Մարտական ռոբոտներից մինչև նոր տանկեր

Մարտական ռոբոտներից մինչև նոր տանկեր

Ինչպես անցավ Eurosatory 2022-ը

Հունիսի 13-17-ը Փարիզում անցկացվել է Eurosatory 2022-ը: PanARMENIAN.Net-ը պատմում է ցուցահանդեսի, ներկայացված նոր նմուշների և Ուկրաինայում իրավիճակի ֆոնին փոխված առաջնահերթությունների մասին:

PanARMENIAN.Net - Նման ցուցահանդեսները ռազմարդյունաբերական տեսանկյունից շատ կարևոր են և բազմաթիվ երկրների համար միջազգային իմիջի բաղադրիչ են:

Eurosatory-ն սպառազինության մեծամասշտաբ ցուցահանդես է Եվրոպայում, որն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ: Աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին փոխվել են նաև մասնակից երկրների առաջնահերթությունները: Այս տարի մասնակից երկրների թիվն անցնում է 60-ը: Սպառազինությունը ներկայացված է 80 հազար քառակուսի մետր տարածությունում և ընդգրկում է ոլորտի հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մասնագետների:

Միջազգային խոշորագույն այս ցուցահանդեսը Եվրոպական մեծ տերությունների համար նաև լավ առիթ է՝ հիշեցնելու իրենց հնարավորությունների մասին: Էմանուել Մակրոնն օրինակ, ցուցահանդեսի բացման արարողությանը հայտարարել է, որ կառավարությունը վերանայելու է 2019-2025 թվականներին սպառազինությունների արդիականացման ծրագիրը: Այս որոշման հիմքում ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ ավելի կոնկրետ՝ այն հնարավոր վտանգները, որ կարող են սպառնալ Եվրոպային:

Գերմանական Rheinmetall-ը ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է KF51 Panther տանկը: Սա եկել է փոխարինելու Leopard 2-ին, որը մարտական տանկերի ցանկում համարվում էր ամենահզորներից մեկը: Արտադրողն ընդգծում է, որ տանկը մշակելիս ոչ միայն փորձել են արդիականացնել արդեն գործող մարտական տանկի կոնցեպտը, այլև սկսել զրոյից՝ ամբողջությամբ վերափոխելով այն: Տանկը կարող է հեշտությամբ ադապտացվել և թարմացվել վերջին հնարավորություններով: KF51 Panther-ին կցված է նաև կամիկաձե ԱԹՍ: Սա նոր սերնդի մարտական տանկերի առաջին ներկայացուցիչն է: Հաջորդիվ արտադրողը լուծելու է ավտոմատացման և մարտական գերարդյունավետության խնդիրները: Ֆրանսիական Nexter-ն էլ ներկայացրել է Ascalon տանկային հրանոթը, որը կարող է օգտագործվել ֆրանս-գերմանական համատեղ MGCS-ի շրջանակում: Չեխիան էլ աշխարհին բացահայտել է հրետանային համակարգի իր նոր հսկային՝ Excalibur Army ընկերության Morana SPH-ը:

Իսրայելական սպառազինություն արտադրողները էքսպոյի ամենաքննարկվող մասնակիցներից են: Այս երկրի պավիլիոնում 56 արտադրող ընկերություն է ներկայացված: Գլխավորն այն է, որ ընկերությունների թվում նաև քիչ հայտնի և փոքր կազմակերպություններ կան: Իսրայելի կառավարությունն այս կերպ փորձում է միջազգային խոշորագույն ցուցահանդեսն օգտագործել որպես հարթակ՝ նոր անուններն ու նոր սպառազինությունը պոտենցիալ գործընկերներին ներկայացնելու համար: Նորություններն ընդգրկում են արհեստական ինտելեկտի կիրառում, թիրախավորման ճշգրիտ համակարգեր, հսկողության և տվյալների մշակման համակարգեր:

Իսրայելական պաշտպանական սպառազինություն արտադրող Rafael-ը այս բնագավառում ամենահայտնի անուններից է: Մարտական բարդ առաջադրանքների համար առաքելությունը կատարելու համար արագ և ճշգրիտ լուծումներ են պետք: Այս միտքը Rafael-ի արտադրական թիմի աշխատանքային առանցքում է: Օրեր առաջ էլ ընկերությունը հայտարարեց նոր Spike NLOS 6-րդ սերնդի ճշգրիտ հրթիռի մասին: Spike հակատանկային հրթիռների համակարգն օգտագործում են շուրջ 40 երկրում:

2022-ի Eurosatory-ի աստղերը ռոբոտներն են: Milrem Robotics-ը գործարկել է ինքնավար համակարգերի համար «Command-and-Control» (C2) հարթակը: Իսրայելական General Robotics-ն էլ ներկայացրել է հակաահաբեկչական հատուկ գործողություններում օգտագործվող ռոբոտային համակարգերի վերջին մոդելները:

Ցուցադրված են երրորդ սերնդի Dogo Mk III հարձակողական ռոբոտը, նոր հետախուզական ռոբոտը՝ Քամելեոնը և Pitbull հեռակառավարվող կայանի (RCWS) վերջին տարբերակը՝ արհեստական բանականության նոր հնարավորություններով արդիականացված: Մեկ այլ ռոբոտ՝ կրկին Իսրայելից: Elbit Systems-ը ներկայացրել է BLR MK2 ռոբոտ-տանկը:

Եվ որպես վերջաբան չորս կետով հասկանանք, թե ինչո՞ւ է կարևոր նման էքսպոներին մասնակցությունը և ինչո՞վ է առանձնահատուկ Eurosatory-ը: Նախ՝ միջազգային կապեր ու ճանաչում: Ցուցահանդեսը համախմբում է այս ոլորտի համաշխարհային ամենահեղինակավոր ընկերություններին: Երկրորդ՝ բիզնես հնարավորություններ: Սրա լավագույն օրինակն այս տարի էքսպոյի շրջանակում Լեհաստանի և Հարավային Կորեայի միջև ստորագրված պայմանագիրն է: Eurosatory-ն ցուցահանդեսի մասնակիցներին ծառայությունների մեծ ցանկ է տրամադրում և նաև օգնում զարգացնել կոմերցիոն հնարավորությունները: Երրորդ՝ սա իրական հնարավորություն է առաջին ձեռքից և տեղում ծանոթանալու ամենանոր արտադրանքին և նաև ներկայացնելու սեփականը: Եվ վերջում՝ սա նաև գաղափարների ֆորում է, որի ընթացքում պաշտպանության և անվտանգության զարգացման վերաբերյալ տեսակետներ են փոխանակում այդ զարգացման առաջնային խաղացողները:

Նանե Մանուկյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
Ինչպես թուրքական շուկայի վերածել ՆԱՏՕ-ի ընդլայնումը Էրդողանը սկսել է մեծ առևտուրն ԱՄՆ և ՌԴ միջև
---