Ինչպես ստեղծել հայկական ընկերություն ու վաճառել այն խաղային գիգանտին

Ինչպես ստեղծել հայկական ընկերություն ու վաճառել այն խաղային գիգանտին

Playrix Armenia դարձած Plexonic-ը՝ 1 տարի անց

2020-ը հատկապես հաջող տարի էր վիդեո խաղերի ինդուստրիայի համար. դրա եկամուտը տարվա կտրվածքով այնքան աճեց, որ գերազանցեց համաշխարհային կինոարտադրության և սպորտի համատեղ վաստակածը՝ հասնելով մոտ $180 մլրդ-ի: Մինչդեռ ֆիլմերի ինդուստրիան իր հոլիվուդյան բլոկբաստերներով ու պահանջված կոմիքսներով աշխատել է $100 մլրդ (2019-ի տվյալներով, քանի որ 2020-ն անհաջող տարի էր համավարակի պատճառով), իսկ համաշխարհային սպորտը՝ ընդամենը $75 մլրդ: Ի դեպ, խաղերի ինդուստրիայի եկամտի կեսը բաժին է հասնում բջջային խաղերին:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը զրուցել է Հայաստանում խաղերի ծրագրավորման առաջին ստուդիայի՝ Plexonic-ի հիմնադիր Գևորգ Սարգսյանի հետ, ով մոտ մեկ տարի առաջ վաճառել է ընկերությունն ինդուստրիայի համաշխարհային գիգանտ Playrix-ին: Playrix AM վերանվանված ընկերության տնօրենի հետ քննարկել ենք բջջային խաղերի ստեղծումը, Հայաստանում այս ինդուստրիայի զարգացման հեռանկարներն ու կարիերա կառուցելու հնարավորությունները:

Որքան էլ անհավատալի չթվա, Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում հիմնված Playrix-ն այժմ ներառվում է աշխարհում լավագույն բջջային խաղեր մշակող ընկերությունների եռյակում: Ըստ App Annie-ի՝ 2020-ին իր եկամուտներով Playrix-ը զիջել է միայն չինական գիգանտներ Tencent-ին ($49.8 մլրդ) ու NetEase-ին ($7.7 մլրդ)՝ սեպտեմբերի տվյալով վաստակելով $1.75 մլրդ (ակնկալվում էր, որ մինչ տարեվերջ ընկերության եկամուտը գերազանցելու է $2.5 մլրդ-ը), և իր հետևում թողնելով ամենահայտնի խաղերից մեկի՝ Call of Duty-ի ստեղծող ընկերությանը՝ Activision Blizzard-ին:

Մենակով սկսելուց մինչև մեծ կորպորացիայի մաս դառնալը

«Իմ ուղին այս ոլորտում սկսել եմ միայնակ: Առաջին ընկերությունն ընկերոջս հետ միասին հիմնադրել էինք Թաիլանդում, որտեղ մեկ տարի աշխատելուց հետո որոշեցի վերադառնալ Հայաստան և ստեղծել իմ ընկերությունը՝ Plexonic-ը: Այն ստեղծվել է 2008 թվականին: Մինչ այդ աշխատում էի Lycos Europe ՏՏ ընկերությունում, որը հետագայում ՀՀ-ում 20-ից ավելի ընկերության ստեղծման հիմք է դրել: Եվ հենց իմ ընկերության թիմում ներգրավված էին Lycos Europe-ի նախկին աշխատակիցներ», - վերհիշում է Գևորգը:

Տարիների ընթացքում ընկերությունն այնքան է աճել, որ գրավել է խաղային գիգանտ Playrix-ի ուշադրությունը. 2020-ի մարտին Plexonic-ի գնման գործարքն ավարտին հասցվեց:

«Playrix-ի խաղերն ամսական 100 մլն-ից ավելի մարդ է խաղում: Եվ մեզ համար դա մեծ հնարավորություններ է ստեղծում. այժմ մենք աշխատում ենք մեծ պոտենցիալ ունեցող նախագծերի վրա», - ասում է Գևորգը՝ վստահաբար նշելով, որ Playrix-ի հետ շատ ավելի լավ է, քան առանց:

Սեփական մասնագետներ պատրաստելու ուղին

«Plexonic-ի պատմության մեջ եղել է էտապ, երբ մենք բիզնեսից վերածվել էինք ավելի շատ ուսուցողական ֆունկցիա իրականացնող կառույցի, քանի որ մեր ջանքերի բավականին մեծ մասն ուղղված էր մասնագետ պատրաստելուն՝ վերջիններիս պակասի պատճառով: Իսկ այլ նմանատիպ ընկերություն չկար, որի պատրաստած մասնագետին մենք կկարողանայինք վերցնել մեզ: Այդպիսով՝ մենք կարծես վերածվել էինք դպրոցի», - հիշում է ընկերության հիմնադիրը: Խնդիր կար թե՛ ծրագրավորման ոլորտի մասնագետների հետ, քանի որ խաղերի ծրագրավորումն էապես տարբերվում է, թե՛ կրեատիվ մասնագետների հետ, քանի որ ՀՀ բուհերում չկա պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը:

Սցենարիստներ, իլյուստրատորներ, 3D մասնագետներ, ձեզ այստեղ սպասում են

«Եթե ՏՏ ընկերություններում հիմնականում աշխատում են ծրագրավորողներ և որոշ քանակի դիզայներներ, մեր ինդուստրիայում իլյուստրատորների, անիմատորների, սցենարիստների, թարգմանիչների, 3D մասնագետների, կոմպոզիտորների, ձայնային ինժեներների և կրեատիվ այլ մասնագետների քանակը շատ մեծ է, նրանք մեծապես ներգրավված են պրոդուկտի ստեղծման գործընթացի մեջ», - պատմում է Գևորգը:

Նրա խոսքով՝ այդ ամենի հետ մեկտեղ կա խնդիր՝ այդ ոլորտների ներկայացուցիչները Հայաստանում չեն պատկերացնում, որ կարող են մաս կազմել խաղերի ստեղծման ոլորտի. «Նույնիսկ եղել են դեպքեր, երբ մենք արտագաղթից «փրկել ենք» լավ կրեատիվ մասնագետների՝ առաջարկելով նրանց աշխատանք մեզ մոտ՝ բարձր աշխատավարձով, այն դեպքում, երբ նրանց մտքով անգամ չէր անցնում, որ կարող են ինտեգրվել այս ոլորտում»: Գևորգն ասում է՝ ընկերությունը մշտապես տաղանդներ փնտրելու ընթացքի մեջ է, այժմ էլ է փնտրում երկչափ իլյուստրատորների, խաղային դիզայներների, սցենարիստների, փրոջեքթ մենեջերների. «Օրինակ՝ ունենք նարատիվ դիզայների հաստիք, որը, կարծում եմ, Հայաստանում երբևէ չի բացվել, և դժվարանում ենք գտնել, հատկապես, որ հաստիքը որոշակի փորձ է ենթադրում խաղային ոլորտում»:

Հեռանկարներ՝ տաղանդավորների համար

«Հայաստանին խաղերի ծրագրավորման ոլորտը հետաքրքիր հեռանկարներ է տալիս՝ ներգրավելով կրեատիվ ունակություններ ունեցող մարդկանց: Եվ վերջիններիս քանակը հարյուրների կարող է հասնել: Այս ոլորտը կարող է մրցակցել ֆիլմերի ինդուստրիայի հետ: Երկու ոլորտում էլ կարևոր է տաղանդավոր մարդկանց ներգրավումը, միայն տեխնիկականը չէ», - նշում է Գևորգը՝ զուգահեռներ տանելով ֆիլմարտադրության և խաղերի ծրագրավորման ոլորտների միջև:

«Մեր երկրում շատ կրեատիվ մարդիկ կան, բայց շատ հաճախ չգիտեն՝ որտեղ գործածել իրենց տաղանդը, և տեղ չունեն դրսևորելու իրենց ունակությունները: Եվ մեր ոլորտը տալիս է այդ հնարավորությունը՝ կառուցելու կարիերա հենց Հայաստանում՝ ստանալով մրցակցային աշխատավարձ ու գիտելիքների աճ և փորձ», - ասում է հայաստանյան Playrix-ի հիմնադիրը:

Թիմը պետք է լինի համախմբված, միջազգային և կանանցով լի

«Մեր թիմում այժմ 30 հոգի է, բայց կաճենք մինչև մի քանի հարյուր: Մենք աճում ենք զգուշորեն և ներդաշնակորեն՝ ըստ անհրաժեշտության և հնարավորության: Մեզ մոտ թիմային մշակույթը բարձր մակարդակի վրա է, թիմը համախմբված է», - նշում է Գևորգը:

Նա նաև ասում է, որ միշտ կողմ են արտերկրից մասնագետ ներգրավելուն, քանի որ միջազգային թիմ ունենալն ունի իր առավելությունները փորձի և մշակույթի փոխանակման տեսանկյունից:

Ըստ Գևորգի՝ կանայք իրենց թիմի մոտ 35 տոկոսն են կազմում, ինչը բարձր ցուցանիշ է ոլորտի համար. «Մեկ աղջիկ-ծրագրավորող ունենք, բայց հարակից ոլորտներում շատ են՝ դիզայներներ, իլյուստրատորներ, սցենարիստներ: Թիմում բալանսի համար շատ կարևոր է, որ կանայք էլ աշխատեն, այդպես աշխատանքն ավելի ներդաշնակ է դառնում: Եվ մենք երբեք տարբերություն չենք դրել՝ ըստ սեռերի», - ասում է Գևորգը՝ հավելելով, որ իրենց մոտ հավասարաչափ գնահատված են բոլոր աշխատակիցները՝ անկախ սեռից, տարիքից, գրասենյակից, տնից կամ նույնիսկ արտերկրից աշխատելու հանգամանքից:

Սովորել ոչ թե բուհում, այլ հենց աշխատավայրում. Playrix-ը կսովորեցնի

«ՏՏ ոլորտում աշխատելու համար երբեմն ավելի լավ է չսովորել բուհում, այլ ստանալ գիտելիքներ՝ աշխատելով որևէ ՏՏ ընկերությունում: Այդ ոլորտի հետ կապ ունեցող մասնագիտությունների դեպքում դա շատ հաճախ ավելի էֆեկտիվ ճանապարհ է՝ աճելու և կայանալու որպես մասնագետ», - կարծում է Գևորգը:

Այժմ նրանք մշակում են 2 ծրագիր, որոնք թույլ կտան որոշ մասնագետների ավելի հեշտությամբ աճել մինչև այն մակարդակ, որում կկարողանան միանալ Playrix-ի կամ նման այլ ընկերության թիմին: Մի ծրագիրը նախատեսված է իլյուստրատորների համար, որոնք ընկերության մասնագետների վերահսկողության տակ հնարավորություն կունենան աճելու և զարգացնելու իրենց հմտությունները. լավագույններին ընկերությունը կարող է ներառել իր թիմում: Իսկ մյուս ծրագրով նախատեսված է ստեղծել տեսադասեր հայերենով, որոնք կտեղակայվեն բաց աղբյուրներում, որտեղ ընկերության մասնագետները կպատմեն խաղային ոլորտի գաղտնիքները, նրբությունները: Սկզբնական էտապում խոսքը ևս երկչափ իլյուստրացիայի մասին է լինելու, սակայն հետագայում տեսադասերը կընդգրկեն թեմաների ավելի լայն շրջանակ:

Գեյմինգը գեմբլինգ չէ, չունի վատ հետևանքներ

Պարզվում է, որ խաղային ոլորտը՝ գեյմինգը, երբեմն խառնում են օնլայն կազինոների և տոտալիզատորների ոլորտի՝ գեմբլինգի հետ, բայց դրանք իրար հետ բացարձակապես կապ չունեցող՝ տարբեր ինդուստրիաներ են: «Մենք զբաղվում ենք casual խաղերով, որոնք նախատեսված են խաղացողների լայն շրջանակի համար՝ երեխաներից մինչև մեծահասակներ և բոլոր սեռերի համար: Մեր խաղերը չունեն ոչ մի բացասական հետևանք: Ի դեպ, մեր խաղերի օգտատերերը հիմնականում միջին տարիքի կանայք են, կազմում են աուդիտորիայի 55-60 տոկոսը: Եվ նրանք շատ հավատարիմ օգտատերեր են, տարիներ շարունակ կարող են խաղալ և հետևել այդ խաղերին», - ասում է ընկերության հիմնադիրը:

Մարդիկ երբեք չեն հոգնի խաղալուց

«Ուղղակի անհնար է, որ մարդիկ հոգնեն խաղալուց, ինչպես, օրինակ, երբեք չեն հոգնի ֆիլմերի ոլորտից: Խաղերը մեր կյանքում ֆենոմենալ նշանակություն ունեն և գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում՝ դառնալով ժամանցի հիմնական ձևերից մեկը: Քանի որ մեր հեռախոսները միշտ մեզ մոտ են, և դրանցով կարելի է շատ բարդ ու որակյալ խաղեր խաղալ, մյուս կողմից՝ առաջարկն էլ մեծացել է, մարդիկ էլ ավելի են հետաքրքրված: Բացի այդ, խաղերը շատ հասանելի են, շատ հաճախ անվճար են, մեկ խաղի սեսսիան կարճ է, և մարդկանց շատ հարմար է օրվա տարբեր ժամերի տարբեր խաղեր խաղալ», - նշում է Գևորգը:

Ասում է՝ խաղը թույլ է տալիս մարդուն տեղափոխվել այլ աշխարհ, որտեղ նա ուրիշ՝ հետաքրքիր դեր ունի, այլ խնդիրներ է լուծում. «Խաղն ընդամենը պատմություն է՝ պատմված այլ կերպ, իսկ պատմությունները և դրանց վերապրումը կարևորագույն դեր են խաղում մարդու զարգացման և ուսուցման համար»:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---