H8ful Eight

H8ful Eight

NASA-ն ընդլայնել է Արեգակնային համակարգի ուսումնասիրության ութ մոլորակային առաքելություն

Գիտական շրջանակներից, արդյունաբերության ոլորտից ու NASA-ից ներգրավված անկախ փորձագետների խմբի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ԱՄՆ աէրոտիեզերական գործակալությունը որոշել է ընդլայնել Արեգակնային համակարգի ուսումնասիրությամբ զբաղվող ութ առաքելություն:

PanARMENIAN.Net - Ընտրության հիմնական չափանիշներն են եղել հետագա հայտնագործությունների ներուժն ու կարևոր գիտական խնդիրների լուծումը: Ընտրվել են նախկինում արդեն իրենց արդյունավետությունը ցույց տված, հուսալի ծրագրեր։ PanARMENIAN.Net ն ուսումնասիրել է ընդլայնված առաքելությունների ցուցակը:

OSIRIS-APEX (OSIRIS-APophis Explorer)

Արեգակնային համակարգի աստերոիդների ուսումնասիրության OSIRIS-REx (The Origins, Spectral Interpretation, Resource Identification, Security-Regolith Explorer) առաքելության շրջանակներում գործող ավտոմատ տիեզերական ապարատն այս պահին վերադառնում է Երկիր՝ իր հետ բերելով Բենու աստերոիդից դեռ 2020թ-ին ստացված նմուշները: Դրանից հետո մեկնարկելու է OSIRIS-APEX (OSIRIS-APophis Explorer) առաքելությունը, որն ընդլայնելու է OSIRIS-Rex-ը՝ ուղարկելով սարքը մեկ այլ երկնային մարմնի՝ S-տիպի Ապոֆիս աստերոիդի մոտ: Այն ունի մոտավորապես 370 մետր տրամագիծ, ու 2029թ-ին անցնելու է Երկրից 32 000 կմ հեռավորության վրա: OSIRIS-APEX-ը դուրս կգա Ապոֆիսի ուղեծիր Երկրի շուրջ պտույտից հետո, ինչը թույլ կտա աննախադեպ մանրամասնությամբ ուսումնասիրել երկնային մարմինը, մասնավորապես՝ տեսնել մեր մոլորակի մոտակայքով անցնելու հետևանքով աստերոիդի վրա երկրաբանական փոփոխություններն ու փորձել նմուշներ հավաքել:

MAVEN (The Mars Atmosphere and Volatile Evolution)

MAVEN-ը պլանավորում է ուսումնասիրել Մարսի մթնոլորտի ու մագնիսական դաշտի փոխազդեցությունը առաջիկա արեգակնային մաքսիմումի ժամանակ: Արեգակի 11-ամյա ցիկլում ակտիվության մակարդակի աճի ընթացքում MAVEN-ը թույլ կտա խորացնել գիտելիքները Արեգակի հետ Մարսի վերին շերտերի ու մագնիսական դաշտի փոխազդեցության մասին:

InSight (Interior Exploration using Seismic Investigations, Geodesy and Heat Transport)

2018-ին InSight ծրագրի շրջանակներում Մարսի վրա վայրէջք կատարեց Երկրից դուրս առաջին ակտիվ սեյսմիկ կայանը: «Մարսաշարժերի» սեյսմիկ մոնիտորինգը թույլ է տվել ճշգրտել Մարսի ներքին կառուցվածքի, դրա ձևավորման ու ակտիվության մասին մոդելները: Ընդլայնված առաքելությունը շարունակելու է սեյսմիկ ու օդերևութաբանական մոնիթորինգը, եթե, իհարկե, սարքն աշխատունակ մնա: NASA-ում շեշտում են, որ սարքի արևային պանելների վրա փոշու կուտակման հետևանքով էլեկտրաէներգիայի արտադրությունը փոքր է, ու առաքելությունը դժվար թե կարողանա շարունակել աշխատանքը իր ընթացիկ երկարաձգման ժամկետում, եթե մարսյան պատահական փոթորիկը դրանք չմաքրի:

LRO (Lunar Reconnaissance Orbiter)

Lunar Reconnaissance Orbiter ավտոմատ միջմոլորակային կայանը շարունակելու է Լուսնի մակերևույթի ու երկրաբանության ուսումնասիրությունը: Սարքի ուղեծրի փոփոխությունը թույլ կտա մանրակրկիտ ուսումնասիրել ինչպես բևեռներից հեռու, այնպես էլ՝ դրանց մոտ մութ տարածքները, որտեղ կարող է ջրային սառույց հայտնաբերվել: LRO-ն նաև զգալի ծրագրային աջակցություն է ցուցաբերելու առաջիկայում մարդկանց Լուսին վերադարձնելու հարցում:

MSL (Mars Science Laboratory)

Մարսյան գիտական լաբորատորիան ու իր Curiosity մարսագնացն արդեն անցել են ավելի քան 27 կիլոմետր Կարմիր մոլորակի մակերևույթով՝ ուսումնասիրելով Գեյլի խառնարանը: Իր չորրորդ ընդլայնման շրջանակներում սարքը կհասնի ավելի մեծ բարձունքների՝ ուսումնասիրելով կրիտիկական սուլֆատակիր շերտերը, որոնք բացառիկ ինֆորմացիա են պարունակում Մարսի մակերևութային ջրերի պատմության մասին:

New Horizons

2015-ին New Horizon ավտոմատ միջմոլորակային կայանն անցավ Պլուտոնի, իսկ 2019-ին՝ Կոյպերի գոտու Արոկոտ օբյեկտի մոտով: Իր երկրորդ ընդլայնված առաքելության շրջանակներում New Horizon-ը կշարունակի ուսումնասիրել Արեգակնային համակարգի մատույցները՝ Երկրից ավելի քան 63 աստղագիտական միավոր (9 մլրդ 450 մլն կմ) հեռավորության վրա:

Mars Odyssey

Mars Odyssey-ի ընդլայնված առաքելությունը կիրականացնի Մարսի ստորգետնյա լեռնային ապարների ու սառույցի նոր ջերմային ուսումնասիրություններ, կհետևի ռադիացիոն իրավիճակին ու կշարունակի կլիմայի մոնիթորինգի երկարաժամկետ ծրագիրը: Բացի այդ, Odyssey ուղեծրային սարքը շարունակելու է ապահովել Մարսի մյուս տիեզերական սարքերից տվյալների փոխանցմանն իրական ժամանակում: Այդուհանդերձ, առաքելության երկարաձգումը կարող է սահմանափակվել տիեզերանավում եղած վառելիքի պաշարներով:

MRO (Mars Reconnaissance Orbiter)

MRO-ն Երկիր է փոխանցել Մարսի մակերևութային պրոցեսների մասին բազմաթիվ տվյալներ: Իր վեցերորդ ընդլայնված առաքելության շրջանակներում MRO-ն կուսումնասիրի Մարսի մակերևույթի, սառույցների, երկրաբանական ակտիվ պրոցեսների, մթնոլորտի ու կլիմայի էվոլյուցիան: Բացի այդ, MRO-ն կշարունակի այլ մարսյան առաքելություններին տվյալներ փոխանցելու կարևոր ծառայությունը:

NASA-ի մոլորակագիտության բաժինը ներկայում կառավարում է ամբողջ Արեգակնային համակարգով գործող 14 տիեզերական սարք:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---