Նեղ օրվա համար

Նեղ օրվա համար

Տնտեսական պատերազմում ՌԴ-ն կիրառում է զինանոցի բոլոր զենքերը

Արևմուտքի հայտարարած տնտեսական պատերազմին Ռուսաստանը փորձում է դիմակայել զինանոցում պահված տնտեսական բոլոր գործիքներով: Նույնիսկ արևմտյան մամուլն է ընդունում, որ 2014-ի պատերազմից հետո Ռուսաստանն իր տնտեսությունը հետևողականորեն պատրաստել է հենց այս պահի համար: Դրա համար էլ այսօր ողնաշարը կորացել է, բայց չի կոտրվել:

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարությունը պատժամիջոցներին դիմակայելու մի քանի ուղղություն է ընտրել: Կորցրածի այլընտրանքը գտնելն ու ունենալն այս պահին Ռուսաստանի տնտեսությունը պահող հիմնաքարերից է: Պատասխան պատժամիջոցների փաթեթները ևս մշակման փուլում են:

Նախ՝ միջազգային վճարային համակարգերի մասին: Մարտի 6-ից Ռուսաստանում իրենց գործունեությունն են դադարեցրել Visa և Mastercard վճարային համակարգերը: Սա նշանակում է, որ ռուսական բանկերի թողարկած Visa և Mastercard քարտերը կշարունակեն գործել Ռուսաստանի տարածքում, բայց չեն աշխատի արտասահմանում: Այստեղ Ռուսաստանը երկու այլընտրանք ունի: Դրանցից առաջինը ռուսական «Мир» վճարային համակարգի քարտերն են: Լուծման այս տարբերակի ամենամեծ խնդիրն այն է, որ «Мир» քարտերն ընդունում են շուրջ մեկ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը: Ի դեպ, Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է Հայաստանի կենտրոնական բանկին՝ խնդրելով կասեցնել «Мир» քարտերի հետ կապված բոլոր գործողությունները: Երկրորդ այլընտրանքը չինական UnionPay ազգային վճարային համակարգն է, որը հասանելի է աշխարհի 180 երկրներում:

Խոսելով Չինաստանից կարևոր է ընդգծել, որ այս փուլում Ռուսաստանի տնտեսությունը շահում է նաև Չինաստանի որդեգրած քաղաքականության շնորհիվ: Չինացիները չեն միանում արևմուտքի պատժամիջոցներին, ասում են, որ պատժամիջոցները համաշխարհային տնտեսության համար միայն գլխացավանք կդառնան, հետևաբար նաև օգնում են Ռուսաստանին շրջանցել որոշ խնդիրներ: Մեկ այլ կարևոր հանգամանք ևս: Չինաստանը շարունակում է Ռուսաստանի հետ նավթի և գազի բնականոն առևտուրը: Բացի սրանից, չինական ընկերությունները կարող են այլընտրանք առաջարկել Ռուսաստանից հեռացող բոլոր բրենդների համար՝ մեքենաներից մինչև հագուստ ու տեխնիկա:

Վերադառնալով ֆինանսական սեկտորին: Պատժամիջոցների մեկ այլ փաթեթով ռուսական որոշ բանկերի անջատեցին ֆինանսական հաղորդագրությունների փոխանակման SWIFT համակարգից: Սրա լուծման մասին Ռուսաստանը մտածել էր դեռ 2014-ի պատերազմից հետո և ստեղծել սեփական՝ «ռուսական SWIFT»-ը: Խնդրահարույց է միայն այն փաստը, որ համակարգից կարող են օգտվել ԱՊՀ երկրները, միջազգային մյուս գործընկերների հետ հաղորդակցման այլ ճանապարհներ են մշակվում:

Որոշումներ են կայացվում նաև պարենային անվտանգությունը ապահովելու և ներքին շուկան կայունացնելու համար: Հրամանագրերից մեկով սահմանափակումներ են մտնում Ռուսաստանից ապրանքատեսակների և հումքի արտահանման ու ներմուծման վրա: Ռուսաստանից որոշ ապրանքատեսակների արտահանումը թույլատրվում է միայն ԵԱՏՄ երկրների տարածքում: Մինչև օգոստոսի 31-ը ցորենի և շաքարի արտահանումը կասեցվել է նույնիսկ ԵԱՏՄ երկրների համար:

Երկրում ֆինանսական կայունությունն ապահովելու համար Վլադիմիր Պուտինի հրամանով արգելվել է նաև երկրից դուրս բերել 10 հազար դոլարից ավելի գումար: Ինչ վերաբերում է ռուսական շուկայից հեռացող ընկերություններին՝ դրանց համար սահմանվել է արտաքին կառավարում: Պարզ ասած, եթե արտասահմանյան ընկերությունը անհիմն կերպով որոշում է փակել ընկերությունը կամ հեռանալ երկրից, ապա կառավարությունն առաջարկում է սահմանել արտաքին կառավարում և ընկերությունները հանձնել նրանց, ովքեր պատրաստ են շարունակել աշխատանքը: Ռուսաստանի կառավարության պնդմամբ այստեղ առանցքային հարցն աշխատատեղերի պահպանումը և ոլորտային գործունեության շարունակումն է: Իշխող կուսակցությունը սա համարում է Ռուսաստանից հեռացող օտարերկրյա ձեռնարկությունների գույքի պետականացմանն ուղղված առաջին քայլ:

Սրան զուգահեռ Ռուսաստանը պնդում է, որ շարունակելու է մնալ «էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավոր»: Պաշտոնական Կրեմլի ձևակերպմամբ, սրա ապացույցն այն է, որ Ռուսաստանը շարունակում է էներգակիրներ մատակարարել այն երկրներին, որոնք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանում և տնտեսական պատերազմ հայտարարում: Չնայած այս հայտարարություններին, Ռուսաստանում արդեն կազմել են ոչ բարեկամական գործողություններ իրականացնող երկրների ցանկը և պատրաստում են պատժամիջոցների իրենց փաթեթները:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---