Պարտության առաջին ամիսը

Պարտության առաջին ամիսը

Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից պատերազմի դադարեցման համաձայնությունից ու հայկական կողմի պարտությունից անցել է 1 ամիս: Այս ընթացքում ՀՀ-ում քաղաքական խմորումներ են եղել, ցույցեր, փոփոխություններ կառավարությունում և իշխանափոխության պահանջներ։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը թվերով հավաքել է ամենակարևորն ու հետաքրքիրը, ինչ եղել է երկրում պատերազմի դադարեցման համաձայնությունից ի վեր։

Էապես դանդաղել է զոհերի անունների հրապարակումը։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ՝ հայկական կողմից 1779 զոհված զինծառայողի անուն է հրապարակվել։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 2718 զոհված զինծառայողի մարմին է փորձաքննվել։ Երկրում շարունակում են ցույցեր իրականացնել անհետ կորածների ու գերիների հարազատները. նրանք պահանջում են միջոցներ ձեռնարկել գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ ու գտնել անհետ կորածներին։ Կան բազմաթիվ հայտարարություններ ցանկից բացակայող զոհերի մասին, իր ազգականներից մեկի զոհվելու, հուղարկավորվելու, սակայն ցանկերում չընդգրկվելու մասին հայտարարել էր անգամ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

- Նոյեմբերի 10-ից հետո ռազմադաշտից դուրս է բերվել 846 զինծառայողի մարմին ։ ԴՆԹ հետազոտության շնորհիվ՝ զինծառայողների՝ անճանաչելի դարձած մարմիններից 294-ը նույնականացվել է, 154-ը՝ հետազոտվել, բայց դեռ չի նույնականացվել։ Եվս 443 զինծառայողի մարմին նույնականացման փուլում է։ Պատերազմից մեկ ամիս անց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ զինծառայողների մարմինները նույնականացնելու գործընթացն արագացնելու համար քննարկվում է նաև մասնավոր կազմակերպությունների ներգրավման հարցը, իսկ առողջապահության նախարարությունը նույն նպատակով արդեն հավելյալ սարքավորումներ է ձեռք բերել։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմում պարտությունից հետո և ի պատասխան իր հրաժարականի պահանջների 6 ամիս ժամանակ է խնդրել ու ներկայացրել ճանապարհային քարտեզ՝ կառավարության անելիքներով։ Փաշինյանն այս ընթացքում փոխել է պաշտպանության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի, ԿԳՄՍ նախարարներին։

- 17 կուսակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում, նույն պահանջով Երևանում փողոցներ են փակվում, անհնազանդության ակցիաներ անցկացվում։ Ընդդիմադիրները վարչապետի նոր թեկնածու են առաջադրել նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին։

- Հայաստանից Արցախ է վերադարձել ավելի քան 35,000 փախստական: Արցախցիներին իրենց տուն վերադառնալու ճանապարհին ուղեկցում են ռուս խաղաղապահները։ Ավելի վաղ Արցախից նշում էին, որ պատերազմի հետևանքով 90,000 փախստական կա։

- Հայաստանի ամենամեծ՝ Սոթքի ոսկու հանքի մի մասը մնաց Ադրբեջանին անցած տարածքում․ հանքի մի հատվածը գտնվել է Քարվաճառի հատվածում։ Բացի այն, որ Սոթքի ոսկու հանքն այս տարի երկրի 4-րդ խոշոր հարկատուն է, հանքի մի հատվածի կորուստը կարող է նաև կասկածի տակ դնել տարածաշրջանում երկաթուղային բեռնափոխադրման հնարավորությունը, վնասել Արարատի ոսկու ձուլարանի աշխատանքին ու գործազուրկ թողնել մի քանի հարյուր մարդու։

- Սոցապ նախարարությունից ասել են՝ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում, կստանան 300,000 դրամ միանվագ աջակցություն։

Անչափահասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը դրա շահառու է: Դեկտեմբերի 6-ի դրությամբ աջակցության այդ ծրագրից արդեն օգտվել է 10,000 քաղաքացի։

- Արցախցիներին աջակցության ևս մեկ ծրագիր կա: Արցախում հաշվառված քաղաքացիները միանվագ 68,000 դրամ օգնություն են ստանում: Ծրագրից կկարողանան օգտվել նաև բոլոր երեխաները՝ անկախ ծնողի՝ շահառու լինելու հանգամանքից։ Դրա շահառու չեն միայն 2020-ի հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձ ստացած քաղաքացիները՝ նախկինում 2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսների որևէ ժամանակահատվածում աշխատավարձ ստացած քաղաքացիների փոխարեն։ Այս ծրագրով 95,000 հաստատված դիմում կա:

- Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմում առնվազն 4 կին է գերեվարվել, սակայն այդ թիվը կարող է աճել։ Պաշտպանի համոզմամբ՝ Ադրբեջանում ավելի շատ գերի կա, քան այդ երկիրը պաշտոնապես ներկայացնում է։ Բեգլարյանը չի բացառել, որ ռազմագերիներին ևս թաքցնում են։

- Դեկտեմբերի 8-ին Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզի Արավուս համայնքից 51 հեկտարից ավելի հողակտոր է անցել Ադրբեջանին։ Ավելի վաղ սոցցանցում տեղեկություն էր տարածվել, թե Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր ջոկատով գնացել է ադրբեջանցիների հետ բանակցելու, որ առաջ չգան։ Ահազանգ կար, թե համայնքապատկան հողերն ադրբեջանցիները քարտեզագրելիս փորձում են մտցնել իրենց անցած տարածքների մեջ։ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը դեկտեմբերի 7-ին հերքել էր, թե Արավուս գյուղի հատվածում հայկական կողմն ադրբեջանականին տարածքներ է զիջել, համայնքապետը, սակայն, հակառակն էր պնդել։

- Դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեռախոսազրույցը։ Ձայնագրությունում Լուկաշենկոն առաջարկում է Սարգսյանին հանձնել 5 շրջան, ապա «անել այնպես, որ պատերազմ չլինի»: Բելառուսի նախագահն առաջարկում է շրջանների հանձնումից հետո խաղաղապահական առաքելություն տեղակայել ու ասում, որ շրջանների հանձնման դեպքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը $5 մլրդ կվճարի։ Սարգսյանն էլ հայտնում է, թե պատրաստ է Ալիևին $6 մլրդ տալ, միայն թե նա հրաժարվի Արցախի 7 շրջանի պահանջից։

Երրորդ նախագահի գրասենյակից հետագայում հայտարարեցին, որ ձայնագրության հրապարակումն ընդունում են որպես փաստ և զերծ մնում մեկնաբանություններից, քանի որ այն արվել է փակ ձևաչափով անցկացված նիստին, որը մեկնաբանման ենթակա չէ։

- Պատերազմի ավարտից 1 ամիս անց էլ անհետ կորածների և գերիների ծնողները շարունակում են դռներ թակել՝ իրենց հարազատներից տեղեկություն պահանջելով։ Պատերազմի զոհերի, անհետ կորածների, վիրավոր ու հաշմանդամություն ստացածների թիվը դեռ հայտնի չէ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
 Ուշադրության կենտրոնում
Վազգեն Մանուկյան․ Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն

Վազգեն Մանուկյան․ Մեզ պետք չէ արյան միջոցով իշխանություն Մանուկյանը հայտնել է, թե իրենք առաջիկայում մարզեր կայցելեն, իսկ մարտի 6-ին մեծ հանրահվաք կանեն

 Բաժնի այլ նյութերը
2018-ի անսպասելի լուրերը Դրանք 1 տարի կոմայում եղած հային արթնանալուց հետո նորից կոմայի մեջ կգցեին
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, չպայթեցնես» Ինչպես էր համացանցը կատակում մեծ բանավեճի ընթացքում