Վիրտուալ մոմեր՝ վիրտուալ ծնունդին

Վիրտուալ մոմեր՝ վիրտուալ ծնունդին

Ինչ է Metaverse-ն ու երբ այն մեզ կհասնի

Հինգ տարի հետո ծննդյանդ օրը կարող ես նշել վիրտուալ տորթի վիրտուալ մոմերը փչելով, վիրտուալ ընկերներդ անկախ ձեզ բաժանող տարածությունից ևս ներկա կլինեն։ Բայց երբ դուրս գաս մետաիրականությունից, հանես VR ականջակալները, AR ակնոցներն ու խելացի թևնոցները, կտեսնես, որ քո իմացած իրականության մեջ միայնակ ես։

PanARMENIAN.Net - Սա կարող էր լինել «Սև Հայելի» սերիալի նոր էպիզոդի սցենարը, բայց մետատիեզերքն այսօր առավել իրական է, քան երբևէ։

Ամերիկացիների 38 տոկոսը մետավերսի մասին ոչինչ չի լսել, 51 տոկոսն աղոտ պատկերացում ունի մետատիեզերքի մասին ու միայն 11 տոկոսն է թեմայից բավականաչափ տեղյակ։ Եթե լսել եք վիրտուալ և ընդլայնված իրականության, արհեստական բանականության կամ մետավերսի մասին, բայց առանձնապես չեք հետաքրքրվել, ապա ճիշտ ժամանակն է գոնե պատկերացում կազմել դրանց վերաբերյալ։ Թեկուզ նրա համար, որ 2022-ը մետաիրականության նոր դարաշրջանի սկիզբն է (© Մարկ Ցուկերբերգ)։

Ի՞նչ է մետատիեզերքը (պարզ բառերով)

«Մետատիեզերք» տերմինն առաջին անգամ հայտնվել է Նիլ Սթիվենսոնի «Ավալանշ» վեպում՝ 1992 թվականին։ Ուղիղ երեք տասնամյակ առաջ Սթիվենսոնի գրքում ներկայացված վիրտուալ իրականությունը գիտաֆանտաստիկ ժանրից էր։ Այսօր տեխնոլոգիական հսկաներն արդեն ահռելի ներդրումներ են անում այս ուղղությամբ։

2021-ին Facebook-ը դարձավ Meta և Ցուկերբերգը խոստացավ, որ ընդամենը հինգ տարում մարդկությունը կկարողանա տեղափոխվել մետաիրականություն։ Meta-ն մետատիեզերքի իրագործման համար արդեն 10 միլիարդ դոլլար է ներդրել։ Այս գաղափարի շուրջ աշխատելու համար 10 հազար աշխատատեղ կբացվի։

Մետատիեզերքը ֆիզիկականի ու թվայինի հատման կետն է։ Ամեն ինչ՝ ինչպես իրական կյանքում։ Դե, գրեթե ամեն ինչ։ Մարդիկ կունենան իրենց դեմքով ավատարներ, կշփվեն ընկերների հետ, վիրտուալ համերգների ու կոնֆերանսների կմասնակցեն, կկահավորեն տունը վիրտուալ իրերով, և նույնիսկ ճամփորդության կմեկնեն և կշրջեն վիրտուալ Փարիզում։ Եթե մի քանի բառով, ապա կարելի է ցիտել Ցուկերբերգին.

«Մենք անցնում ենք հնարավորի սահմանը, հատում ենք ֆիզիկական տարածության սահմանները»:

Մետավերսը մի քանի հիմնարար սկզբունք ունի՝

- Պետք է աշխատի առանց դադարների ու խափանումների։

- Օգտատերերի թիվը չպետք է սահմանափակվի։

- Պետք է ունենա անկախ, լիարժեք գործող տնտեսական համակարգ։

- Պետք է կապի իրական և վիրտուալ կյանքը։

- Բոլոր օգտատերերը պետք է սեփական բովանդակությունը ստեղծելու հնարավորություն ունենան։

Ոլորտի հսկաները

Մետատիեզերք ստեղծելու ու կառավարելու մենաշնորհն ամենևին էլ Ցուկերբերգինը չէ։ Տեխնոհսկաները, օրինակ՝ Roblox-ը կամ Microsoft-ը, երկարաժամկետ պլաններ ունեն ու չեն խնայում ո՛չ մարդկային և ո՛չ էլ ֆինանսական ռեսուրսները։

Տարբեր տվյալներով վիրտուալ ու իրական աշխարհների այս միքսը տնտեսական ահռելի հնարավորություններ ունի։ 2020-ին մետատիեզերքի ֆինանսական շրջանառությունը 46 միլիարդ դոլլար էր։ Սպասվում է, որ 2030-ին այս թիվը կհասնի 2.5 տրիլիոն դոլարի։ Միայն այս թիվն իմանալով կարելի է հասկանալ, թե ինչու են ներդրողները հարյուր հազարավոր դոլարներ ծախսում «վիրտուալ հողատարածք» գնելու համար։ Կամ թե ինչու է մի բիզնեսմեն 450,000 դոլար վճարել՝ վիրտուալ տիրույթում Սնուփ Դոգի հարևանը լինելու համար։

Խրախճանքին միացել են մեզ հայտնի այլ ընկերություններ ևս։ Nike-ը, օրինակ, պատրաստվում է մետատիեզերքում բրենդի սպորտային կոշիկներն ու մարզահագուստը վաճառել։ Walmart-ը ևս խաղում է նոր կանոններով։ Պլանավորում է ստեղծել իր սեփական կրիպտոարժույթը և վաճառել վիրտուալ ապրանքներ՝ էլեկտրոնիկա, տնային պարագաներ, մարզասարքեր և այլն։

Մեդալի հակառակ կողմը

Մետաիրականությունը դեռ իրականություն չէ, բայց արդեն լուրջ քննադատության կենտրոնում է։ Առաջին և ամենակարևոր խնդիրը, իհարկե, անձնական տվյալների պահպանությանն ու անվտանգությանն է վերաբերում։ Ի՞նչ կլինի, երբ մի քանի խոշոր կազմակերպություն տիրապետեն միլիոնավոր մարդկանց անձնական տվյալներին, բառացիորեն մտնեն մարդկանց վիրտուալ կյանք ու առօրյա։ Մետատիեզերքի մոլի քննադատները պնդում են, որ մարդիկ կդառնան վերահսկելի, հեշտ թիրախավորվող և անպաշտպան։ Կիբերբուլլինգը կհասնի նոր՝ ավելի վտանգավոր մակարդակի։

Դե իսկ Ցուկերբերգի տեսաուղերձների տակ YouTube-ում մեկնաբանություն գրող օգտատերերից շատերն էլ մետատիեզերքի մասին լսելուց հետո որոշել են ազատվել բոլոր գաջեթներից և գնալ անտառ՝ իրականության զգացումը չկորցնելու ու «փրկվելու» համար։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---