեղինակը, բայց պնդում են, որ եթե իրենք անձամբ ոչ մի վարակվածի, առավել ևս մահացածի, հետ, ծանոթ չեն, նշանակում է՝ այդ ամենը ճիշտ չէ։ Այս տեսության առավելությունն այն է, որ դրա հետևորդների հետ կարելի է չվիճել՝ ուղղակի պետք է սպասել, թե երբ կվարակվի նրանց ծանոթներից մեկը, իսկ գուցե հենց իրենք, ինչը, հաշվի առնելով համավարակի տարածման տեմպերը, շատ հավանական է։

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ադրբեջանի ԱԳՆ-ում ձերբակալություններ են
Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով
Լիբանանը՝ պայթյունից 6 օր անց
 Ուշադրության կենտրոնում
Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով

Moderna-ն ուզում է ԱՄՆ-ին պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել $50-ից $60-ով Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։

 Բաժնի այլ նյութերը
Ի՞նչ է անում ՀՀ-ն Միջերկրականում Նոր քաղաքականության ռիսկերն ու հնարավորությունները
Ինչ դիտել շաբաթ-կիրակի 10 տեսանյութ, որ կլցնեն ձեր հանգստյան օրերը
Ձեր ուիքենդի bookmark-ը Ինչ դիտել շաբաթ-կիրակի