Փարիզից Աշնակ՝ տուրիստներին սպասելիս

Փարիզից Աշնակ՝ տուրիստներին սպասելիս

Զբոսաշրջության ոլորտը՝ Ֆրանսիայից եկած ու հյուրատուն հիմնած Անիի աչքերով

Հայաստանում զբոսաշրջային արդեն հայտնի ու բացահայտված ուղղությունները շուտով կիսաբաց կանեն դռները․ տուրիստական սեզոնն ու համավարակը երկրորդ տարին անընդմեջ կհանդիպեն իրար, կերևան նաև ոլորտում առկա ու իրավիճակով պայմանավորված խնդիրներն ու հարցերը։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը զրուցել է Ֆրանսիայից ՀՀ եկած, Զբոսաշրջության կոմիտեում աշխատած, հետո սեփական «Նուշ» հյուրատունը հիմնած Անի Հովհաննիսյանի հետ, ով պատմել է իր փորձի, գործի ու այն մասին, որ շուրջը նայելով երբեմն ավելին կարելի է տեսնել, քան արդեն որոշված ուղղությունից հայացքը չկտրելով։

Փարիզից՝ Աշնակ ու Անին դեռ շարունակում է․ Ինչպես վերցնել եվրոպական փորձն ու այն ինտեգրել ՀՀ-ում

Ֆրանսիայում ապրել եմ 4 տարի, սովորել եմ Սորբոնում, աշխատել հենց զբոսաշրջության ոլորտում՝ պետական ու մասնավոր կառույցներում։ Աչքիս առաջ էր հյուրատնային գործի զարգացումը, ինքս ահագին փորձ էի կուտակել ոլորտում։ 2018-ին, երբ վերադարձա, որոշեցի Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում գտնվող մեր տունը, որտեղ մեծացել եմ ու ապրել 12 տարի, հյուրատան վերածել։

Բայց իմ խնդիրը միայն հյուրատուն սարքելը չէր, այլև այն, որ Արագածոտնն ինքնին անտեսված է զբոսաշրջության համար, այդ կողմ շատ զբոսաշրջիկների չեն տանում․ գիշերակացի, ուտելու, այլ հարմարություններ չկան։ Արագածոտնն ուղղակի դրախտ է զբոսաշրջության համար, միայն թե ուսումնասիրվի մարզի ամբողջ պոտենցիալը։

Աշնակն Արագածոտնի գյուղերից է, աղբյուրներում հիշատակվում է 5-րդ դարից։ Գյուղում հենց 4-5-րդ դարերի կիսավեր եկեղեցի կա, քիչ ավելի հեռու՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի ամրոց։ Աշնակցիները եկել են Արևմտյան Հայաստանից՝ Սասունից։

Մենք խնդիր էինք դրել, զբոսաշրջության լեզվով ասած՝ «փարոս պրոդուկտ» ստեղծել, ուզում էինք, որ տուրօպերատորներն անցնեն այդ կողմով, մտնեն գյուղ։ Մեր ուժերով սկսել ենք գործը։ 2019-ի ամռան կեսին բացվեցինք, 5 ամսում մոտ 300 զբոսաշրջիկ եկավ մեզ մոտ՝ 12 երկրից։ Սա մեզ համար ֆանտաստիկ ցուցանիշ էր․ մտածում էինք՝ մի խումբ էլ գա՝ էլի լավ է։ Հետո եկավ կորոնավիրուսը, դրան հաջորդեց պատերազմը։

Ինչ փոխվեց հյուրատնով մարզում ու ինչն է պակասում ՀՀ-ին՝ զարգացնելու ոլորտը

Մենք հյուրատնով տուրօպերատորներին ազդակ տվեցինք, որ մարզը զբոսաշրջային պոտենցիալ ունի, շարժ կա, տուրիստ բերեք։ Ես միշտ բողոքում էի, թե ինչու են բոլոր ծրագրերը գնում հյուսիսային մարզեր, Վայոց ձոր կամ Սյունիք։ Հասկանում եմ, որ դոնորի համար ավելի ոչ ռիսկային է, եթե իր գումարը գնա Լոռի, բայց եթե բոլոր դոնորները որոշում են 3 մարզ ֆինանսավորել, էլ ինչո՞ւ ենք խոսում ապակենտրոն զարգացող զբոսաշրջությունից։ Մեր փոքր հյուրատունը, մեր փոքր գյուղում մի քանի աշխատատեղ է ստեղծել, մի քանի սոցիալական ծրագիր է իրականացրել ու դեռ շարունակում է։ ՀՀ-ում ուղղակի կենտրոնանում ենք նրա վրա՝ ինչ արդեն բացահայտված է, բայց չենք ուզում բացահայտել այն, ինչ կարող է շատ ավելի լավը լինել։

Խնդիր լուծելու ինքնուրույն փորձը․ Կարծր համակարգի, եվրոպական կրթության, եղածի ու պետքի բախումը

2018-ին, երբ ուսումս արդեն ավարտել էի ու մտածում էի Ֆրանսիայից այլ երկիր գնալու մասին, տեսա, որ փոփոխություններ են եղել Զբոսաշրջության կոմիտեում։ Խոսեցի կոմիտեի այն ժամանակվա տնօրեն Հռիփսիմե Գրիգորյանի հետ, ասացի, որ կարող եմ իմ փորձը ներդնել։ Եկա ընդմիջումից ու աշխատանքից դուրս եկա․ մի քանի օրից Հայաստանում էի։

Բայց, հասկանո՞ւմ եք, պետական կառույցում դու լիարժեք ազատություն չունես քո ծրագրերն իրականացնելու։ Ամեն հնարավոր միջոցով փորձել եմ ինտեգրվել ու աշխատել։ Հետո հասկացա, որ ավելի օգտակար կլինեմ, եթե մասնավոր սեկտոր դառնամ։

Զբոսաշրջության կոմիտեում աշխատելիս ականատես եմ եղել տուրիզմի մասին օրենքի նախագծի հանրային քննարկմանը, ինքս աշխատել եմ դրա վրա։ Մենք ուսումնասիրում էինք տարբեր երկրների փորձը, օրինակ՝ առաջարկում էի, որ նոր կառուցվող հյուրանոցն ունենա թեքահարթակ ու զուգարան՝ հաշմանդամություն ունեցողների համար։ Ինքս իրավաբան չեմ, նրանց հետ քննարկումներում չենք եկել ընդհանուր կոնսեսնուսի, որովհետև գործընկերս, օրինակ, նշել է, որ դա ավելորդ հարկային բեռ է տնտեսվարողի վրա։ Իմ տեսանկյունից հյուրանոց կառուցելու վրա միլիոնավոր դոլարներ ծախսող տնտեսվարողի համար $100-ի ծախսը մեծ խնդիր չէ։ Մյուս կողմից, դա նաև երկրի ու հենց այդ կառույցի իմիջի հարցն է։

Այս մասին 2020-ին խոսել էր նաև վարչապետ Փաշինյանը՝ նշելով, որ վերջին 30 տարում երկրում զբոսաշրջային ծառայությունների որակը չի փոխվել։ Վարչապետը խոսել էր 5-հարկանի ռեստորանների, դրանց ոսկեջրած աթոռների ու «աղետյալ վիճակում գտնվող» զուգարանների մասին։

Մեր երկրում հիմա լավն այն է, որ հանգիստ կարող ես ինչ-որ կազմակերպություն հիմնել ու ոչ մի խոչընդոտ չլինի։ Մարդիկ բաց էին, պետությունը չէր խոչընդոտում սկսել գործունեությունս։ Սա լավ է, բայց քիչ։ Տուրիզմի մասին մեր օրենքի նախագիծը երևի ամենաշատ մշակվածներից է, բայց չգիտենք՝ ուր է։ Կուզեի, որ ազգային լեյբլներ ստեղծվեին, որոնք կխրախուսեին հյուրատներին ու հյուրանոցներին ավելի լավ աշխատել։

Օրինակ՝ եվրոպացիների համար շատ կարևոր է՝ դու պետության կողմից ստացել ես լեյբլ, թե՝ ոչ։ Ուրիշ խնդիր․ շատ մարդիկ այսօր, առանց մասնագիտական հմտությունների, որոշել են, որ զբոսավար են։ Այս պայմաններում դա նաև ազգային անվտանգության հարց է: Ցանկացած մեկը կարող է արթնանալ ու որոշել, որ գիդ-վարորդ է։ Ինքն առանձին, գուցե, շատ լավ վարորդ է ու լավ գիդ․ երկուսը համատեղելն է վտանգավոր։

Մենք և շրջակա աշխարհը․ Ինչպես լուծել խնդիրն այսօրվա «թեորեմներով»

Տուրիզմի համաշխարհային կազմակերպության նպատակներից մեկն այն է, որ տուրիզմը հասանելի լինի բոլորին։ Օրինակ՝ Ֆրանսիայում անտառի մի հատվածը հասանելի են դարձրել հաշմանդամություն ունեցողների համար։ Հասկանո՞ւմ եք՝ անտառը, բնության մի մասը, իսկ մենք չենք ուզում մի փոքր տնտեսվարողին «նեղություն տալ»։ Ես հասկանում եմ, որ դա նեղություն է, բայց պետք է նաև իմիջի մասին մտածես։ Ու խոսքը բնավ հսկայական կառույցերը քանդելու մասին չէ, այլ նոր կառուցվողներում որոշակի չափանիշներ սահմանելու։ Հյուրատան դեպքը մի քիչ այլ է․ այն գյուղական համայնքում է, դրա համար պիտի ենթակառուցվածք փոխվի։ Հսկայական կառույցների դեպքում դա իրոք ճոխություն ու շռայլություն չէ։

Կարծում եմ՝ առաջին քայլով կառավարության մակարդաով պիտի խրախուսվի զբոսարջության ճիշտ վարումը։ Հիմա մարդիկ ինքնակազմակերպվում, տարբեր ասոցիացիա, ֆեդերացիաներ են ստեղծում, բայց չունեն մեջք։ Ես ինչի՞ վրա կարող եմ հույս դնել, եթե ամեն սեզոնի ուզում եմ ռազմավարություն մշակել, հասկանալ՝ ում թիրախավորեմ, ու դրա համար ինձ պետք է հասկանալ նաև մեր երկրի ուղվածությունը։ Օրինակ, երբ Կառավարությունն ասում է, որ Իտալիան այս տարի իր թիրախում է, պատրաստվում են կաթոլիկ ուխտավորներին ՀՀ բերել, ես իմ բիզնեսը հարմարեցնում եմ երկրի զբոսաշրջային կուրսին ու ամենը մշակում՝ կաթոլիկ ուխտավորներին հետաքրքիր լինելու համար․ խոհանոցն եմ փոխում ու թարմացնում, տուրեր, միջոցառումներ եմ մտածում։

Հիմա սեզոնը բացվում է, ես ուղղակի չգիտեմ` ՀՀ ով է գալու, իսկ բիզնեսը մինիմալ ռիսկերի է պետք հասցնել։

Զբոսաշրջության կոմիտեն պիտի ավելի թափանցիկ ու հասանելի լինի մեզ համար: Կոմիտե-ոլորտ կապը բացակայում է, չկա հաշվետվողականություն, օրինակ՝ ես պաշտոնական դիմում եմ գրել որպես ոլորտի խաղացող, բայց ստացել եմ ոչ սպառիչ և կցկտուր պատասխան: Սա խոսում է այն մասին, որ ոլորտի պատասխանատուները չունեն հաշվետու լինելու և ոլորտի հետ ճիշտ գործակցելու մեխանիզմներ։

Շատ սիրում ենք համեմտավել Վրաստանի հետ։ Մտեք Վրաստանի տուրիզմի պաշտոնական կայքը, այնտեղ յուրաքանչյուր դեպարտամենտ ունի իր ներկայացուցիչը, նրանց ինքնակենսագրականները բաց են։ Մենք չգիտենք՝ ովքեր են աշխատում Հայաստանի զբոսաշրջության կոմիտեում։

Անին ասում է՝ հանկարծ չմտածեք՝ դուրս եմ եկել կառույցից ու քննադատում եմ։ Ասում է՝ ուզում եմ հասկանալ՝ ինչպես ենք մենք աշխատում ու ինչ ենք անում, որ ոլորտը զարգանա։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Սեփականատերերը՝ կարանտինի մասին
Ինչ սկզբունքով են հայերն աղջկա ու տղայի անուն ընտրում
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Սևան մայրուղու վրա շտապօգնություն կհերթապահի

Երևան-Սևան մայրուղու վրա շտապօգնություն կհերթապահի Հերթապահությունը սահմանվել է մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ, 4 կետում

 Բաժնի այլ նյութերը
Գնիր ավտոս՝ օգնիր Արցախին Ինչպես են մարդիկ վաճառում մեքենաները՝ հանգանակության համար
Ուղեցույց Ինչպես տարբերել սահմանից հաղորդվող կեղծ լուրը՝ իրականից
Վատ են բոլորը, բացի ՏՏ-ից Ինչ վիճակում է երկրի աշխատաշուկան՝ Covid-19-ի շրջանում