Տրոյկաներով Երևան՝ Արարատը տեսնելու

Տրոյկաներով Երևան՝ Արարատը տեսնելու

XIX դարի ամերիկացի ճանապարհորդի տպավորությունները` Հայաստանից

Ժամանակակից հեղինակավոր պարբերականներում լույս տեսնող՝ Հայաստանի մասին ու երկիրը որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն ներկայացնող հոդվածները մեծ արձագանք են ստանում բոլորիս կողմից։ Պարզվում է՝ նման փոքրիկ ավանդույթ գոյություն ուներ դեռ տասնամյակներ առաջ, երբ, ասենք, Պաղեստին հասած ամերիկացի ճանապարհորդները հատուկ գալիս-հասնում էին Երևան՝ Արարատ լեռը տեսնելու, իսկ հետո կիսվում տպավորություններով ու «սթորիներով»:

PanARMENIAN.Net - 1885 թվականին St. Johnsbury Republican թերթին նամակում արշավախմբի ամերիկացի անդամներից մեկը պատմում է, թե ինչպես են հասել Պաղեստին ու Սիրիա և հանպատրաստից որոշել տեսնել լեռը, որտեղ, ավանդույթի համաձայն, Նոյյան տապանն է կանգ առել։

Ամեն տեսակ անակնկալ բարդություններ հաղթահարելով՝ խումբը Երևան է հասել «տրոյկա» կառքերով (կողք կողքի վազող երեք ձիով կառքեր)՝ ճանապարհին միանալով նահանգապետի բարեկամներին ու հիանալով գեղեցիկ ու բազմագույն հագուստով բնակիչներով։

1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրով Մասիսը, լեռան հյուսիսային ստորոտներն ու Սիսի արևելյան ստորոտները մտել էին Ռուսական Կայսրության կազմի մեջ։ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո է միայն լեռն անցել Թուրքիայի տիրապետության տակ։

Երևան հասնելուց հետո խումբն ուղևորվել է Էջմիածնի Մայր տաճար։

«Ձեր գրքերն ավելի շատ բան կպատմեն Էջմիածնի հայկական վանքի մասին, բայց այնտեղ կատարած ուղևորությունը մեր ամբողջ ճանապարհորդության ամենահարուստ փորձն էր։ Սա երկար պատմություն է, ու ես բավականաչափ թանաք չունեմ ամբողջը պատմելու համար, միայն կասեմ, որ վեհ Արարատի ստվերով 12 մղոն անցնելուց հետո հիացանք Էջմիածնի գրադարանով, Աստվածաշնչի հնագույն օրինակներով, ձեռագրերով ու գանձերով։

Երևան վերադարձը սքանչելի էր։ Սկզբում Արարատի գագաթը թաքցնող անձրև էր, հետո՝ արևի շողերի պայթյուն ու ծիածան։ Իսկ այնուհետև ամպերն անհետացան, և մենք տեսանք ձյունածածկ կոնի միայնակ ուրվագիծը՝ մաքուր ու կապույտ երկնքի ֆոնին։ Հետաքրքիր օրվա փառահեղ ավարտ էր։ Երբեք չեմ տեսել այնքան տպավորիչ լեռ, ինչպիսին Արարատն է, որը հառնում է աչքիդ առջև Երևանի բլուրների հետևից»,- ասվում է նամակում։

Հեղինակը տեսարանը համեմատում է Ամերիկայում Վաշինգտոն լեռան հետ․ «Դրեք մեկ հատ Վաշինգտոն լեռ Երևանի արևելքում, այնուհետև վրայից ավելացրեք ևս մեկ Վաշինգտոն լեռ, ու էլի կեսը, և կստանաք սարը, որը հարթավայրում վեր է խոյանում 18,500 ֆուտ (5165 մ) բարձրությամբ: Դեպի արևելք փոքր Արարատն է բարձրանում՝ ասես իդեալական, կուրացնող սպիտակ կոն։ Ոչ ոք չի կարող ասել՝ արդյոք տապանն իսկապես կանգնել է Արարատներից որևէ մեկի վրա, բայց ճանապարհորդելիս ոչինչ ավելի ոգևորիչ չէ, ինչպես դյուրահավատության որոշակի չափաբաժինը, ուստի ընդունում եմ Արարատն առանց որևէ տարակուսանքի՝ տապանով ու մնացած ամեն ինչով հանդերձ»։

Ճանապարհորդներն Արարատը վերջին անգամ տեսել են լուսաբացին, երբ Երևանից շարժվել են Թիֆլիս։

«Հովտում մշուշոտ էր, լեռան ստորոտին ամպեր էին հավաքվել, բայց Արարատի գագաթը կատարելապես պարզ էր։ Եվ երբեք չեմ մոռանա, թե ինչպես էինք շունչներս պահած հետևում այդ շքեղ տեսարանին հենց այն պահին, երբ արևը գրեթե երկնային գեղեցկություն էր տալիս լեռանն ու հովտին»,- գրում է ամերիկացին նամակում։

Այսօրվա զբոսաշրջիկների պես նրանք էլ չեն կարողացել անտարբեր անցնել Սևանա լճի կողքով, այցելել են կղզի (մինչև այն կվերածվեր թերակղզու՝ լճի մակարդակի իջեցման հետևանքով - խմբ․) ու Սևանավանք, դուրս են եկել նավով զբոսանքի ու կերել են իշխան, որի համի մասին դեռ մինչև Հայաստան գալն էին լսել։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես զինծառայողը տուն չգնեց բանկի՝ պայման փոխելու պատճառով
Porsche Cayenne Coupé-ի թեստ-դրայվը՝ Հայաստանում
Հոգեբանը՝ «կորոնաճգնաժամը» հաղթահարելու մասին
Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում
 Ուշադրության կենտրոնում
Պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը դադարեցվում է

Պլանային կարգով ԲԿ-ներ դիմած պացիենտների ընդունումը դադարեցվում է Հիվանդանոցներում այժմ բուժվողների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը

 Բաժնի այլ նյութերը
Ուղեցույց Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Չիպավորումը հսկողությա՞ն, թե՞ հարմարության միջոց Զրույց բիոչիպեր արտադրող գործարարի հետ