Ուղեցույց

Ուղեցույց

Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից

Սահմանային լարվածությանը զուգահեռ, որպես կանոն ինտենսիվանում է նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների ու կամավորական հաքերային խմբերի մեդիապատերազմը հայկական լսարանի դեմ:

PanARMENIAN.Net - Նպատակը լսարանի ապակողմորոշումն ու պանիկայի սերմանումն է: PanARMENIAN.Net ը պատրաստել է հակիրճ ուղեցույց՝ բացատրելու, թե ինչպես խուսափել մեդիածուղակներից սահմանային լարվածության աճի օրերին:

Իրական և «ֆեյք» լուսանկարներ

Իրավիճակի սրման ժամանակ համացանցը հաճախ հեղեղվում է որպես «հայկական կորուստներ» ներկայացվող, այլ պատերազմներում զոհված զինվորների աճյունների, նախկինում արված կամ այլ վայրերում տեղի ունեցած մարտերի լուսանկարներով: Դրանց իսկությունը ստուգելու համար բեռնեք լուսանկարը համակարգիչ, այնուհետև՝ որոնեք Google Image Search-ի միջոցով: (Chrome-ում վերոնշյալ գործառույթն առկա է մկնիկի աջ կոճակի մեկ հպմամբ՝ Search Google for this Image անվանման տակ): Եթե արդյունքներում տեսնեք տվյալ ամսաթվից առաջ արված թեկուզ մեկ լուսանկար, ապա գործ ունեք նախկինում ֆիքսված փաստը կամ այլ վայրում արված լուսանկարը նորության տեղ հրամցնելու հետ:

Իսկական և «ֆեյք» տեսանյութեր

Տեսանյութի իսկությունը ստուգելն ավելի դժվար է: Եթե այն տեղադրված է YouTube-ում, հարկավոր է պատճենել դրա լինքը, տեղադրել այն YouTube Data Viewer-ում ու որոնել: Կայքը ցույց կտա տեսանյութի օրիգինալը՝ երբեմն նաև նկարահանման տեղի ու ամսաթվի մասին տեղեկությամբ: Կրկին, եթե տեսանյութն արված է հին ամսաթվով՝ գործ ունեք կեղծիքի հետ:

Եթե տեսանյութը տեղադրված է գովազդով գումար վաստակող կայքերից մեկում, չարժե վստահել դրանց ամպագոռգոռ վերնագիրներին. նրանց եկամուտի աղբյուրը դիտումների քանակն է, ուստի շատ հավանական է, որ տեսանյութն արվել է այլ վայրում, և այժմ որպես նորություն է ներկայացվում: Youtube Data Viewer-ը չունի նման կայքերի տեղեկությունը ստուգելու հնարավորություն: Սակայն, կարելի է պատճենել էկրանի պատկերը (Screenshot-ի միջոցով) ու փորձել ստուգել դրանց իսկությունը՝ լուսանկարների համար նկարագրված մեթոդով:

Ադրբեջանական մամուլ

Չարժե վստահել բացարձակապես ոչ մի ադրբեջանական կայքի հայտնած տեղեկությանը, հատկապես, հաշվի առնելով, որ վերջին մի քանի տարիների ընթացքում հարևան երկրում արտասահմանյան, անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների ցանցը հիմնովին ջախջախվել է: Բացի այդ, համացանցում առկա են հայկական կամ ռուսաստանյան կայքերի անվան տակ գործող, իրականում՝ ադրբեջանական կայքեր: Նման կայքերի ցանկն առկա է մեդիափորձագետ, ՏՏ-անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի բլոգում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Հայկական ընթերցվող ԶԼՄ-ների ֆեյսբուքյան հարթակներում այս օրերին, հասկանալի պատճառներով, մեկնաբանությունների տարափ է սկսվում: Նրանց մեջ կարող են հանդիպել հայկական տասնյակ կամ հարյուրավոր զոհերի, գրավված տարածքների մասին «թարմ», «վստահելի», «սեփական աչքով տեսած» կամ «բարեկամի հայտնած» տեղեկություններ: Վստահել, առավել ևս՝ տարածել նման տեղեկատվությունը չարժե. նման մեկնաբանությունների թիրախն ու գլխավոր հաշվարկը հենց խուճապ ստեղծելն է:

Մեկ կայքում հայտնված տեղեկատվություն

Նախկինում գրանցվել են նաև ադրբեջանական ցանցահենների կողմից հայկական որևէ մեկ վստահելի կայք կոտրելու ու խոշոր զոհերի կամ տարածքներ կորցնելու մասին տեղեկություններ տեղադրելու դեպքեր: Եթե հանդիպում եք զոհերի, վիրավորների, տարածքային կորուստների մասին տեղեկատվության ընդամենը մեկ կայքում կամ ընդամենը մեկ կայքի վրա արված հղմամբ, հավանաբար, գործ ունեք ոչ թե էքսկլյուզիվի, այլ հաքերային գործողության արդյունքի հետ: Նույնը հատկապես ակտուալ է որևէ պաշտոնատար անձի վրա հղմամբ հայտնված տեղեկատվության դեպքում. ԼՂՀ ՊԲ-ն և ՀՀ ՊՆ-ն տեղադրում են կորուստների մասին տեղեկությունն իրենց կայքերում՝ Mil.am և Nkrmil.am-ում, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ, իր հերթին, օպերատիվ տեղադրում է նման տեղեկությունը նաև իր ֆեյսբուքյան էջում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
Ինչով փոխարինել հայտնի հավելվածը
Հայերը բժշկի գործը թեթևացնող գործիք են ստեղծում
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ «Չսմարթֆոնները» ևս չեն կարող անվտանգ համարվել

Փորձագետ․ «Չսմարթֆոնները» ևս չեն կարող անվտանգ համարվել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
Որքան արժե «հայկական ուղեղը» ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
3D մոդելավորման կենտրոններ` հեռավոր համայնքներում Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները