Շուշիի թանգարանի գույնզգույն  գորգերը

Շուշիի թանգարանի գույնզգույն գորգերը

Աստվածային թեմաներից մինչև կենցաղային հարցեր

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում մի քանի ամիս է՝ Շուշիի գորգերի թանգարանի նմուշներն են՝ ավանդույթ ու խոսքուզրույց փոխանցող գունավոր, վառ, հարուստ ու շքեղ։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը գնացել է՝ տեսնելու ու հասկանալու գորգագործության, պատմության ու պատումի կապը և գրելու այդ մասին՝ չկտրելու համար Արցախից Հայաստան բերված գորգերի «մտքի թելը»։ Ցուցանմուշներին ծանոթացել ենք Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի հետ, նա էլ պատմում է՝ ինչ կարող ենք տեսնել՝ նայելով արցախյան գորգերին։

Բայց նախ հրատապ հարցը՝ իսկ ո՞ր գորգով կարելի է թռչել

Աստղազարդ գորգով, որի վրա հրեղեն ձիեր՝ պեգասներ են։ Գորգում կապույտ գիշեր է, սիմվոլը՝ ընկնող աստղը։ Ասծատրյանն ասում է՝ այն Կարմիր գյուղից է, «չտեսնված գորգ է, որի հետևից շատերն են եկել, բայց թանգարանին են վաճառել»։

Աստվածայինն ու կենցաղայինը և գորգի սկիզբն ու վերջը

Գորգերը ՀՀ տեղափոխելիս ու այստեղ ցուցադրելիս հատուկ սկզբունք չի եղել․ ժամանակը սուղ էր։ Ցուցադրված գորգերն առանձնահատուկ են նրանով, որ բոլորի ծագման վայրը հայտնի է։ Հետո, մենք գորգերի սիմվոլիզմը ներկայացնում ենք․ մասնագետներն ու ոչ միայն ասում են, որ ոչ մի երկրի ոչ մի թանգարանում նման բացատրություն չի տրվում։ Մենք բացում ենք գորգի մեջ ներդրված առասպելաբանությունը, բանահյուսությունն ու աստվածային թեմաները։ Դրանք շաղկապված են։ Հեքիաթներ չենք պատմում, ցույց ենք տալիս հենց գորգերի վրա։

Օրինակ՝ սա արարման թեմայով է (երկրորդ նկարում-հեղ․)։ Ասում են՝ աստված տղամարդուն իր նման է ստեղծել, կնոջն էլ՝ նրա կողից։ Արարման թեմայով գորգերի մեջ տղամարդիկ մեծ են ու հասուն, կանայք՝ երեխա։

Մեր գորգերում մեղուներ էլ են պատկերված։ Ձեզ ամեն տեղ կասեն, որ մեղվի սիմվոլիզմն աշխատասիրությունն է, բայց դա երեսի կողմն է․ մեղրն ու քաղցրը մի կողմ՝ կա նաև չնյութականացված գաղափար՝ Մեծ մոր պաշտամունքն է՝ Անահիտն է, Իշտարը, Աստարան։ Իսկ մեղուների մոտ, գիտենք, մայրիշխանություն է։ Այսպիսի գորգերում թեման մոր սկզբնությունն է, կյանք տալը։ Այ սա է մեղվի բարձր ու ոչ նյութական գաղափարներից մեկը։ Նյութականներից՝ այո, աշխատասիրությունը, գիտենք։ Բայց առասպելական թեմաները, աստվածային բաները նյութականացման ենթակա չեն։ Այ, պատկերագորգերը կարող ենք նյութականացնել, դրանք ժողովրդական պրագմատիզմի մեջ են։

Ի դեպ, գորգը սկիզբ ու վերջ ունի․ դա որոշում ենք գործվածքից ու զարդանախշից, բայց լինում է նաև, որ գորգագործը նկարն ուղղակի թարս է դրած լինում։ :)

Գորգեր գնելու ու թանգարան հիմնելու որոշումը

16-17 տարեկանից հին անտիկվարիատի հանդեպ հետաքրքրություն եմ ունեցել։ Սովետի ժամանակ տեսել եմ, թե ինչպես էին ադրբեջանցիները շրջում տներով, գնում գորգեր, ինձ մոտ հարց էր առաջանում՝ ինչու։

1994-ից հետո ՀՀ-ից մեծ ալիք եղավ ու գրեթե բոլոր գորգերը տարան։ 2000 թվականից հետո, տեսնելով, որ այդ գորգերն արդեն չկան, հասկացա, որ եթե այսպես շարունակվի՝ այդ մշակույթը վերջնականապես կկորցնենք։ Արցախի գորգերի մասին սկսել են 2011-ից խոսել․ հենց այդ ժամանակ է բացվել Շուշիի գորգերի թանգարանը։

Գիտեք՝ մեր մշակույթի հանդեպ անտարբերությունը բերեց Արցախի էս վիճակին։ Անտարբերություն կար, ես որոշեցի ինքս գնել գորգերը, 8-10 տարի գնում էի, հետո որոշեցի թանգարան սարքել։ Սա ինձ համար հարստություն չի եղել, այլ՝ մշակութային արժեք։ Ես հասկանում էի, որ իմ գործով մի մեծ պետության ծրագրավորած համակարգի դեմ եմ։

Գորգեր փնտրելիս՝ գանձեր գտնելով

Մի քանի մարդ ինձ համար աշխատում էին, գտնում գորգեր, ես գալիս, զրուցում էի, գնում դրանք։ Եկան, ասացին՝ այսինչ շենքում գորգ ու կարպետ կա, կուզեն վաճառել։ Պարզվեց՝ հորաքրոջս տունն է։ Իրեն այս գորգը տատս է տվել, տատիս՝ պապիկիս մայրը, նրան էլ իր մորից է հասել։ Հորաքույրս թանգարանին նվիրեց։ Ընդհանրապես գորգերն աղջիկների միջոցով են փոխանցվում ու, երբեմն, դժվար է իմանալ՝ որ ցեղին է պատկանել։

Այո, հեքիաթի միֆը, որ գորգագործությամբ երկիր կարելի է փրկել, երևի, ճիշտ է։ Թե կուզեք՝ առաջին պիքսելով ստացված նկարը հենց գորգն է։ Ազնիվ մետաղի կողքին գորգն էլ՝ ճիշտ գորգը, իր արժեքը չի կորցնում․ մնացած ցանկացած բան գնեցիր՝ էժանանում է։ Կան գորգեր, որ հանգիստ կարող ես ասել՝ ոսկի են. հենց գնում ես՝ արժեքը սկսում է բարձրանալ։

Մեր գորգերն ու նրանց ուզածը․ Շուշիի գորգերի թանգարանի ճակատագիրը

Մեր գորգերն իրենց վերագրողներն ամեն ինչ ուզում են նյութականացնել։ Ես շատ եմ շփվել նրանց հետ տարբեր ֆորումներում։ Աշխարհին հայտնի է, որ գորգագործությունը քոչվոր ցեղերի արվեստ չէ, այն նստակյաց ժողովրդի արվեստ է ու արհեստ։ Քոչվորականը չի կարող գորգ գործել. գորգի հաստոցը մի անգամ ու մի տեղ ես դնում։ Ասես երեխան դաշնամուրը դասի տանի՝ անտրամաբանական է։

Ցուցադրության ավարտից հետո մեր թանգարանը պիտի շարունակի գործել։ Սա պիտի մնա որպես թանգարան, արդեն հիմնադրամներ կան, որ ուզում են գործակցել։

Եթե ցուցադրությունն ավարտվեց ու «ոչինչ», էլի իրենք (ադրբեջանցիները-հեղ․) պիտի իրենցն անեն։ Լուրջ թանգարան պետք է ստեղծվի, չէ՞ որ բոլոր գորգերի սկզբնաղբյուրները հստակ են. աշխարհում սա եզակի երևույթ է։ Այլ տեղերում կարելի է տեսնել ավելի թանկարժեք ու հին գորգեր, բայց դրանք մի քանի ձեռք անցած են, իսկ ես սկզբունք ունեի՝ գորգերը ձեռք եմ բերում, եթե ունեն սկզբնաղբյուր։

Թամանյանի անվան ճարտարապետության թանգարանում դեռ շարունակվելու է Շուշիից բերված գորգերի ցուցադրությունը։ Ասում են՝ այն կշարունակվի, քանի դեռ այցելուների հոսք կա։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
«ԿինոՊարկը» վերաբացվել է
Տղա մոխրոտի պատմությունը
Մաքուր արվեստի ու դրա շուրջ ուրիշ հարցերի մասին
Ինչ խնդիրներ ունեն հայկական հուշարձանները հետազոտողները
 Ուշադրության կենտրոնում
ԱԳՆ․ Արցախում վտանգված է մոտ 1500 մշակութային օբյեկտ, այդ թվում՝ 161 եկեղեցի, մոտ 600 խաչքար

ԱԳՆ․ Արցախում վտանգված է մոտ 1500 մշակութային օբյեկտ, այդ թվում՝ 161 եկեղեցի, մոտ 600 խաչքար Նա նշել է, որ Ցեղասպանության զոհ գնաց նաև հայկական մշակութային ժառանգության հսկայական մասը

 Բաժնի այլ նյութերը
«Վանքերից բացի նաև բերդեր ենք կառուցել» Հայաստանը՝ 150-ից ավելի ամրոցի երկիր
Մնալ գորգում փաթաթված, թե դուրս գալ «Մարիան»՝ իսկական ֆեմինիզմի ու իրական ավանդույթի մասին
Ինչ դիտել հանգստյան օրերին 9 տեսանյութ՝ weekend-ը լցնելու համար