Ադրբեջանական նավթը՝ ԼՂ դեմ պատերազմում

Ադրբեջանական նավթը՝ ԼՂ դեմ պատերազմում

Socar-ը ֆինանսավորել է պատերազմը Շվեյցարիայից

Ադրբեջանի պետական Socar նավթային ընկերությունը, որի եկամտի երեք քառորդը գոյանում է շվեյցարական մասնաճյուղերից, կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի տարած հաղթանակում, գրում է շվեյցարական 24heures-ը։

PanARMENIAN.Net - Socar-ը Շվեյցարիայում ամենահայտնի նավթային ընկերություններից է, ամբողջ երկրի տարածքի մոտ 200 բենզալցակայանում վաճառում է վառելիք, շոկոլադ և կրուասան։ Ժնևում տեղակայված թրեյդինգային դուստր ընկերության միջոցով՝ Ադրբեջանի պետական ընկերությունը զբաղվում է համաշխարհային շուկայում ադրբեջանական նավթահումքի վաճառքով․ սա խաղաղ ժամանակ, իսկ սեպտեմբերի 27-ից Socar-ը ևս պատերազմել է, գրում է շվեյցարական 24heures-ը։

Ադրբեջանից ղեկավարվող ընկերության Facebook-ի էջից Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Հայաստանի դեմ ատելության խոսք է հնչեցվել՝ հորդորելով «կանգնեցնել հայկական ֆաշիզմն ու հայերի հարձակումը»։

Շվեյցարական լրատվամիջոցի վերլուծաբան Մարկուս Հեֆլիգերն իր հոդվածում նման բացահայտ մասնակցությունը զարմանալի է համարում։

«Հազվադեպ է պատահում, որ առևտրային որևէ ընկերություն մի գիշերում վերափոխվի պատերազմի գործիքի։ Հազվադեպ է նաև, որ օտարերկրյա պետական որևէ ընկերություն այսքան ամուր կապեր ունենա Շվեյցարիայի հետ։ Socar-ի եկամտի երեք քառորդը գոյանում է Շվեյցարիայում։ Ավելին, Socar-ը Շվեյցարիայում ավելի շատ եկամուտ է ստանում, քան Ադրբեջանում»,- գրել է նա։

Երկու առանցքային դուստր ձեռնարկություն՝ Շվեյցարիայում

2019-ին Socar-ի՝ $48 մլրդ-ի հասնող տարեկան հասույթի 76%-ը գոյացել է Շվեյցարիայում, 2018-ին այդ թիվը հասել է 84%-ի։ Այս եկամտի հիմնական մասը գոյանում է երկու դուստր ընկերությունից․ առաջինը Ցյուրիխում գործող «Սոկար Էներջի Շվեյցարիա» ՍՊԸ-ն է, երկրորդը՝ Ժնևում գործող և նավթային առևտրով զբաղվող «Սոկար Թրեյդինգն» է։

«Սոկար Թրեյդինգն» աշխարհում ադրբեջանական նավթի վաճառքով զբաղվող ամենամեծ ընկերությունն է և ունի մոտ 100 աշխատակից։

2019-ի տվյալներով՝ ընկերության հասույթը $36 մլրդ-ի է հասել։ Ըստ աղբյուրների՝ այդ ընկերությունն է ապահովում Շվեյցարիայում Socar-ի եկամտի 95%-ը։ Հետո «փողերը հոսում են» Բաքու։

Երկու դուստր ընկերությունները պատկանում են Ադրբեջանի կառավարության կողմից 100% վերահսկվող մայր ընկերությանը, իսկ Ադրբեջանի եկամտի 57%-ը գոյանում է նավթի վաճառքից։

«Այս երկնային մանանան հնարավորություն է տվել ստեղծել թուրքական ԱԹՍ-ներով և իսրայելական հրթիռներով զինված ժամանակակից բանակ։ 45 օր տևած պատերազմից հետո այս զենքերը թույլ տվեցին Ադրբեջանին հայերի դեմ հաղթանակ տանել և վերանվաճել ԼՂ-ի զգալի մասն ու հարակից շրջանները»,- եզրակացնում է հոդվածագիրը։

Ո՞րն է Socar-ի ներդրումն ադրբեջանական պատերազմում․ բացատրում է Բաքվում գործող վերլուծական կենտրոններից մեկի տնտեսագետ Գուբաթ Իբադօղլուն

«Ադրբեջանի բյուջեի մոտ 6%-ն առանց միջնորդի գոյանում է պետական նավթային ընկերությունից և շվեյցարական դուստր ընկերություններից։ Ավելին, պետեկամուտների 47%-ը գոյանում է նավթային պետական «Սոֆազ» հիմնադրամից»,- նշել է նա։

Մյուս կողմից «Սոկար Էներջի Շվեյցարիայի» ղեկավար Էդգար Բախմանը հայտարարում է, թե իրենք քաղաքականացված չեն։

«Socar-ը «շատ շվեյցարական» ընկերություն է և ոչ մի կապ չունի քաղաքականության հետ»,- ասել է Բախմանը։

Մի անմատչելի ընկերություն

Քիչ բան է հայտնի «Սոկար Թրեյդինգի» և «Սոֆազ» հիմնադրամի հարաբերություններից։ Ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել հարցը՝ արդյոք վաճառում են հիմնադրամի նավթը։

«Այս անթափանցիկությունը բնորոշ է Ադրբեջանի նավթային ոլորտին»,-նշում է Իբադօղլուն` խոսելով նաև կոռուպցիոն մեծ ռիսկի առկայության մասին։

«Թրասնփարենսի Ինթըրնեյշընըլ» հակակոռուպցիոն կազմակերպության կոռուպցիայի դասակարգման համաձայ՝ Ադրբեջանը 198 երկրի շարքում գրավում է 126-րդ տեղը։ 2017-ին Ադրբեջանը նաև դադարեցրել է իր անդամակցումն Արդյունահանող ընկերությունների թափանցիկության նախաձեռնությանը (Extractive Industries Transparency Initiative), որը պարտադրում է նավթարդյունաբերող երկրներին զեկույց հրապարակել իրենց շահույթի մասին։

Իբադօղլուի կարծիքով՝ Socar-ի ներսում ևս թափանցիկություն չկա։ 2019թ․ ընկերությունը հրապարակել է $650 մլն-ի շահույթի մասին տվյալներ, որն «իսկապես շատ քիչ է» $48 մլրդ եկամուտ ունեցող ընկերության համար։ Օրինակ, հայտնի չէ նաև, թե ինչ գնով է Բաքվի մայր ընկերությունն իր ժնևյան դուստր ընկերությանը վաճառում նավթը։

Շվեյցարիան՝ որպես փորձնական շուկա

Շվեյցարիան ադրբեջանական ընկերության համար փորձնական շուկա է, և այն շարունակաբար բազմազանություն է ներդնում ծառայություններում։ Այնուամենայնիվ, համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ թեև Socar-ի տարբերանշանը կրող 200 բենզալցակայանից գոյացած շահույթը համեստ է, «Սոկար Էներջի Շվեյցարիան» նույնպես իր շահույթները չի հրապարակում։

«Փոխարենը Բաքվում Socar-ը «հերոսացնում» է բանակում ներգրավված իր աշխատակիցներին։ Որոշ աշխատակիցներ նույնիսկ Socar-ի անունն են դաջել հայերից նվաճած տարածքների վրա։ Ռազմական մարտահրավեր հիշեցնող քայլ, որը հակասում է «շատ շվեյցարական ընկերություն» անվանը»,- եզրափակում է հոդվածագիրը։

Պատերազմից 2 օր անց՝ նոյեմբերի 12-ին շվեցարական Le Matin-ը հոդված էր հրապարակել այդ երկրի ու Ադրբեջանի ունեցած քաղաքական ու տնտեսական կապերի մասին։

Այստեղ ևս չեն մոռացել կապի գլխավոր հանգույցի՝ Socar-ի մասին։

«Կշնորհավորի՞ Շվեյցարիան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ տարած հաղթանակի համար․ հավանաբար՝ ոչ։ Բայց Բաքվի ղեկավարության հաղթանակն այս պատերազմում մասամբ նաև Շվեյցարիայի շնորհիվ է, որը 2000-ականների սկզբից այդ երկրի տնտեսական ու քաղաքական դաշնակիցն է, մասնավորապես՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ Socar-ի զարգացման կոնտեքստում»,- գրել էր լրատվամիջոցը։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---