Երգի տոնին՝ քաղաքական հրավառություն

Երգի տոնին՝ քաղաքական հրավառություն

Ի՞նչ է կատարվում Եվրատեսիլի հետնաբեմում

Քաղաքական խաղերն արդեն վաղուց միայն քաղաքական գործիչների մենաշնորհը չեն: Երբ ամեն տարի Եվրատեսիլի արդյունքներից դժգոհ հայ հեռուստադիտողն ասում է՝ «երգի մրցույթ չի, քաղաքականություն ա, մյուս տարի պիտի չմասնակցենք», Եվրոպայի ինչ-որ անկյունում թաքուն ժպտում են Եվրոպական հեռարձակողների միության ղեկավարները:

PanARMENIAN.Net - Քաղաքական ենթատեքստով սկանդալների պակաս Եվրատեսիլում չկա: Երգերի ընտրությունից մինչև քվեարկություն, ելույթներ ու գրկախառնություններ: Մրցույթն այնքան են կարևորում ու քննարկում, որ «Եվրատեսիլի գծով փորձագետը» դարձել է մասնագիտացում: Հենց այս փորձագետներն էլ հաստատում են, որ Եվրատեսիլի 800 միլիոնանոց լսարանը վաղուց արդեն երգի տոնին քաղաքական հրավառության ականատես է դառնում:

Երգը զենք դարձրած

Մանկական Եվրատեսիլում Հայաստանի հաղթանակն ու մասնակցի կատարումը սոցցանցերում միանգամից երկրորդ պլան մղվեցին, երբ տարածվեց հայ ու ադրբեջանցի մասնակիցների գրկախառնության կադրերը: Եվրատեսիլում սա արդեն օրինաչափություն է. Ամենափայլուն կոստյումն ու ամենահզոր ձայնն էլ կարող են հայտնվել քաղաքական սկանդալի ստվերում:

2009-ին որոշ ադրբեջանցիներ այնքան էին հավանել Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան-Ջան»-ը, որ հայտնվել էին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունում: Հայաստանի օգտին քվեարկած 43 ադրբեջանցու հարցաքննել էին, բացատրություն պահանջել ու ամոթանք տվել: Սա միանգամից հայտնվեց միջազգային լրատվամիջոցների էջերում: Ադրբեջանցի մի տղա պատմում էր, որ իր վրա հոգեբանական ճնշում են գործադրել, մեղադրել անհայրենիք լինելու մեջ և Հայաստանի օգտին քվեարկելը որակել են ազգային անվտանգության հարց:

2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հայկական պատվիրակությունն ասում էր՝ Don’t Deny/Մի Ժխտիր: Որևէ ենթատեքստից խուսափելու համար երգի վերնագիրը փոխվեց: Այս անգամ հայ մասնակիցներն ասում էին Face The Shadow/Առերեսվիր Ստվերին: Մեկ տարի հետո, երբ Իվետան ծածանեց Արցախի դրոշը, Եվրատեսիլի կազմակերպիչները նախ դատապարտեցին դա, հետո հատուկ սահմանեցին, թե որ դրոշներն է կարելի ծածանել:

Արևմուտքի փափուկ ուժը

Եվրատեսիլի քաղաքական բնույթից խոսելիս Հարավային Կովկասով սահմանափակվել պետք չէ: 1956-ին մեկնարկած մրցույթի հիմքում պատերազմի պատճառով պառակտված Եվրոպայի միասնականության վերականգնումն էր: Տասնամյակներ անց երգի Եվրոպական տոնին 40-ից ավելի երկիր է մասնակցում: Մասնակցության նպատակները միշտ չէ, որ Եվրոպայի միասնականությունն են արտացոլում: Երբ Էստոնիան 2001-ին հաղթեց մրցույթը, երկրի վարչապետը հայտարարեց, որ հենց երգի միջոցով էլ Սովետական Միությունից կքայլեն դեպի Եվրոպա:

2008-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո Վրաստանը փորձեց Մոսկվայում կայանալիք մրցույթին մասնակցել «We Don't Wanna Put In» երգով: Թեև Պուտինի անվան շահարկումն ակնհայտ էր, բայց Վրաստանն հրաժարվեց խմբագրել երգը ու չմասնակցեց մրցույթին: Ի դեպ, 2009-ին Մոսկվայում անցկացված երգի մրցույթն իր մասշտաբներով մինչև այդ կազմակերպված ամենահզոր միջոցառումն էր: Եվրատեսիլն ու դրա ենթատեքստն ուսումնասիրող փորձագետներն ասում են, որ ռուս-վրացական լարվածությունից հետո մրցույթը Եվրոպայում Ռուսաստանի իմիջը շտկելու լավ առիթ էր, որն արժեցավ 30 միլիոն եվրո: Մոսկվայում հյուրերին դիմավորելուց առաջ մայրաքաղաքի փողոցներից 30 հազար փողոցային շուն էին հեռացրել: Անտուններին ու մարմնավաճառներին եվրոպացիների աչքից հեռու էին տարել: Մի խոսքով՝ քաղաքը պատրաստել էին եվրոպական տեսախցիկների համար:

Քվեարկությունը

Ոչ թե ենթադրություններով, այլ տասնյակ տարիների տվյալները վերլուծելով Եվրատեսիլում քվեարկության հստակ միտումներ են առանձնացվել: Սկանդինավյան խումբ, Բալկանյան խումբ, Ռուսաստանին միավորներ շնորհող հետսովետական երկրների խումբ, Թուրքիայի դեմ աշխատող Հունաստան-Կիպրոս տանդեմ և այլն… Քաղաքական առևտուրը միշտ չէ, որ որոշիչ է, բայց Եվրատեսիլյան երգ ու պարի արանքում պետությունները հաճախ փորձում են տեղավորել նաև իրենց քաղաքական շահերը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---