Սև ծովի հանքը՝ Թուրքիայի ձեռքում հաղթաքարտ ընդդեմ ՌԴ-ի

Սև ծովի հանքը՝ Թուրքիայի ձեռքում հաղթաքարտ ընդդեմ ՌԴ-ի

Ինչ կարող է դրանով անել

Օգոստոսի 21-ին Թուրքիան հայտարարեց, որ Սև ծովում 320 մլրդ խմ բնական գազ է գտել, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ լուրը որակեց «Թուրքիայի կյանքում նոր շրջան ավետող»․ դա երկրին թույլ կտա պահպանել իր ինքնիշխանությունը։

PanARMENIAN.Net - Ինչ առավելություններ է տալու նոր հանքը Թուրքիային, ինչպես է երկիրն այն օգտագործում քարոզչական նպատակներով և հարակից հարցերի շուրջ PanARMENIAN.Net ը զրուցել է վառելիքի շուկայի ուսումնասիրությամբ զբաղվող Արամ Խաչատրյանի հետ։

Նախ` 320 մլրդ խմ գազի հանքը խոշո՞ր թիվ է

Այո, ֆորմալ առումով այն կարելի է դասել խոշոր հանքերի թվին: Սակայն ճշգրիտ գնահատականի համար անհրաժեշտ է հասկանալ, թե այս պաշարների որ մասն է հնարավոր արդյունահանել ներկայիս տեխնիկական միջոցներով և ինչքանով է դա եկամտաբեր: Թուրքիան առայժմ պաշարների նման գնահատական (Recoverable Reserves) դեռ չի հնչեցրել, նշում է ուսումնասիրողը։

Սակայն այդ հանքի բեկումնային լինելը չափազանցված է։ Խոշոր գազի հանքերի տարեկան արդյունահանումը, որպես կանոն, կազմում է ընդհանուր պաշարների 1-3%-ը։ Կոպիտ հաշվարկով՝ 10 մլրդ-ն առավելագույնն է, որ տեսականորեն կարող է այդ հանքը տալ, ընդ որում շահագործման սկզբից առնվազն մի քանի տարի անց։ Մինչդեռ ամեն տարի Թուրքիան ներմուծում է 50 մլրդ խմ գազ։

Թերագնագատե՞լ հանքի նշանակությունը

Չարժե։ Այս հանքը ոչ միայն Թուրքիայի երբևէ գտած ամենամեծ հանքն է, այլև Սև ծովի ավազանում գտնված ամենամեծ հանքն է։ Եթե արդյունահանումը եկամտաբեր լինի, այն էապես կնվազեցնի Թուրքիայի ֆինանսական բեռն էներգակիրներ ձեռք բերելու հարցում։ Բայց չափազանցված է Էրդողանի պնդումը, թե Թուրքիան պատրաստվում է դառնալ էներգիայի արտահանող։

Էրդողանի բարձրացրած աղմուկը

․․․քարոզչական է, Խաչատրյանի գնահատականով:

Թուրքիան, ըստ ամենայնի, ուզում է Ռուսաստանին կամ Ադրբեջանին դրդել, որ գազի գինն իջեցնեն իրենց համար, որովհետև նույնիսկ եթե տարեկան 2-3 մլրդ խմ գազ արդյուհանեն Սև ծովի այս հանքից, կսկսեն այլ երկրներից քիչ ներմուծել։ Իսկ թե որ երկրներից՝ կպարզվի արդեն գազի գնի շուրջ բանակցությունների արդյունքում։

Բացի այդ, եթե Թուրքիան Միջերկրական ծովի վիճելի տարածքներում գազի հետախուզում իրականացնելու հարցում եվրոպացիների ճնշման տակ Հունաստանի կամ Կիպրոսի օգտին զիջումների գնա, դա իր ժողովրդին կարող է բացատրել սևծովյան «բեկումնային» այս հանքի ֆոնին միջերկրածովյան տեսական պաշարների աննշան և անէական լինելով: Չնայած այս տարբերակի օգտին, առայժմ ոչ մի արգումենտ չի խոսում, այնուամենայնիվ, սա էլ պետք չէ բացառել:

Թուրքիան աստիճանաբար վերացնում է ռուսական գազից կախվածությունը

Եվ այդ ճանապարհի քայլերից մեկը հանքի շուրջ աղմուկ բարձրացնելն է։ Մեր զրուցակիցը նկատում է, որ Թուրքիան վերջերս ձգտում է Ռուսաստանից քիչ գազ ներմուծել։ Էապես նվազել է ներմուծված գազի մեջ ռուսական գազի մասնաբաժինը` Ադրբեջանից ներմուծման ծավալների ավելացման և, առհասարակ, ներմուծված գազում հեղուկ գազի մասնաբաժնի ավելացման հաշվին։

Վերջին տվյալով՝ Ռուսաստանը Թուրիքայի՝ գազի ներմուծման մասնաբաժնով իր առաջին տեղը զիջել է Ադրբեջանին։ Խաչատրյանի խոսքով՝ սա էլ ժամանակավոր բնույթ ունի, համաճարակային ճգնաժամի պատճառով նվազած պահանջարկի հաշվին թուրքերը քչացրել են հենց ռուսական գազի ներմուծումը, սակայն շուտով պահանջարկը կրկին կաճի։

Խնդիրն այն է, որ Turkstream խողովակը կառուցելիս Ռուսաստանի և Թուրքիայի միջև պայմանագիր է կնքվել take or pay (թարգ.՝ «վերցրու կամ վճարիր») սկզբունքով, այսինքն՝ պայմանագրում սահմանվել է գնման նախնական ծավալ, որը Թուրքիան պարտավորվում է գնել, ավելի քիչ գնելը թուրքերին դրա համար վճարումից չի ազատում։

Խաչատրյանի խոսքով՝ շուտով ռուսների հետ բանակացություն կսկսեն այդ կետը պայմանագրից հանելու շուրջ։ Բացի այդ, ռուսները թուրքերի համար ատոմակայան են կառուցում, որը պատրաստ կլինի, երբ կսկսվի այս հանքի արդյունահանումը։ Մեր զրուցակիցը նշում է, որ ատոմակայանի գործարկմամբ նվազելու է թուրքերի՝ գազի պահանջարկը։ Բացի այդ, Թուրքիան գազ է ներմուծում նաև Իրանից․ եթե իսպառ հրաժարվի ռուսական գազից, հնարավոր է կարողանա ամերիկյան պատժամիջոցներից խուսափել և բարձրացնել Իրանից գազի ներմուծման ծավալները։

«Ամեն դեպքում իրենք ցանկություն ունեն ցույց տալու, որ կարող են առանց ռուսական գազի գոյատևելու։ Մի քանի տարի հետո, երբ ատոմակայանը պատրաստ լինի, կարողանան ավելացնել հեղուկ գազի և ադրբեջանական բնական գազի ներմուծման ծավալները, նոր գտած գազի հանքն էլ շահագործվի, այլևս տեսականորեն անհավանական չի լինի ռուսական գազից բացարձակապես հրաժարվելը»,- ամփոփում է Խաչատրյանը։

Նազենիկ Սարոյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Լիբանանը՝ պայթյունից 6 օր անց
Ադրբեջանի ԱԳՆ-ում ձերբակալություններ են
Բելառուսում ընտրությունները կարող են ավարտվել հեղափոխությամբ կամ արյունով
Նոր քաղաքականության ռիսկերն ու հնարավորությունները
 Ուշադրության կենտրոնում
Ահաբեկչություն՝ Վիեննայում․ Առնվազն 3 զոհ ու 15 վիրավոր կա, հարձակվողներն իսլամիստներ են

Ահաբեկչություն՝ Վիեննայում․ Առնվազն 3 զոհ ու 15 վիրավոր կա, հարձակվողներն իսլամիստներ են Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է

 Բաժնի այլ նյութերը
Ինչ դիտել շաբաթ-կիրակի 10 տեսանյութ, որ կլցնեն ձեր հանգստյան օրերը
Ձեր ուիքենդի bookmark-ը Ինչ դիտել շաբաթ-կիրակի
5 գիրք, որ լայքել է Մարկ Ցուկերբերգը Facebook-ի հիմնադրի գրադարանից