Զբոսնել մենակով, մի քանի հոգով

Զբոսնել մենակով, մի քանի հոգով

Ինչպես կարանտինից հետո չընկնել ոչ պարանոյայի, ոչ անհոգության ջրերը

Հայաստանում մարդկանց տեղաշարժի կարանտինային սահմանափակումները հիմնականում վերացվել են, կյանքը «պղպջակից» դուրս է գալիս ու կամաց-կամաց ընկնում հունի մեջ, բայց հնի փոխարեն ունենք «նոր նորմալ», որը ենթադրում է սովորականից ավելի զգոն վարքագիծ և ավելի մեծ ուշադրություն մեր ու մեր հարազատների առողջության նկատմամբ։

PanARMENIAN.Net - Մասնագետները միակարծիք են, որ մեկուսացումից դուրս գալուց հետո ևս անհրաժեշտ է հետևել անվտանգության խիստ կանոնների՝ յուրաքանչյուր հնարավորության դեպքում լվացվել ու սոցիալական հեռավորություն պահպանել։ PanARMENIAN.Net ն առանձնացրել է մի քանի կետ, որոնք հատուկ ուշադրության են արժանի։

Խորհուրդները հինված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Վիրջինիայի Համագործակցության համալսարանի, Տեխասի համալսարանի, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ձեռքերը հաճախ լվանալու երբեք չհնացող հորդորների վրա։

Լվացվելու, լվացվելու և, չեք հավատա, բայց նորից լվացվելու մասին

Ձեռքերի հիգիենան առհասարակ ինֆեկցիաների և մասնավորապես կորոնավիրուսի տարածման դեմ ամենաարդյունավետ քայլերից է։ Սահմանափակումների թուլացումը կամ վերացումը չի նշանակում, որ համաճարակը հաղթահարված է։ Իրականում, այսքան ժամանակ ձեռքերը հաճախ լվանալն ու ախտահանելը շատերի մոտ արդեն սովորություն է դարձել, բայց նորից հիշեցնելը չի խանգարի․ ձեռքերը լվանում ենք հնարավորինս երկար, ընթացքում օճառով մանրակրկիտ ու հանգամանալից հարում ենք բոլոր հատվածները, մատները, մատների միջև ընկած տարածքը, եղունգներին մոտ գտնվող կետերը, իսկ ձեռքերը պարզաջրելուց հետո ծորակին ու շրջապատին հնարավորինս չենք դիպչում։ ԱՀԿ-ն, օրինակ, խորհորդ է տալիս լվացվել փռշտալուց կամ հազալուց հետո, հիվանդի մասին հոգ տանելիս, սնունդ պատրաստելուց առաջ, ընթացքում և հետո, ուտելուց առաջ, զուգարանից դուրս գալուց հետո, կենդանիների հետ չփվելուց կամ դրանց հետևից հավաքելուց հետո։ Մի խոսքով՝ միշտ։

Փարթիների, ընկերներին տեսնելու և ակտիվ կյանքից հետ չընկնելու մասին

Լսե՞լ եք անգլերեն FOMO հապավումը։ Նշանակում է «ինչ-որ բան բաց թողնելու կամ ինչ-որ բանից հետ ընկնելու վախ» (fear of missing out): Սա ուղղակի, ի գիտություն։ Սոցիալական հեռավորություն պահպանելը հենց այնպես չէ մտածված, ու դա վիրուսի տարածումը դանդաղեցնող ամենակարևոր քայլերից է։ Ուղղակի հիշեք՝ հատկապես բարձր ռիսկ են պարունակում փակ տարածքները, որտեղ մարդիկ ժամերով շնչում են շրջանառվող նույն օդը։ Տանը կամ այլ փոքր փակ տարածքներում հավաքվելը «հրաշալի» հնարավորթյուն է ասիմպտոմ վիրուսակրին՝ մյուսներին վարակելու, իսկ մյուսներն էլ՝ ուրիշներին, ու այդպես շարունակ։ Խելամիտ լինելը մեր ձեռքերում է, որոնք, շատ ճիշտ եք՝ պետք է հաճախ լավանալ։

Պապիկ-տատիկներին կարոտելու և ռիսկային խմբի մասին

Նույնիսկ երբ սկսեք կանոնավոր կերպով տնից դուս գալ, փորձեք խուսափել տատիկ-պապիկներին գրկելուց ու ռիսկային խմբում գտնվողների հետ շփումից։ Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակելն ամենաքիչը մեկուկես տարի կտևի, ինչը նշանակում է, որ եղած միջոցներից ամենաարդյունավետը նրանցից որոշակի հեռավորություն պահպանելն է։

«Դրսում» հանգստի պլանների մասին

Մտովի արդեն որոշե՞լ եք, թե որ երկրներն եք այցելելու, երբ սահմանափակումները հանեն։ Մենք էլ, #բայցպետչի․ այստեղ ևս համբերություն է պետք։ Շատ ավիաուղիներ արդեն իսկ հայտարարել են, որ հուլիսից որոշ թռիչքներ են իրականացնելու, իռլանդական Ryanair-ը նույնիսկ դեպի Երևան ու Գյումրի ուղղություններով է տոմսեր վաճառում, իսկ հարևան Վրաստանը հուլիսի 1-ից պատրաստվում է միջազգային զբոսաշրջիկների ընդունել։ Բայց համաճարակային իրավիճակը փոխվում է ամեն օր, ու «դրսում» արձակուրդ պլանավորելը դեռ ռիսկային է։ Թռիչքների հնարավոր չեղարկումից բացի, արժե հիշել, որ կարող եք հայտնվել ինչ-որ երկրում, որը հենց նոր որոշել է երկիր ժամանողներին մեկուսացնել։

Հանրային տրանսպորտի անխուսափելիության մասին

Չնայած արդեն ամսից ավելի է, ինչ հանրային տրանսպորտը Հայաստանում չի գործում, մի օր այս համակարգը ևս վերագործարկվելու է։ Այստեղ սոցիալական հեռավորության հարցը փոքր-ինչ բարդ է, բայց մի քանի քայլ, այնուամենայնիվ, խրախուսվում է։ Օրինակ՝ խուսափել հեռախոսին դիպչելուց։ Սա էլ մի ուրիշ բարդություն է՝ հաշվի առնելով մեր սովորությունները, բայց մասնագետները խորհուրդ են տալիս տրանսպորտից օգտվելիս հեռախոսը դնել այն գրպանում կամ պայուսակի այն հատվածում, որտեղ այն սովորաբար չի լինում։ Եթե ձեզ մոտ կանգնած/նստածներից որևէ մեկը փռշտում կամ հազում է, աննկատ տեղափոխվեք մեկ այլ հատված։ Հնարավորության դեպքում աշխատանքից մի փոքր շուտ կամ ուշ դուրս եկեք, որպեսզի խուսափեք ամենածանրաբեռնված ժամերից։ Մի սնվեք հանրային տրանսպորտում, պայուսակը գետնին կամ այլ մակերեսներին մի դրեք, իսկ դուրս գալուց անմիջապես հետո ախտահանեք ձեռքերը։

Պաշտպանիչ ձեռնոց կրելու ու, միևնույն է, հաճախ լվացվելու մասին

Այս հարցը հաճախ է թյուրըմբռնումների առիթ դառնում, քանի որ շատերն են ձեռնոց կրում ու մի կողմ դնում անվտանգության կանոնները՝ մոռանալով, որ ձեռնոցը ևս կարող է վիրուս «հավաքել» ու տարածել։ Ձեռնոց կրելն իմաստ չունի, եթե ամեն անգամ ինչ-որ բանի դիպչելիս չեք լվացվելու։ Պատկերացրեք՝ ձեռնոցով նստում եք տաքսի, դիպչում եք մեքենայի դռանը՝ ներսից ու դրսից, վճարում եք վարորդին ու, միգուցե, վերցնում մանրը, իսկ այդ ընթացքում արդեն հասցրել եք զբաղվել հեռախոսով, որը քիչ անց մոտեցնելու եք դեմքին։ Ուստի ձեռնոց կրելիս Ձեզ պահեք այնպես, ինչպես առանց ձեռնոցի՝ մի դիպչեք դեմքին կամ դիմակին, ընդհանուր օգտագործման իրերի հետ շփումից հետո պարտադիր լվացվեք (կամ գոնե ախտահանեք ձեռքերը), ձեռնոցը հանեք ճիշտ՝ ներսի կողմից դուրս, իսկ նոր ձեռնոց հագնելուց առաջ պարտադիր լվացվեք։ Ու հետո նորից լվացվեք, ու նորից, ու մի հատ էլ։

Դիմակի մասին

Մայիսի 25-ից Հայաստանում տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր կդառնա։ Համաճարակի բռնկման դեռ ամենասկզբից մասնագետներն ասում էին, որ դիմակ կրելը կանխում է վիրուսի տարածումը, գոնե երբ արդեն վարակվածներն են կրում։ Ուստի մարդամեջ դուրս գալիս պետք է մտածենք նախևառաջ մեր ու մեր հարազատների առողջության մասին, և չսահմանափակվենք միայն դիմակ կրելով։ Ի դեպ, դիմակը դեմքին «հարմարեցնելուց» առաջ ևս պետք է երկար լվացվել։

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---