«Ապագայի Ապագան»՝ հայ և թուրք արվեստագետների աչքերով

«Ապագայի Ապագան»՝ հայ և թուրք արվեստագետների աչքերով

Մաքուր արվեստի ու դրա շուրջ ուրիշ հարցերի մասին

Հայաստանի, Թուրքիայի և սփյուռքի արվեստագետները մինչև սեպտեմբերի 1-ն ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումներն արվեստի նախագծերի միջոցով կարող են ներկայացնել թուրքական «Անադոլու Քուլթուր» և «Գալուստ Գյուլբեկյան» հիմանդրամների «Ապագայի Ապագան» նախագծի շրջանակում։

PanARMENIAN.Net - Նախագծի գաղափարը մշակվել է Հայաստանից և Թուրքիայից համադրողներ՝ Մարինա Փափազյանի, Քեվսեր Գյուլերի, Արմեն Եսայանցի և Ռուբեն Արևշատյանի կողմից։

Արվեստագետների առաջարկած նախագծերը դիտարկելու է միջազգային հանձնաժողովը, ընտրված առաջարկները մտնելու են իրականացման փուլ, այնուհետև ներկայացվելու են հանրությանը՝ Հայաստանում, Թուրքիայում և եվրոպական որևէ երկրում (ամենայն հավանականությամբ՝ Պորտուգալիայում) կազմակերպված ցուցադրություններում։ Նախագիծը ենթադրում է նաև արվեստագետների միջև հանրային հանդիպումների և քննարկումների կազմակերպում։

PanARMENIAN.Net ը խոսել է Ռուբեն Արևշատյանի և Արմեն Եսայանցի հետ՝ «Ապագայի Ապագայի», դրա գլխավոր նպատակի ու առաքելության կարևորության մասին։

Ռուբեն Արևշատյանը՝ արտիստական տեսլականների հարթակ դարձած նախագծի մասին

Դիտարկման խնդիրը «ապագան» է, դրա ընկալումը, դրա մասին տեսլականները գլոբալ առումով, դիտարկված աշխարհի ներկայիս ծայրահեղ բարդ և դրամատիկ զարգացումների տրամաբանության ներքո։ Երբ համադրողներով դիտարկում էինք նախագծի համար անվանումներ, տարբերակներից մեկը «Ապագայի բացակայության ապագայի մասին» էր (On Future of No Future), որը, իհարկե, շատ հոռետեսական էր հնչում։ Սակայն երբ հարաբերում ենք այն այսօրվա աշխարհում կամ մեր իսկ տարածաշրջանում օր օրի սաստկացող հասարակական, ներքաղաքական, աշխարհաքաղաքական բևեռացումների, ընթացող պատերազմական գործողությունների և աճող ռազմատենչ հռետորաբանության, ցեղասպանությունների, ռասիզմի, ազգայնամոլական և ֆաշիստական գաղափարբանությունների նոր դրսևորումների, գաղութարարական և կայսերապաշտական դիսկուրսների վերակենդանացման և արդարացման միտումների հետ (որոնք թվում էր, թե 21-րդ դարի մարդկության համար արդեն վաղուց փակված էջեր պետք է լինեին), խոսակցությունն ապագայի մասին դառնում է պարզապես անհեթեթ։

Այդ տրամաբանությամբ իրականությունը դատապարտված է մնալ անցյալի դառը փորձի և մարդկության համար ողբերգական փորձառությունների ցիկլայնության մեջ՝ առաջ քաշելով ապագայի վերաբերյալ նախաարդիական ժամանակաշրջանի ճակատագրապաշտական պատկերացումները։

Հայ-թուրքական հարաբերությունների պարագայում այդ խնդիրն ավելի է բարդանում՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների թե՛ ցավագին անցյալը, թե՛ խնդիրներով լի ներկան։ Ներկայիս Թուրքիայի իշխանության վարած ռազմատենչ, կայսերապաշտական նկրտումերով տոգորված ագրեսիվ քաղաքականությունը շանտաժի և տեռորի է ենթարկում ոչ միայն տարբեր երկրների՝ հրահրելով կոնֆլիկտներ և վարելով ռեալ պատերազմական գործողություններ, այլև կիրառում է նույն լեզուն ու մեթոդները սեփական հասարակության նկատմամբ։

Արմեն Եսայանցը՝ արվեստի ու սահմանափակումների և այն մասին, որ հայ-թուրքական մրցույթը արվեստային նախագիծ է

Պատմությունը ցույց է տալիս, որ արվեստագետներին սահմանափակելը ոչ մի լավ բանի չի բերում․ նրանք, ովքեր կդիմեն այս բաց մրցույթին, ազատ են ցանկացած նախագիծ ներկայացնելու, մենք էլ ազատ ենք ընտրելու՝ ինչ նախագիծ կցանկանանք։ Հանրության շրջանում նման նախաձեռնությունները խնդրահարույց են շատ դեպքերում «հայ-թուրքական» բառակապակցության պատճառով։ Արդյունքում, մարդիկ ավելի շատ կենտրոնանում են այդ կոնկրետ դետալի վրա, և արդեն անկախ նրանից՝ ինչ ծրագիր է դա, միշտ կլինեն որոշակի մանիպուլատիվ հարցեր ու հայտարարություններ, որոնք շեղում են ուշադրությունը մրցույթի բուն բովանդակությունից, խեղաթյուրում նպատակն ու արդյունքում ստանում ենք որևէ հիմնավորում չունեցող, զուտ հուզական քննադատություն։ Սա հատկապես սուր է վերջին շրջանի հասարակական ու քաղաքական որոշակի զարգացումների ֆոնին։

Փորձում ենք բացառել նման մոտեցումն այս նախագծում, մեր նպատակն է հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում ապագան: Մենք չենք կարող խուսափել այն փաստից, որ, ամեն դեպքում, նույն տարածաշրջանում ենք ապրում։ Միաժամանակ, ավելի լայն շրջանակ ունեցող հարցեր ենք ուզում շոշափել ու տեսնել, թե այստեղի ու այնտեղի արվեստագետները գլոբալ զարգացման, ապագայի հետ կապված ինչ մտքեր կարող են ունենալ, և այդ մտքերն ինչպիսի գեղարվեստական արտահայտություն կարող են ստանալ ժամանակակից արվեստի համատեքստում՝ տարաբնույթ մեդիաների միջոցով։

Երբ զբաղվում ես նման նախագծով, պետք է հաշվի առնես նաև ռիսկերը։ Այո, մեզ ևս որոշ քննադատություններ հասել են, բայց դրանք հիմնականում կարծես ավելի շատ էմոցիոնալ բնույթ են կրում․ ամեն դեպքում ուզում եմ հավատալ, որ այդպես է։ Մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչով է զբաղվում «Անադոլու Քուլթուրը», «Գյուլբենկյան» հիմնադրամը, ծանոթ են համադրողներին ու համակարգողներին, հուսամ զերծ կմնան մանիպուլատիվ մեկնաբանություններից, որովհետև այս մրցույթը մաքուր արվեստային նախագիծ է։ Ովքեր էլ չգիտեն, հեշտությամբ կարող են ծանոթանալ բոլոր մանրամասներին և ինքնուրույն եզրակացություն անել։ Հուսամ՝ ծրագիրն իր բովանդակությամբ կչեզոքացնի նմանատիպ քննարկումները, քանի որ, ինչպես ասում են՝ «պետք չէ փնտրել սև կատու մութ սենյակում, հատկապես, եթե այն այդտեղ չէ»։

Ռուբեն Արևշատյանը՝ ժամանակակից Թուրքիայում արվեստի գործիչների դեմ հալածանքների և նախագծի հասցեին հնչած մեղադրանքների մասին

Ես ականատես եմ եղել Ստամբուլում ժամանակակից արվեստի հանրային քննարկումների ժամանակ թուրք ազգայնականների կողմից ագրեսիվ միջամտությունների, մեղադրանքների, սաբոտաժի փորձերի։ Եղել էին նաև դեպքեր ժամանակակից արվեստի ցուցասրահների վրա հարձակումների։ Առաջ քաշվող մեղադրանքների բովանդակության սպեկտրն այսպիսին էր՝ «ազգային արժեքների խարխլում», «արևմտյան արժեհամկարգի սերմանում», «օտարերկրյա գործակալների կողմից մշակութային դավադրությունների կազմակերպում» և այլն։

Տարիներ շարունակ Թուրքիայի առաջադեմ մտավորականությունը, հասարակական գործիչները, արվեստագետները ենթարկվում են հալածանքների, մարգինալացվում են, նույնիսկ հայտնվում են ճաղերի հետևում, սեփական պատմության, ներկայի և ապագայի վերաբերյալ այլ կարծիքներ հնչեցնելու համար։ Նույն «Անադոլու Քուլթուրի» հիմնադիր Օսման Կավալան արդեն գրեթե 3-րդ տարին է՝ բանտում է, առանց դատական որևէ վճռի։ Եվ նա միակը չէ, խոսքն այն ինտելեկտուալ համայնքի մասին է, որը 2000-ականների սկզբից ջանքեր էր գործադրում՝ փոխելու սեփական հասարակության գիտակցությունն ու ընկալումները, բացելու աչքերը սեփական անցյալի և ներկայի վրա։

Իհարկե հասկանում եմ, որ վերջին շրջանի սրումներն արդեն իսկ լարված հայ-թուրքական հարաբերությունների մեջ Հայաստանում կարող են պատճառ դառնալ հուզական ռեակցիաների՝ մանրամասներից անտեղյակ հանրության շրջանակում։ Սակայն տարօրինակ էր լսել մեղադրանքներ և բոյկոտի կոչեր մարդկանցից, ովքեր պետք է լավ իմանային «Անադոլու Քուլթուրի» և դրա հիմնադիր Օսման Կավալայի գործունեության մասին, նրա ներդրումից՝ ներկայիս Թուրքիայի տարածքում ապրած և ապրող հայերի, ինչպես նաև ազգային այլ փոքրամասնությունների խնդիրների ու պատմությունների արծարծման, համակարգի կողմից օգտագործվող քարոզչության դեմ այլ տեսակետներ ներկայացնելու ջանքերի, ու հենց այդ ջանքերի համար դատապարտվելու մասին։ Որքան էլ տարօրինակ չթվա, բայց այսօր «Անադոլու Քուլթուրի» և Օսման Կավալայի. իրենց հետ կապված արվեստագետների և ինտելեկտուալների մեծ, սակայն Թուրքիայում լուսանցքայնացված համայնքի գործունեության վերաբերյալ այսօր Հայաստանում հնչեցված կասկածներն ու մեղադրանքները կարծես կրկնակի հարված են հասցնում իրենց իսկ երկրում հալածանքի ենթարկվող գործիչներին։

Կարծում եմ՝ իրականում հենց մշակութային դիսկուրսն է, որն ունակ է ձևավորելու անցյալի, ներկայի և ապագայի միջև բարդ կապերին առնչվող նոր ընկալումներ, և եթե հակառակ կողմում կա գեթ մեկը, ով պատրաստ է մասնակցելու այդ դիսկուրսին, այն պետք է շարունակել՝ նույնիսկ քաղաքական առումով ամենալարված և ոչ բարենպաստ իրավիճակներում։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---