«Անծուխ Հայաստանի» մշուշոտ հեռանկարը

«Անծուխ Հայաստանի» մշուշոտ հեռանկարը

Ծխախոտի դեմ պայքարի հայաստանյան փորձարկումն ու միջազգային փորձը

Ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից Հայաստանում տարեկան 5000֊ից ավելի մարդ է մահանում։ Համեմատության համար համավարակի սկզբից ի վեր (այսինքն՝ մոտ 2 տարում) Հայաստանում քովիդ֊19֊ի հետևանքով 8053 մարդ է մահացել, ևս 1535 վարակակիր էլ այլ պատճառներով են մահացել։

PanARMENIAN.Net - Կոպիտ հաշվարկներով վերջին երկու տարում Հայաստանում ծխախոտի պատճառով մահացել է գրեթե այնքան մարդ, որքան կորոնավիրուսի հետևանքով։

Նոր օրենքը

Հայաստանում ծխախոտային համավարակի դեմ օրենսդրական մակարդակով են փորձում պայքարել։ Ընտրված մեթոդների արդյունավետությունը ցույց կտա ժամանակը, բայց այս փուլում Հայաստանում արդեն արգելվել է ծխախոտների կամ դրանց փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ Մարտի 15-ից էլ ռեստորաններում, առևտրի կենտրոններում և այլ փակ տարածքներում կարգելվի բոլոր տեսակի ծխախոտների օգտագործումը։ Օրենքը քննադատողները պնդում են, որ «ծխողն այլընտրանք միշտ էլ կգտնի, վաճառողն էլ տակից կվաճառի», սատարողներն էլ հակադարձում են, որ «նոր օրենքով հատկապես կնվազեցվի դեռահասների շրջանում ծխողների թիվը»։

Խոսենք թվերով

Առողջապահության նախարարության տվյալով ծխախոտից առաջացած հիվանդությունների հետևանքով պետությունն ամեն տարի շուրջ 270 միլիարդ դրամի ծախս է անում։ ԱՀԿ֊ի և ՄԱԿ֊ի հետ համատեղ զեկույցից էլ պարզ է դառնում, որ Հայաստանում 18-ից մինչ 69 տարեկան բնակչության մոտ 28 տոկոսը ծխում է։ Կրկնակի շատ է երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվողների թիվը։ Պատկերը մտահոգիչ է նաև դպրոցահասակ դեռահասների շրջանում։ Տղաների 8%֊ը և աղջիկների 3,5%֊ը կյանքում գոնե 1-2 անգամ ծխախոտ փորձել են։

ԱՀԿ տվյալով աշխարհում 1.3 միլիարդ ծխողների 80%-ն ապրում են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում։ Ամեն տարի ծխախոտի և դրա հետևանքների պատճառով աշխարհում 8 միլիոնից ավելի մարդ է մահանում։ Մեկ միլիոնից ավելին չծխողներ են։ Ծխողների թոփ տասնյակում գտնվող Լիբանանն օրինակ 42.60% տոկոս, իսկ Հունաստանը 39.10% ցուցանիշ ունեն։ Հայաստանը տասներորդ հորիզոնականում գտնվող Բուլղարիային (38.90%) զիջում է տասը տոկոսով։

Ծխախոտի արտադրությունը և հարկային քաղաքականությունը

Հայաստանում ծխախոտի արտադրության, հետևաբար նաև արտահանման նվազման միտում կա։ Պատճառներնից մեկն, ըստ փորձագետների, կորոնավիրուսի հետևանքով առաջացած բազմաբնույթ սահմանափակումներն են։ Մեկ այլ հնարավոր վարկած էլ կապվում է 44֊օրյա պատերազմի հետևանքների հետ։ Մինչև պատերազմն Արցախում արագ տեմպերով զարգանում էր ծխախոտի մշակությունը։ Արտադրող ընկերություններից մեկն Արցախում ծխախոտի մթերման մի քանի տեղամաս էր բացել։ Տարբեր տվյալներով ծխախոտագործությամբ զբաղվելու համար Արցախում շուրջ երկու հարյուր հեկտար հողատարածք կար։ Դրանց մեծ մասն Արցախյան վերջին պատերազմում թշնամին օկուպացրել է։

2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ, 2021-ի նույն ժամանակահատվածում ծխախոտի արտադրությունը նվազել է 18.7%-ով։ 2020 թվականին 94 միլիարդ դրամի ծխախոտ է արտադրվել, 2021֊ին՝ 59 միլիարդի։ Ծխախոտ արտադրող հինգ կազմակերպությունները Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։

Վիճակագրական կոմիտեի տվյալով նվազել է նաև արտահանումը՝ 2019֊ի համեմատ շուրջ 13.5%-ով։ Պետեկամուտների կոմիտեի զեկույցն էլ ցույց է տալիս, որ ներմուծված ծխախոտների թիվը 2020֊ին նվազել է 800 միլիոնով։ Միտումը պահպանվել է նաև 2021֊ին։

Հայաստանում ծխախոտային արտադրանքի հարկային քաղաքականությունը ևս վերանայման փուլում է։ Տնտեսական աճի և հարկային մուտքերի առումով ծխախոտի արտադրությունն ու արտահանումը Հայաստանի տնտեսության համար բավականին ձեռնտու ճյուղ է։ Պարտադիր չէ տնտեսագետ լինել, հասկանալու համար, որ ցածր ակցիզային հարկի դեպքում արտահանման հնարավորություններն ավելի բարենպաստ են։ 2021֊ին 1000 հատ ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը 11 070 դրամ էր, մինչև 2023-ի ավարտը դրույքաչափը նախատեսում են բարձրացնել մինչև 14640 դրամ։ Սահմանված հարկերը վերանայվում են ոչ միայն Հայաստանի կառավարության ցանկությամբ, այլև ԵԱՏՄ հարկային քաղաքականությանը համահունչ լինելու պարտավորությամբ։

Միջազգային փորձը

Կարևոր է նշել, որ աշխարհում ծխախոտի դեմ պայքարը չի սահմանափակվում ավանդական ծխախոտներով։ Թիրախում են նաև ծխախոտին այլընտրանք համարվող էլեկտրոնային սիգարետները, վեյփերը և այլն։ Դպրոցներում հատուկ դասընթացներից մինչև մեդիա արշավներ և գովազդներ, խրախուսող սիմվոլիկ գումարից մինչև թանկացումներ և կտրուկ արգելքներ։ Նոր Զելանդիայում օրինակ 2008 թվականից հետո խնվախներին ծխախոտի և դրա փոխարինիչների վաճառքը կտրականապես և առանց բացառությունների կարգելվի։ Ծխախոտի դեմ պայքարելու տասնյակ միջոցներ են մշակվել, բայց դրանց արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել միայն երկարաժամկետ հեռանկարում։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---