«Մաքուր» ու «վայրի» հայուհիներն ու հարսների հպատակեցումը

«Մաքուր» ու «վայրի» հայուհիներն ու հարսների հպատակեցումը

Հայ կանայք՝ 19-րդ դարի ամերիկուհու աչքերով

Ամերիկացի ֆոլկլորագետ և ճանապարհորդ Լյուսի Գարնեթը դեռևս 1890 թվականին հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ կանանց առօրյայից՝ նրանց գեղեցկությունից ու փարիզյան նորաձևությանը հետևելուց մինչև կրթությունն ու ոչ հավասար իրավունքներն ընտանիքում։

PanARMENIAN.Net - Ըստ The New York Ledger շաբաթաթերթի 130 տարվա վաղեմության հոդվածի՝ Գարնեթը 8 տարի շարունակ ուսումնասիրել է սուլթանական Թուրքիայում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների կանանց կյանքը։

Ըստ արտաքին տեսքի՝ Գարնեթը հայ կանանց բաժանում է երկու իրարից խիստ տարբեր կատեգորիայի, կամ ինչպես թուրքերն էին ասում՝ «մաքուր» և «վայրի» արտաքինով հայուհիների։ Առաջիններն ունեին բաց գույնի մաշկ, շագանակագույն մազեր ու նշաձև, հաճախ կապույտ աչքեր, իսկ երկրորդ խմբում մուգ մազերով, մուգ աչքերով ու թուխ մաշկով կանայք էին։ Ու, չգիտես ինչու, առավել գրավիչ էին համարվում առաջին խմբին պատկանողները։

20-րդ դարասկզբի հայ կանայք՝ ռուս լուսանկարիչ Սերգեյ Պրոկուդին-Գորսկու օբյեկտիվում

Առհասարակ, Կոստանդնուպոլսի ու Զմյուռնյայի հայ կանայք գեղեցկուհիների համբավ ունեին՝ աչքերի հանդարտ արտահայտությամբ, բարեձև կազմվածքով ու գեղեցիկ կեցվածքով։ Պարզվում է՝ փոքր վերջույթները ևս կարևոր առավելություն են եղել։

«Բոլոր հայ կանայք սիրում են շպարվել, և նույնիսկ երբ փարիզյան նորաձևությանն են հետևում, առաջնությունը տալիս են արտահայտիչ աչքերին ու սիրում են ցուցադրել իրենց զարդերը։ Ինչքան էլ եվրոպականացվեն, նրանք հազվադեպ են տանը նույնքան կոկիկ տեսք ունենում, և զբոսանքից կամ այցելություններից վերադառնալուն պես հանում են ֆրանսիական նրբագեղ հագուստն ու բարձրակրունկ կոշիկներն և հագնում լայն շորեր ու հողաթափեր»,- պատմում է թերթը։

Եվրոպացիների համեմատ՝ հայ կանանց կրթությանը մեծ ուշադրություն չի դարձվել 19-րդ դարում, սակայն «նրանք լավ էին վերաբերվում ընտանի կենդանիներին՝ ի տարբերություն իրենց հույն և հրեա հարևանների»։

Հայերի կացարանները տարբերվում էին՝ ըստ հարստության և տեղանքի։ Բոսֆորի հարուստ հայերը, օրինակ, ապրում էին ապարանք հիշեցնող տներում՝ եվրոպական հարմարություններով և ճոխություններով, իսկ արդեն ավելի քիչ ունեցողներն ապրում էին արվարձաններում։

«Աշխարհի ոչ մի ծայրում հարսների հպատակեցումն ավելի հեռուն չի գնում, քան բուն Հայաստանում։ Ամուսնու տուն գնալուց հետո հարսը պետք է դիմագծերը թաքցնող քող կրի, չշփվի ամուսնու բարեկամների հետ (բացառությամբ տարիքով իրենից փոքրերի), չխոսի ամուսնու հետ նրա ծնողների ներկայությամբ այնքան ժամանակ, մինչև ընտանիքի հայրը նրան թույլվություն չտա՝ քողը երեսից հեռացնելով։ Սա հազվադեպ է արվում մինչև հարսի՝ տղա ունենալը, ուստի լռության կնիքը կարող է երկար տարիներ չհեռացվել։ Պարզ չէ՝ նման կարգի շնորհիվ է, թե՝ ոչ, բայց հայ կինը բազմաթիվ առաքինություններ ունեն։ Նա հավատարիմ կին է և քնքուշ մայր, և նրա տունը մաքրության իսկական նմուշ է»,- գրում է աղբյուրը։

20-րդ դարասկզբի հայ կանայք՝ ռուս լուսանկարիչ Սերգեյ Պրոկուդին-Գորսկու օբյեկտիվում

Գրքում անդրադարձ կա նաև հույն կանանց, ում սոցիալական դիրքը որոշում էր Ուղղափառ եկեղեցին. այն վերացրել էր բոլոր իրավունքները, որոնցից կանայք օգտվում էին Հռոմեական կայսրության ժամանակ, և ներկայացրել կնոջը՝ ամուսնուն հնազանդեցման գաղափարը։ Ճիշտ է՝ 19-րդ դարի վերջում հունական ընտանիքներում ամուսնալուծությունն այլևս անհնարին չէր, բայց բաժանության դիմումները շատ հազվադեպ էին բավարարվում։ Գարնեթը նկատել էր, որ հույների մոտ ընտանիքում հարսը պիտի ամենամեծ հարգանքը տածեր սկեսրոջ հանդեպ, «ով միշտ սեղանի գլխին էր նստում»։

Իսկ ահա բուլղարուհիները, հատկապես աշխատող կանայք, ավելի ազատ էին, քան հույները, դաշտային աշխատանքներում տղամարդկանց հավասար պարտականություններ ունեին, ուստի հաճախ հավասար փոխհարաբերությունների մեջ էին իրենց ամուսինների ու եղբայրների հետ։ Նրանք նաև համեմատաբար ուշ էին ամուսնանում։

Ընթերցեք նաև՝ Արևելյան գեղեցկություն. Հայուհիները՝ արևմտյան նկարիչների վրձնով

Հայ կանայք՝ ռուս լուսանկարչի օբյեկտիվում. XX դարասկզբի Հայաստանն ու դրա առաջին գունավոր լուսանկարները

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---