Սերիալի հերոսներից մինչև անուն հորինել

Սերիալի հերոսներից մինչև անուն հորինել

Ինչ սկզբունքով են հայերն աղջկա ու տղայի անուն ընտրում

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020-ին նորածիններին ամենաշատ տրված անունները, առաջին 20-յակում աղջիկների դեպքում շատ են նորաոճները, տղաների՝ անհամեմատ քիչ։

PanARMENIAN.Net - 2020-ին ծնված 17350 աղջկանից 744-ի անունը Նարե է, ամենաշատ դրվածներից են նաև Մարիան ու Անգելինան (համապատասխանաբար՝ 615 ու 590 երեխա)։ 2020-ին ծնված 19,093 տղայից 1353-ին Դավիթ են կոչել, երկրորդ ու երրորդ տեղերում են Նարեկ ու Հայկ անունները (համապատասխանաբար՝ 903 և 610 երեխա)։

Ցանկում աղջկա մոտ 15 անուն նորաոճ է (Անգելինա, Արիանա, Ադրիանա, Միլա, Մոնիկա, Լիկա), տղաների դեպքում մոտ 4-5 անուն է այդպիսին (Հենրի, Մաքս, Մարկ, Ալեն)։ Ամենաշատ դրված անունների առաջին 50-յակում, այսպիսով, աղջիկների անուններից մոտ 30%-ը նորաոճ են, տղաների՝ 8-9%-ը։

PanARMENIAN.Net ն այս միտումը մեկնաբանելու ու նորածիններին տրվող անունների մշակութային բացատրությունը ստանալու համար զրուցել է ազգագրագետ, մշակութաբան Նիկոլ Մարգարյանի հետ։

Նրա խոսքով՝ աղջիկներին առավել գեղեցիկ ու բարեհունչ, իսկ տղաներին «հմայողական անուններով» կոչելն ընդհանուր միտում է՝ նկատելի դեռ միջնադարից։

«Դուստրերին մեծամասամբ կոչել են գեղեցիկ անուններով, որը նույնականացվում է բարեհունչի, գեղեցիկ իմաստի և նորաձևի հետ։ Ուստրերին առավել հաճախ կոչել են նախնիների և հմայողական (հաջողություն մաղթող, չարախափան) անուններով։ Նախնիների անուններով կոչելը մի կողմից պայմանավորված է մահացած ազգականների՝ ընտանիքի ավագ անդամների երազներում հայտնվելով և հոգիների տեղափոխման պատկերացումներով, մյուս՝ նախնիների սոցիալական կարգավիճակի (թագավոր, իշխան, հեղինակություն) և ինչքի ժառանգմամբ, երրորդը՝ ավագների նկատմամբ հարգանքի էքսպլիցիտ դրսևորմամբ, ինչը թույլ էր տալիս անունը ժառանգող (փոխանցող) անձին իր սոցիալական միջավայրում ապահովել որոշակի դրական վերաբերմունք։ Այլ կերպ ասած՝ այն մահացած նախնու անունով թոռանը կոչող հոր նկատմամբ միջավայրի հարգանքն ապահովող որոշակի ակտ էր։ Հենց վերջին պատճառն է, որ ներկայումս գերիշխում է նախնու անունով տղա զավակին կոչելու միտման մեջ»,-բացատրում է Մարգարյանը։

Մշակութաբանի խոսքով՝ տարբերությունն այն է, որ այժմ դա արվում է հաճախ այն ժամանակ, երբ պապիկը դեռ ողջ է։ Իսկ սա բացատրվում է այն հանգամանքով, որ ներկայումս երեխաներ քիչ են ունենում, երիտասարդ ընտանիքի կենսաբանական վերարտադրությունն ավարտվում է բավականին վաղ, երբ ընտանիքի տարեց անդամները դեռ ողջ են։

Նախկինում հայերի մեջ պապիկի անունով կոչում էին վերջինը ծնված որդիներին, երբ պապերն արդեն մահացած էին։

Մեկ այլ միտում էլ կա․ նախկինում ժառանգվում էին նաև տատիկների անունները, բայց սկսած 20-րդ դարի կեսերից այդ միտումը գնալով նվազում է՝ հիմնականում պահպանվելով գյուղերում և հատկապես այն ընտանիքներում, որտեղ պապն ու տատը համատեղ ապրում են երիտասարդ ընտանիքի հետ։

«Նախնինների կամ տարեց ազգականների անուններով կոչելը վերաբերում էր ու վերաբերվում է գլխավորապես առաջնեկ որդիներին և պակաս հաճախականությամբ՝ առաջնեկ դստրերին։ Հաջորդ որդիներին՝ մասամբ, իսկ հաջորդ դստրերին՝ մեծամասամբ, կոչում էին նոր անուններով, ինչին մասնակցում էր նաև երեխաների մայրը»,- նշում է Մարգարյանը։

Ըստ մշակութաբանի՝ ծնունդների նվազման և նուկլեար կամ երկսերունդ ընտանիքների շատանալու հետևանքով, հատկապես քաղաքներում ապրող ընտանիքներում, որոնցում բացակայում են տարեց ազգականները, երեխաների անվան ընտրությունը հաճախ իրականացնում են երիտասարդ ամուսինները։

«Կախված ծնողների կրթական մակարդակից և մասնագիտացումից` ընտրության աղբյուրները տարբեր են։ Օրինակ՝ միջին և միջնակարգ կրթություն ունեցողների համար սովորաբար ընտրության աղբյուր են հանդիսանում սերիալները, համայնքի անդամների հետ ինտենսիվ շփումները։ Այլ կերպ ասած՝ կարևոր դերակատարություն ունի ընդօրինակման գործոնը։ Ավելի բարձր կրթական ցենզ ունեցողների համար աղբյուր կարող են լինել գրքերն ու բառարանները»,-նշում է նա։

Մասնագետն ասում է՝ հենց բարձր կրթական ցենզ ունեցող ծնողներն են նոր անուններ հորինում կամ մոդեռնացնում հները․ օրինակ՝ Նարե-ն (Նարինեից), Մարե-ն (Մարինեից), Կարին (Կարինեից), Նանե-ն, Վարսե (Վարսիկից), Զարե-ն (Զարուհուց), Մանեն (Մանանից), Արամե-ն (Արամից), Լեո-ն (Լևոնից) և այլն։ Լեոն, ի դեպ, կարող է նաև փոխառություն լինել, ինչպես, օրինակ, Ալեքս անվան պարագայում՝ մի դեպքում կրճատվել է ու նորացվել Ալեքսան անունը, մյուսում՝ վերցված է սերիալներից մեկի հերոսի անունից։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Զբոսաշրջության ոլորտը՝ Ֆրանսիայից եկած ու հյուրատուն հիմնած Անիի աչքերով
Սեփականատերերը՝ կարանտինի մասին
 Ուշադրության կենտրոնում
Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրայինների

Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրայինների Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի

 Բաժնի այլ նյութերը
Գնիր ավտոս՝ օգնիր Արցախին Ինչպես են մարդիկ վաճառում մեքենաները՝ հանգանակության համար
Ուղեցույց Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Վատ են բոլորը, բացի ՏՏ-ից Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում