«Վանքերից բացի նաև բերդեր ենք կառուցել»

«Վանքերից բացի նաև բերդեր ենք կառուցել»

Հայաստանը՝ 150-ից ավելի ամրոցի երկիր

«Կորոնատարին» ծանր է բոլորի համար, հատկապես՝ զբոսաշրջային ոլորտի, նաև հարակից ոլորտների ներկայացուցիչների: Չնայած դրան, համավարակը, կարծես, դրական կողմ էլ ունի [եթե կարելի է այդպես ասել]. փակ սահմանների պայմաններում մեր հայրենակիցները սկսել են բացահայտել Հայաստանի գեղեցիկ և պատմական վայրերը:

PanARMENIAN.Net - Եվ եթե արտերկրից ժամանած զբոսաշրջիկներին շատ հաճախ ցույց են տալիս Հայաստանը միևնույն ամենահայտնի ուղով՝ Գառնի-Գեղարդ, Սևանա լիճ, Տաթևի վանք և Կասկադ, ապա հայաստանցուն այդ սիրված, բայց դեռ մանկուց անգիր արված վայրերով չես խաբի՝ մեզ պետք են Հայաստանի թաքնված գանձերը:

Այդ «գանձերի» մեջ, թերևս, մտնում են Հայաստանի բերդերն ու ամրոցները, որոնք «եկեղեցիների երկիր» տիտղոսին արժանացած ՀՀ-ում, կարծես, ավելի քիչ ուշադրության են արժանանում և պակաս հայտնի են:

PanARMENIAN.Net ը զրուցել է պատմական տուրերի վրա մասնագիտացված Hamshen Tour ընկերության տնօրեն Գևորգ Պետրոսյանի հետ և պարզել՝ քանի բերդ ու ամրոց կա ՀՀ-ում, ինչպես է թիմը գտնում նորերը և ինչ է արվում Հայաստանին բերդերի ու ամրոցների երկրի համբավը վերադարձնելու համար:

Պետք է փոխենք այն թյուր կարծիքը, թե հայերը բերդեր չեն կառուցել

Բերդավանի բերդը

«Հայաստանն իրոք զբոսաշրջային երթուղիների հարուստ ցանկ ունի, ընդ որում՝ մեր ոչ մեծ տարածքի համեմատ՝ շատ բազմազան ու կոնտրաստային։ Կորոնավիրուսը բերեց նրան, որ առավել շատ հայացք ուղղվի Հայաստանի ներսում շրջագայություններին։ Նույնը մեր ընկերության՝ Համշեն տուրի դեպքում պիտի ասենք։ Իհարկե, մենք շուկայում ի սկզբանե առանձնանում էինք նրանով, որ Արևմտյան Հայաստանի մասնագիտացած տուրօպերատոր էինք ու կենտրոնացած էինք գետի այն ափի մեր հայրենիքում պատմամշակութային, արշավային և լեռնագնացային տուրերի գործում։ Սակայն կորոնավիրուսի ստեղծած պայմաններում շատ արագ վերաորակավորվեցինք գետի այս ափի համար, ինչը, անկեղծ լինեմ, հրաշալի արդյունք է տալիս։ Այս դեպքում մեր տարիների փորձը բերեցինք Հայաստանի ներքին շուկա, ներքին տուրիզմն իր հերթին էլ ավելի բազմազան դարձրեց մեր երթուղիներն ու առաջարկները, մեր պատրաստվածության համար էլ սա քայլ առաջ կարող ենք համարել։ Ժամանակը ոչ միայն օգտագործեցինք Հայաստանի ներսում իրապես նոր ու թարմ ուղևորություններ առաջարկելով, այլև մեկնարկեցինք երկար խմորվող «Հայոց բերդերը և ամրոցները» մեր հատուկ նախագիծը», - ասում է Գևորգը:

Նրա խոսքով՝ նախագծի գլխավոր նպատակն է մեր բերդերի ճանաչելիության բարձրացումը։

«Մենք ունենք հարյուրավոր հրաշալի բերդեր, ամրոցներ, տարատիպ ամրություններ, որոնք ամենատարբեր ժամանակներից են մեզ հասել, ունեն խիստ տարբեր ճարտարապետություն, չափեր, նշանակություն, կառուցվածք, տեղադրություն։ Մեր խնդիրներից է, որ փոխենք այն թյուր կարծիքը, թե հայերը բերդեր չեն կառուցել։ Իրականում մենք դարերի և հազարամյակների ընթացքում կառուցել ենք հզոր և տպավորիչ բերդեր ու ամրոցներ, և մեր երկարաժամկետ նախագծի ընթացքում ներկայացնելու ենք մեր բոլոր բերդերը, կազմակերպելու ենք այցեր ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մասնագետների համար, ստեղծելու ենք բարձ որակի տեսանյութեր և լուսանկարների շարքեր, կարճ ասած՝ դարձնելու ենք մեր բերդերն ավելի ճանաչված», - պատմում է տուրօպերատորի տնօրենը:

Ասում է՝ արդեն անում են թվարկածը:

«Մեր հասարակությունում տարածված է այն միտքը, թե մենք մեր պատմության ընթացքում միայն եկեղեցի և վանք ենք կառուցել: Իրականությունն այլ է՝ մեր հոյակերտ եկեղեցիների, աննման վանքերի կողքին կառուցել ենք անառիկ ու տպավորիչ բերդեր։ Ընդ որում, մեր նախագիծն ընդգրկում է աշխարհագրական հսկա տարածք՝ մեզ հետաքրքիր են հայերի կառուցած և հայկական տիրապետության տակ եղած բոլոր բերդերը. Արցախից՝ Կիլիկիա, Համշենից՝ Միջագետք, ասել է թե՝ ամբողջ Հայկական լեռնաշխարհում և դրա սահմաններից դուրս», - նշում է Գևորգը, որը նաև թուրքագետ է:

Հայաստանում և Արցախում կա 150-ից ավելի բերդ ու ամրոց, ցուցակը դեռ լրացվում է

Դաշտադեմի ամրոցը

«Միայն ՀՀ-ում (ներառյալ Արցախը) ցուցակագրել ենք 150-ից ավելի բերդ և ամրոց, սակայն շեշտեմ, որ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, և թիվը կարող է ավելանալ։ Եթե կիկլոպյան ամրոցներն էլ ընդգրկենք, ապա պաշտպանական կառույցների թիվը զգալի ավելանում է։ Միայն Կիլիկիայի տարածքում մեր ցուցակագրած բերդերի թիվն անցնում է 150-ից։ Իհարկե, բերդերի մի մասը զգալի քանդված է, սակայն կան նաև բավական լավ վիճակում մեզ հասած բերդեր, հատկապես Կիլիկիայում դրանք լավ են պահպանված։ Հայաստանում էլ կան ոչ միայն վերջին տարիներին վերականգնված, այլև պատմությունից լավ վիճակում մեզ հասած ամրություններ։ Առաջիկա դաշտային աշխատանքների և դրանցում մասնագետների ներգրավմանը զուգընթաց սպասում ենք, որ բերդերի մեր ցուցակը զգալի կհամալրվի, ինչպես նաև ավելի կճշգրտվի և կհարստանա», - ասում է «Համշեն տուրի» տնօրենը:

Նա պատմում է, որ բերդերի ու ամրոցների ցուցակագրումը բավականին բարդ, բայց, միաժամանակ, շատ հետաքրքիր աշխատանք է, որն իրականացնում են իրենց թիմով: Ցուցակը համալրելու համար բերդերը գտնում են տարբեր աղբյութրներից՝ թե՛ պատմությանն առնչվող աշխատություններից, թե՛ տարբեր տպագիր և առցանց ռեսուրսներից։

«Իհարկե, մեծապես օգտվում ենք ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններից՝ սկսած քարտեզագրումից մինչ արբանյակային լուսանկարներ։

Ցուցակագրումը, իրականում, ավելի շատ սեփական ուժերով ենք անում, քանի որ հայկական բերդերի ընդհանրական ցուցակ չկա (կամ առնվազն մեր ձեռքի տակ չկա), թեև կան ըստ առանձին շրջանների ցուցակներ, որոնցից էլ փորձում ենք ստանալ ամբողջական ցուցակ մեր ընտրած աշխարհագրության համար», - նշում է Գևորգը:

Կիկլոպյան ամրոցների և ուրարտական բերդերի ճանապարհին

Դարոյնք բերդը

Բերդի մասին տեղեկություն գտնելը դեռ գործի կեսն է, անհրաժեշտ է նաև հասնել այդ բերդին, ինչն արդեն առանձին ու ոչ միշտ հեշտ գործընթաց է:

«Բերդերն ի սկզբանե կառուցվել են արդեն իսկ բնական անմատչելի վայրերում, հետևաբար, դրանց մի մասը դժվարամատչելի է և հաճախ բարդ քայլարշավ է պահանջում, սակայն մինչ այժմ մեր տեղորոշած բերդեր հաջողությամբ հասել ենք, ընդ որում՝ արդեն մի շարք բերդերում նաև մեր ուղեկցությամբ խմբեր են եղել։ Իհարկե, խոսքը դժվարամատչելի տեղադրությամբ բերդերի մասին է, որովհետև բազմաթիվ բերդեր անգամ հասանելի են մեքենաներով մոտենալու համար։ Մեր ուսումնասիրություններում և կազմակերպած զբոսաշրջային այցերում ուշադրության կենտրոնում ենք պահում երկու տեսակի բերդերն էլ», - պատմում է Գևորգը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ամենահին շերտի բերդերը կիկլոպյան ամրոցներն են, որոնց թվագրումը հասնում է Ք․ա․ երկրորդ հազարամյակի։

«Մենք ունենք նաև ուրարտական շրջանի բազմաթիվ բերդեր, վաղ և ուշ միջնադարի մեծաթիվ ամրություններ։ Կան բերդեր, որոնց տեղորոշման և անվան ճշգրտման կարիք կա։ Մենք սպասում ենք, որ սահմանները վերաբացվեն, և Արևմտյան Հայաստանում ու Կիլիկիայում մի քանի նման բերդեր մեր խոշորացույցի տակ են», - նշում է Գևորգը՝ խոստանալով պատմել ավելին, երբ նշված հարցում հստակ հաջողություն արձանագրեն:

Համշենի Զիլ ամրոցը

«Այս պահին աշխատանքներին ներգրավված է Համշեն տուրի թիմը, սակայն առաջիկայում նախատեսում ենք մեր աշխատանքներում ընդգրկել նաև ոլորտի մասնագետների, ինչը նոր մակարդակի կբարձրացնի մեր նախագիծը, և այն կդառնա ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գիտական ուղղվածության», - եզրափակում է ընկերության տնօրենը:

Լուսանկարները՝ Hamshen Tour

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---