Նորարարությունը` ավանդականում

Նորարարությունը` ավանդականում

Ինչպես է սննդի ստարտափ Foody-ն ստեղծում նոր մշակույթ

Կյանքի ռիթմը գնալով էլ ավելի արագ է դառնում, և ժամանակը չի բավականացնում կենցաղային հարցերի լուծման համար: Դրանց շարքում հատկապես ժամանակատար ու անխուսափելի են սննդի պատրաստման հետ կապված հարցերը:

PanARMENIAN.Net - Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ամեն օր տանջվում են «ի՞նչ եփել այսօր» հավերժ արդիական հարցից: Իսկ բազմանդամ ու տարբեր ճաշակ ունեցող մարդկանցից բաղկացած ընտանիքներում այդ հարցը հատկապես սուր է դրված: Այդ իսկ պատճառով բազմաթիվ մարդիկ ընտրում են պատրաստի սնունդ գնելու կամ տուն պատվիրելու տարբերակը. այս տենդենցը գնալով ավելի նորաձև է դառնում նաև Հայաստանում:

Սննդի առաքման ծառայություններով մեր դարում որևէ մեկի չես զարմացնի, բայց 2020-ի հոկտեմբերին Հայաստանում ստեղծվեց սննդի նոր ստարտափ՝ Foody-ն, որը նոր մշակույթ բերեց այդ ոլորտ՝ թելադրելով իր պայմաններն ու առաջարկելով նորարարություն` ավանդականի մեջ: Ըստ վիճակագրության՝ կինն իր ամբողջ կյանքի ընթացքում մոտ 18 տարի անցկացնում է խոհանոցում։ Foody-ի առաքելությունը հենց այդ ժամանակը կրճատելն է։

15 րոպե խոհանոցում, և սեղանը գցված է

«Մենք առաջարկում ենք կիսապատրաստի սնունդ, ոչ թե կիսաֆաբրիկատ, այլ հենց կիսապատրաստի, քանի որ սառեցված չէ: Հաճախորդը պատվիրում է Foody.am կայքից, մենք թարմ-թարմ պատրաստում ենք և ուղարկում իրեն: Սննդի հետ միասին ուղարկում ենք նաև դրա վերջնական պատրաստման եղանակը. մեր գրեթե բոլոր ուտեստների փաթեթավորման վրա կան QR կոդեր, որոնք սքանավորելով՝ հաճախորդը տեսնում է տեսանյութ՝ ուտեստի պատրաստման ընթացքը։ Այդպիսով անգամ պատրաստման գործընթացից քիչ հասկացող մարդը կկարողանա իր ձեռքով մի քանի րոպեում պատրաստել համեղ ուտեստ: Ուտեստներն ուղարկվում են մոտ 80 տոկոսով պատրաստի վիճակում, և ավարտին հասցնելու համար հաճախորդից պահանջվում է մոտ 10-15 րոպե ժամանակ», - պատմում է ստարտափի համահիմնադիր Արտակ Ավետիսյանը:

Իսկ ո՞րն է այդ դեպքում առավելությունն արդեն պատրաստի սնունդ առաքող ընկերությունների համեմատ, կհարցնեք դուք:

«Մենք առանձին-առանձին ենք ուղարկում որոշ բաղադրիչներ, ուստի կարելի է դրանք ավելացնել ըստ ճաշակի: Օրինակ՝ աղցանները չխառնած ենք ուղարկում, ինչն իր հերթին նաև երկարացնում է պիտանելիության ժամկետը. մի մասը կարելի է տեղում խառնել-ուտել, մնացածը` պահել հետագայի համար: Մեր չափաբաժինները ստանդարտ ռեստորանային չեն՝ անհամեմատ ավելի մեծ են, ուստի ավելի ձեռնտու է ամբողջ ընտանիքի համար: Եվ, բացի այդ, հնարավորություն ենք տալիս պատրաստել սիրող, բայց ժամանակ չունեցող մարդկանց` վայելելու խոհանոցում որոշ ժամանակ անցկացնելու և սեփական ձեռքով որևէ բան անելու ու մատուցելու հաճույքը», - բացատրում է ընկերության հիմնադիրը:

Ավանդական ընտանիքներ, երիտասարդ զույգեր, միայնակ այթիշնիկներ

Արտակի խոսքով՝ իրենց հիմնական թիրախն ավանդական ընտանիքներն են, որտեղ բոլորն աշխատում են և ժամանակ չունեն պատրաստելու, կամ պարզապես ուզում են խնայել խոհանոցում ծախսված ժամանակն ու ջանքերը՝ ուղղելով դրանք այլ՝ ավելի կարևոր բաների:

«Կարելի է միանգամից պատվիրել ամվողջ շաբաթվա համար, պահել սառցարանում և մաս-մաս օգտագործել: Դա նաև հարմար տարբերակ է անակնկալ հյուրեր ունենալու դեպքում. կարելի է չանհանգստանալ և ցանկացած պահի պատրաստ լինել հյուրեր ընդունելուն, քանի որ անհրաժեշտ կլինի պարզապես մի 15 րոպեում պատրաստել ուտելիքն ու սեղան գցել», - պարզաբանում է հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Գայանե Շաղոյանը:

Նրա խոսքով՝ ընկերության թիրախը նաև երիտասարդ և աշխատող ընտանիքներն են, որտեղ ամուսինները հավասարաչափ զբաղված են և իրար մեջ են կիսում կենցաղային հոգսերը:

Ընկերության թվային մարքեթինգի մասնագետ Մարիամ Նալբանդյանն էլ պատմում է, որ շուտով գնալու են նաև միայնակ ապրող տղամարդկանց գրավելու ուղղությամբ:

«Այթիշնիկի կոմբո ենք ունենալու: Որպեսզի միայնակ ապրող և ամբողջ օրն աշխատող կինը կամ տղամարդը՝ պայմանական այթիշնիկը, ընթացքում չմոռանա ճիշտ սնվել, բայց ժամանակ չծախսի պատրաստելու վրա: Մենք միշտ շեշտում ենք, որ մեր ուտեստների պատրաստման եղանակները շատ պարզ են, և ցանկացած մարդ, օգտվելով մեր տված բացատրություններից, կարող է շատ հեշտությամբ ավարտին հասցնել պատվիրված ուտեստների պատրաստումը», - ասում է Մարիամը:

Ժենգյալով հաց, կուրկուտ, մշոշ և այլ հայկական «ոչ տոլմա» ուտեստներ

Հայկական խոհանոցի մասին լսելիս առաջինը մտքիդ է գալիս տոլման, խորովածը, հարիսան և պոպուլյար այլ ուտեստներ: Foody-ում որոշել են, որ մեր մնացած հին ազգային ուտեստները հանարժանի անտեսված են, և պետք է հանել դրանք պատմության հին խորշերից՝ դարձնելով ճանաչված և նորաձև:

«Քանի որ մեր համահիմնադիրներից մեկը Կապանից է, որոշեցինք սկսել Սյունիքի ուտեստներից: Սկիզբը դրվեց կուրկուտից, դրա համար հատուկ թոնիր տեղադրեցինք, խոհարարները վերապատրաստվեցին: Պատրաստում ենք հին սյունիքյան բաղադրատոմսով», - ասում է Արտակը՝ հավելելով, որ մարդկանց մեջ կարոտ կա հին հայկական ուտեստների նկատմամբ:

«Օրինակ՝ տոլմայի համար մենք այժմ միջազգային հարթակներում կռիվների մեջ ենք, թե ումն է այդ ուտեստը, մինչդեռ մենք այնքան շատ ավանդական հետաքրքիր ուտեստներ ունենք, որոնք այդպես հնացել-մնացել են, և էլ ոչ ոք չի պատրաստում: Եվ վերհանելով հայկական հին ուտեստների բաղադրատոմսերը՝ մենք շատ կարևոր առաքելություն ենք կատարում: Երիտասարդ սերունդը պիտի իմանա ազգային խոհանոցի մասին», - նշում է Մարիամը: Ասում է, որ նպատակ ունեն հետագայում՝ նաև որոշակի մշակութային դերակատարություն ունենալ՝ վերհանելով հայկական խոհանոցի մոռացված ժառանգությունը:

Գայանեի խոսքով՝ կուրկուտն իրենց ամենահաճախ պատվիրվող ուտեստներից է, հայտնի է նաև խաշիլը, որը պատվիրում են հիմնականում այն հաճախորդները, որոնք փոքր տարիքում փորձել են այդ ուտեստը: Ունեն նաև Սյունիքի ժենգյալով հաց, մշոշ և այլն, պլանավորում են ընդլայնել հայկական ուտեստների ցանկը:

Ժամանակի, գների, հավելվածի և հումքի մասին

Ընկերության խոհանոցից պատվերները դուրս են գալիս միջինում 50 րոպե անց, ասում է Արտակը. «Քանի որ մենք չենք պահում ուտեստները սառեցված վիճակում մինչև պատվերը, այլ տեղում՝ պատվերը ստանալուց հետո, պատրաստում ենք: Ունենք պրոֆեսիոնալ խոհարարական թիմ՝ 4 հմուտ շեֆ խոհարար, որոնք տեղում պատրաստում են ամենը՝ շեշտը դնելով որակի վրա»:

Այժմ ընկերության թիմը կազմված է 15 հոգուց, բայց մինչև տարեվերջ Foody-ն պլանավորում է ստեղծել ևս մի քանի տասնյակ աշխատատեղ: Շուտով Foody-ն, կայքից բացի, կունենա նաև հավելված, ինչն էլ ավելի հարմար կդարձնի այն օգտագործման համար:

Արտակը շեշտում է, որ ընկերությունը հատկապես ուշադիր է հումքի նկատմամբ՝ միայն տեղականը, միայն որակյալը, միայն փորձվածը. «Ոչ մի սառեցված և ներկրված սնունդ չենք օգտագործում, դա մեր սկզբունքն է: Օրինակ, հավի մսի միայն մեկ մատակակար ունենք, օգտագործում ենք միայն տեղական թարմ միս։ Նաև ջերմոցային տնտեսություն ենք փորձում վարել կողքից. դա հնարավորություն կտա համ ունենալ սեփական որակյալ հումք, համ ստեղծել հավելյալ աշխատատեղեր»:

Ընկերության համահիմնադրի խոսքով՝ իրենց գնային քաղաքականությունը ռեստորանի և խանութի մեջտեղում է՝ ռեստորանից 50 տոկոսով էժան, խանութներից 20-25 տոկոսով թանկ. «Բայց երկարաժամկետ հեռանկարում մեզ մոտից պատվիրելն ավելի ձեռնտու է՝ խնայվում է ժամանակը, ուտեստը պատրաստվում է պրոֆեսիոնալ (քանի որ տնային տնտեսուհին ամեն դեպքում չի պատրաստի 4 շեֆ խոհարարի պես, կան մասնագիտական նրբություններ), պատրաստվում է լիարժեք բաղադրատոմսով՝ բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով և այլն, և ամենակարևորը՝ չկա այդ մտազբաղ վիճակը, թե ինչ պատրաստել այսօր»:

Հայկական առաջին պիցցան՝ խանութներում

«Շուտով սուպերմարկետներում ունենալու ենք մեր պատրաստած պիցցաները, դա կլինի նորարարություն այնքանով, որ կունենանք առաջին տեղական կիսապատրաստի պիցցան խանութներում: Կան ներմուծված տարբերակներ, որոնք, սակայն, պատրաստված չեն թարմ մթերքներից և մի շարք քիմիական հավելումներ են պարունակում, դրանց պիտանելիության ժամկետն էլ մոտ մեկ տարի է: Իսկ մերը կլինի թարմ տեղական մթերքներից պատրաստված պիցցա, ինչպես և մեր բոլոր ուտեստները: Մենք խոհանոցում չունենք էլ ինչ-որ քիմիական հավելումներ, չենք օգտագործում: Ամեն ինչ պատրաստում ենք տեղական թարմ հումքից», - պատմում է Մարիամը:

Նրա խոսքով՝ դեռ պլանավորում են պիցցայից սկսել, բայց շուտով կընդլայնեն տեսականին:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Հրապարակվել են պաշտոնյաների հայտարարագրերը
Հայկական շուկայի սպասումները
Խոշոր հարկատու կորցնելուց մինչև երկաթուղու խնդիրներ
Ինչ է սպասում հարկատուներին 2021-ին
 Ուշադրության կենտրոնում
Քերոբյան. Թուրքիայի հետ սահմանի բացման հարց դեռ օրակարգում չկա

Քերոբյան. Թուրքիայի հետ սահմանի բացման հարց դեռ օրակարգում չկա «Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա

 Բաժնի այլ նյութերը
14,000 մարդ՝ անգործ կամ պարապուրդում Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին
Մնա տանը՝ կառաքեն Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
Մեծ փոփոխություններ՝ օնլայն տաքսիների տիրույթում Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն