Մհեր Մկրտչյան

Մհեր Մկրտչյան

Ժպիտով լուրջ բաներ ասողը

Մհեր Մկրտչյանը ծնվել էր դերասան լինելու համար: Այդ մասին պարբերաբար տարբեր տարիների ասել են ականավոր դերասաններ ու այլ գործիչներ, հանդիսատեսը ևս երբեք չի կասկածել՝ Ֆրունզիկի տեղը բեմն էր:

PanARMENIAN.Net - Գյումրեցի դերասանին պաշտում էին ինչպես ամբողջ Խորհրդային Միությունում, այնպես էլ այսօր՝ չէ որ նրա մասնակցությամբ ֆիլմերը կարելի է պարբերաբար վերանայել առանց հոգնելու: Այս տարի լրանում է նրա 90-ամյակը, ինչի առթիվ PAN Photo-ն այցելել է Գյումրիում գտնվող Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան՝ հին ու նոր նմուշներին ծանոթանալու, իսկ PanARMENIAN.Net ը հավաքել նրա հուշերն ու մեջբերումները՝ Ֆրունզիկին մի քիչ ավելի լավ ճանաչելու համար: Առաջիկա օրերին մի քանի նյութով կներկայացնենք այն ամենը, ինչ պատրաստել ենք:

- Առանձնակի մի կենսագրություն չունեմ… Ծնվել եմ մշեցու ընտանիքում… Հայ մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի մոտ էի։ Դիմանկարս նկարելիս հարցրեց. «Որտեղացի՞ ես, Մհեր»։ Պատասխանեցի. «Հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ես ծնվել եմ Լենինականում, որտեղացի՞ կլինեմ»։ Վարպետը մտածեց,մտածեց և ասաց. «Ա՛յ տղա.դու իսկական երևանցի ես…»։

Հայ մարդու ճակատագիր է։ Հայրս ու մայրս Եղեռնից մի կերպ են փրկվել։ Որբեր են եղել՝ դաժան ու սարսափով լի մանկություն ապրած։ Մի անգամ, մի քարի ետևում թաքնված ականատես են եղել, թե ինչպես ինչ-որ բեղավոր մարդիկ եկել ու մորթել են երկու սայլ մարդկանց, տասներկու սարվորների… Այդ վախն ու սարսափը նրանք իրենց հետ տանում էին ամբողջ կյանքում։

- Մորս մասին խոսելը դժվար է, դա նույնն է, թե ինձ նկարագրեմ։ Ինչ որ լավ բան կա մեջս՝ մորս է, ինչ որ պակաս ու թերություն կա՝ նույնպես մորս է։ Ինձ համար կյանքում եղած հրաշքների, գեղեցկությունների, զանազան հիանալիքների մեջսիրելուց ու հիանալուց բարձր է Մայր երևույթը։

- Եթե փոքր եղբայրս, ես տասնյոթ էի, նա՝ տասը, ինձ ոտքով խփում էր, մորս սիրտը ճաքում էր, հարձակվում էր փոքր եղբորս վրա, թե՝ տղիս ձեռք չտաս։ Ասում եմ՝ «մամա, ես եմ մեծը», նա մեծ չէր հասկանում՝ մեծ-փոքր չկա, իմ երեխեն է։ Պստիկ էի, լողացնելիս որ ջուրը գլխիս էր լցնում, միշտ ասում էր՝ «Հիսուս Քրիստոս», որ երեխան չվախենա։ 40 տարեկան է, լողանում էի, եկավ, որ լողացնի, ջուրը որ բացեց, ասաց. «Հիսուս Քրիստոս», որ ես չվախենամ։ Նրա համար երեխան միշտ երեխա էր։

- Երբ առաջին անգամ ակումբի բեմն եմ բարձրացել, երեխա էի՝ 13-14 տարեկան։ «Նամուս» ներկայացման մեջ Ռոստոմի ծառայի փոքրիկ դեր ունեի՝պիտի մտնեի բեմ, նայեի չորս կողմ, տերս կանչեր ու գնայի։ Երբ ներս մտա, ժողովուրդը ծիծաղեց, չգիտեմ՝ ինչու ծիծաղեց, մինչեւ հիմա էլ չգիտեմ՝ ինչի համար էր ծիծաղում։ Աշխատում եմ ինքս իմաստավորել այդ ծիծաղը։ Երբ ծիծաղը կտրվեց, լռության մեջ լսեցի բարձր մի ձայն. «Վայ, աման էդ իմ տղեն է»։ Տարիներ անցան, արդեն մեծ էի, փոքր եղբորս հետ «Գիքոր» ներկայացման մեջ էինք խաղում։ Ես՝ Բազազ Արտեմ, ինքը՝ Գիքոր։ Երբ սկսեցի Գիքորին ծեծել, տեսնեիք մորս. մի վեց հոգի հազիվ էին բռնել. «Անպետք ինչի ես էդ երեխուն ծեծում, բաց թող երեխին». Ասին՝ Սանամ, էն էլ է քո տղեն, հանգստացավ՝ աման, էդ իմ Ֆրունզն է, թող ծեծի։

- Հիվանդանոցում ասացին, որ պիտի վիրահատեն (մորը,- խմբ.)։ Վիրաբույժին հարցրեց. «Դուք գիտեք ես ով եմ, ես Ֆրունզիկ Մկրտչյանի …»։ «Գիտենք, գիտենք»։ Վիրահատեցին։ Մի օր միջանցքում կանգնած եղբայրս բղավեց. «Ապեր, արի, մաման հայացքով քեզ է փնտրում»։ Ես գնացի ու առաջին անգամ տեսա նրա մազերը արձակած, պարզվեց՝մազերը գանգուր են։Մաշկը ավելի էր սպիտակել, շատ շատ գեղեցիկ էր։

Փնտրեց ինձ տեսավ, նայեց երկար, բազմիմաստ ծպծպացրեց ու աչքերը փակեց։ Ինձ թվաց, թե միտքն այն էր, թե առանց ինձ ինչ պետք է անես։ Մի քիչ էլ վատ բան մտածեցի. «Այ տղա, բա ես կարծում էի՝ դու ամենազոր ես, ես գնում եմ»։ Ու գնաց։ Հիշեցի, որ մորս երբեք չեմ համբուրել, ում ասես համբուրել եմ, իսկ մորս՝ ոչ…

Երբ մայրս հեռացավ, եկանք տուն, ես սգում էի, Պարույր Սևակն էլ միշտ հետս էր, ինչ-որ բանի վրա ես սկսեցի արտասվել. Պարույրը ականջիս ասաց. «Մի արա»։ «Ինչո՞ւ»։ «Ամբողջ կյանքդ հուզվելու ես»։ Մայրն այնպիսի բան է, որ մինչև կյանքիդ վերջը հիշելուց պիտի հուզվես։ Հիմա, երբ ինձ մի վատ բան է լինում, մի բան չի ստացվում՝ անհաջողություն, դժբախտություն, ես գիտեմ, որ ինքը տեսնում է, ու անմիջապես մի ուրիշ լավ բան է լինում։ Ես գիտեմ, որ նա միշտ ինձ հետ է, մենք միշտ միասին ենք։

- Ամեն մարդ կյանքում իր երազանքն ունի։ Բայց ամենավառ երազանքները կապված են մանկության հետ, սակայն մանուկները չեն երազում, մանուկները ուզում են։ Ես էլ էի ուզում, գիշեր-ցերեկ ուզում էի… Ես պատրաստ էի ամպի չափ բան տայի, միայն թե մի հատ հեծանիվ ունենայի… էլ ինչ մանկություն առանց հեծանիվի։ Եվ երբ վերջապես ինձ խելոք պահելուց տանջահար էի եղել, ինձ խոստացան, որ երազանքս կգնեն։ Ահա և հանդիսավոր օրը, մեր ողջ ընտանիքը, Սանամի գլխավորությամբ, որը հագել էր իր տոնական զգեստը, ճանապարհ ընկավ դեպի խանութ։ Առջևից գնում էր մայրսմ ետևից ես՝ նայելով ձեռքի պայուսակին, խորհելով՝ կհերիքի՞ նրա մեջ եղած ամբողջ գումարը։ Իմ ետեւից գալիս էին քույրերս ու մեր բակի բոլոր երեխաները՝ փոքր եղբորս՝ հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ։ Նա, երբեմն առաջ ընկնելով, քծնանքով նայում էր աչքերիս եւ աղերսում. «Ապեր,հեծանիվդ կտա՞ս քշեմ»: Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի սիրում ավելորդ խոստումներ։ «Ապեր, հեծանիվդ կտա՞ս քշեմ»,- կրկնում էր եղբայրս։ «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան»,- ռուսերեն կրկնում էր բարձրախոսը՝ պատերազմն էր։ «Ապեր հեծանիվդ կտա՞ս քշեմ»: «Խոսում է Մոսկվան, խոսում է Մոսկվան», եւ այսպես չորս ու կես տարի շարունակ…

- Մեծ եմ, ամենատարբեր քաղաքներից տուն վերադառնալիս ես բերում եմ տղայիս համար գույնզգույն հեծանիվներ։ Որդիս, մի պտույտ անելով, մի կողմ է նետում և, վերցնելով ատրճանակը, դուրս է թռչում՝ կռիվ-կռիվ խաղալու։ Մնում եմ ես ու իմ հեծանիվը։ «Ապեր, հեծանիվը դե քշի, է՛»։ Մի օր ես նստեցի … և վրեժս լուծեցի, թեպետ մարդուն ամեն ինչ ժամանակին պետք է տրվի։

- Ամեն անգամ, երբ խոսք է բացվում իմ կորած մանկության մասին, այն ներկայանում է ինձ հեծանիվ քշող փոքրիկ տղայի կերպարով… Խաղալիք չեմ ունեցել, մեղավորը պատերազմն էր։

- Ես տեսքիս մասին սեփական կարծիք ունեմ։ Մի օր մեծ հանդիպման ժամանակ ինձ հարց ուղարկեցին. «Դուք վատ չե՞ք զգում, որ Ձեր քիթը մեծ է»: Երկտողը բարձրաձայն կարդացի ու ասացի. «Այ, ձեր՝ ամբողջ սրահի քթերը փոքր են։ Դուք շատ եք և ձեզ թվում է, որ դա է գեղեցիկ։ Պատկերացրեք. որ բոլորդ մեծ քթեր ունենայիք. իսկ ես՝ փոքր, ի՞նչ այլանդակ բան կլիներ…»։ Դերասանների քիթը, աչքերը, երեսը, մարմինը. ձայնը՝ այս ամբողջը գործիքներն են աշխատանքի, որոնք չի կարելի թաքցնել, այլ հարկավոր է ճիշտ օգտագործել։

- 45 տարի անց մի անգամ Լենինականում էի …Իմ ընկերները և երկրպագուները հրավիրեցին ճաշկերույթի։ Ասացի. որ շտապ գործ ունեմ, ուշ կգամ։ Մեքենա նստեցի ու քշեցի դեպի… մանկությունս… Ճաշարանը նույնն էր մնացել՝ ցանցը, պատռվածքը, նույն հարկի պատուհանի գոգն էր, բայց արդեն մաշված։ Ապշելու բան, տեսա պատուհանը, ուր ես բարձրանում էի. և ես՝ արդեն հայտնի դերասան ծեծեցի ապակին։ Հրավիրեցին ներս, չէ՝ ասացի, ձեռքս խոթեցի անցքից ու հարցրեցի. «Կճեպով կարտոֆիլ ունե՞ք»։ Եվ, զարմանալի բան, բերեցին։ Վերջին տարիներիս ամենահամով ուտելիքն էր։ Երբ միացա ընկերներիս հավաքած ճաշատեսակներով լի սեղանի շուրջը, մտածեցի՝ «Այսքան էլ անհամ կլինեն ուտելիքները»։

- Չգիտես ինչո՞ւ մարդուն հանդիպելիս նրան միշտ պատկերացնում եմ երեխա, աշխատում եմ նրա մեջ տեսնել մանկականը, մաքուրն ու զուլալը։ Զարմանալիորեն չեմ կարող պատկերացնել, որ կարելի է այս կամ այն երեխային չսիրել, որքան էլ նա տարօրինակ լինի, չար ու խենթ։ Երեխաներին պարզապես պետք է ընդունել և վերջ։

- Շեքսպիրն ասել է . «Բոլորս գիտենք, թե մենք ով ենք, բայց մեզանից ոչ մեկը չգիտի, թե ով կարող էինք դառնալ»։ Ես դարձա դերասան։

Ես շատ եմ սիրում իմ արվեստը։ Ես այս ձեզ ասում եմ այնպես,ինչպես գաղտնիքը կասեին, որովհետեւ բոլորիդ հայտնի է, որ սիրածի մասին չեն խոսում։ Շատ, շատ եմ սիրում, և իմ երջանկությունը այն է, որ գոնե մեկին պիտանի եմ։

- Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։

- Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքեր։

- Դերասանի մասնագիտությունից ավելի քաղցր, ավելի հաճելի, ավելի դժվար, ավելի դաժան բան չկա, բայց կրկնում եմ՝ ավելի քաղցր:

Լուսանկարները՝ Վահան Ստեփանյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---