Մանր չկա ու չի լինելու

Մանր չկա ու չի լինելու

Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության

Տեխնոլոգիական հեղափոխությունների այս դարաշրջանի ամեն նոր օր նոր կանոններ է թելադրում: Զարգացող երկրներն էլ, զարգացածների հաջողության օրինակին հետևելով, փորձում են քայլել ժամանակին համընթաց: Մեր առօրյայի մաս դարձած անկանխիկ, արդեն նաև անհպում վճարումերը սրա ամենապարզ դրսևորումն են:

PanARMENIAN.Net - Արդեն այս ամառ, ավելի կոնկրետ՝ հուլիսի մեկից, անկանխիկ գործարքների հայաստանյան «տիրույթում» փոփոխություններ են սպասվում: PanARMENIAN.Net ը պատմում է միջազգային փորձի և անկանխիկ ապագայի տեսլականի մասին:

Նախ՝ հակիրճ հասկանանք, թե ինչ է փոխվելու մեր կյանքում, երբ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնի: Ի դեպ, անկանխիկ գործարքն այս դեպքում կարող է ներառել և քարտով վճարումները, և բանկային հաշվից փոխանցումները, և վճարային այլ համակարգով արված վճարումները: Առաջին և հիմնական կետերից մեկն այն է, որ 300,000 դրամը գերազանցող գործարքները պետք է կատարվեն միայն բանկային քարտով կամ փոխանցումով: Նախկինում սահմանային արժեքը 3 միլիոն դրամ էր: Հասկանանք օրինակով: Եթե որոշել եք կահույք կամ էլ կենցաղային տեխնիկա գնել, և եթե դրա արժեքը գերազանցում է 300,000 դրամը, ապա կանխիկ վճարումը բացառվում է:

Ի դեպ, եթե գործարքը երկու կազմակերպության միջև է արվում, ապա որևէ նշաձող չկա՝ բոլոր վճարումները պետք է արվեն անկանխիկ: Օրենքի որոշ ժամկետներ տարբեր են Երևանի և մարզերի համար, բայց մեծ հաշվով այս օրենքի վերջնանպատակը մեր երկիրն անկանխիկ գործարքների տիրույթում մի քանի քայլ առաջ տանելն է:

Օրինախախտները տուգանվելու են 500,000-ից մինչև 2 միլիոն դրամի չափով: Մեկ տարում նույն խախտումը երկրորդ անգամ անելու դեպքում ստիպված կլինեք վճարել 1-ից 4 մլն դրամ:

Հիմա հասկանանք, թե օրենքն առաջարկելու ճանապարհին որոնք էին կառավարության հիմնավորումները: Նախ՝ թափանցիկություն: Անկանխիկ գործարքները հետագծելի են: Սա նշանակում է, որ կոռուպցիոն ռիսկերը կտրուկ նվազում են: Նվազում է նաև այսպես կոչված «ստվերը», հարկերից խուսափելը դառնում է շատ ավելի բարդ ու ռիսկային: Կմեծանան նաև ֆինանսական միջնորդության ծավալները: Երկարաժամկետ հեռանկարում էլ նկատելի են դառնում տնտեսական դրական ազդակները: Այս փաստարկների ամրությունն ու արդյունավետությունն ավելի ուշ կչափենք միջազգային փորձի և օրինակների սանդղակով:

Վերջին տարիներին Հայաստանում անկանխիկ գործարքների քանակի և ծավալի հստակ աճ կա և սա նաև փաստում է Կենտրոնական բանկը: Հուլիս 1-ից փուլային ուժի մեջ մտնող անկանխիկի մասին օրենքի փոփոխություններից հետո այս ցուցանիշն անխուսափելիորեն աճելու է:

Հայաստանի բանկերի միության տվյալով, օրինակ` ՀՀ-ում 2021-ին վճարային քարտերով կատարվել է 164,349,613 գործարք, որը 2020-ի համեմատ` ավելացել է 75,054,525-ով կամ 84.1%-ով: Վճարային քարտերով 4,291,367 մլն դրամի գործարք է արվել՝ 2020-ի համեմատ ավելանալով 1,540,291 մլն դրամով կամ 56%-ով:

Անկանխիկ գործարքների առումով, հայաստանյան բանկերի ցանկում շուկայի առաջատարն Ամերիաբանկն է՝ 2021-ի չորրորդ եռամսյակի դրությամբ բանկի թողարկած քարտերի անկանխիկ գործարքների քանակի (22.7%) և ծավալի (25.8%) մասնաբաժնով: Ի դեպ, 2020-ի համեմատ Ամերիաբանկը ՀՀ-ում ապահովել է անկանխիկ շրջանառության ծավալի 70%, իսկ արտերկրում` շրջանառության 52% աճ:

Հիմա անցնենք միջազգային փորձին: Զարգացած մի շարք երկրներում կանխիկ վճարումների մշակույթն արդեն վաղուց որոշել են թողնել անցյալում և հիմա քայլ առ քայլ շարժվում են այդ ուղղությամբ: 2018-2019 թվականներին համաշխարհային անկանխիկ գործարքներն աճել են գրեթե 14%-ով՝ հասնելով 708.5 միլիարդի, ինչը վերջին տասնամյակում գրանցված աճի ամենաբարձր տեմպն է: Հաջողված օրինակները մեկ ընդհանրություն ունեն՝ անկանխիկ գործարքների անցնելու ճանապարհին բազմաշերտ խնդիրներին միակողմանի լուծումներ չեն տալիս: Օրենսդրական կարգավորումներից մինչև տեխնիկական հագեցվածություն, հանրային տրամադրություններից մինչև թվային նոր հարթակների ներմուծում: Նպատակին հասնելու փաթեթային լուծումն ամենաարդյունավետն է:

Կրկին խոսենք օրինակներով: Օրենսդրորեն կանխիկ վճարումների սահմանափակումներ կան Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում և եվրոպական մի շարք երկրներում: Սրան զուգահեռ՝ Իսլանդիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և ևս մի քանի եվրոպական երկրներում օրենսդրական սահմանափակումներ չկան: Այս երկրներից յուրաքանչյուրն առանձին ուսումնասիրելու դեպքում պարզ է դառնում, որ անկանխիկ գործարքների բարձր ցուցանիշն ու հաջողված համակարգը կախված չեն միայն օրենսդրական բաղադրիչից: Իրականում, օրենքով պարտադրվող սահմանափակումները հարցի մի կողմն են միայն:

Մինչև հարցի մյուս կողմին հասնելը, երկու բառ՝ օրենսդրական դաշտից: Բելգիայում 2014 թվականից 3000 եվրոյից ավելի գործարքներն արվում են անկանխիկ եղանակով: Օրենքի պահանջը խախտողները կարող են տուգանվել 250-ից մինչև 225,000 եվրո: Հունաստանում կանխիկով վճարելու սահմանափակումը մինչև 1500 եվրո է, կան նաև դեպքեր, օրինակ՝ իրավաբանական անձանց դեպքում, որ առանց բացառության բոլոր գործարքներն արվում են անկանխիկ: Անկանխիկ գործարքների բարձր ցուցանիշով մեկ այլ օրինակ էլ Ֆրանսիան է, որտեղ օրենսդրական փոփոխություններն արեցին 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո:

Հաջողության պատմությունների թոփում, անկասկած, Շվեդիան է: Այս երկրի կառավարությունն ու հանրությունը կարծես ընդհանուր հայտարարի են եկել և համերաշխ են այն գաղափարի հետ, որ Շվեդիան պետք է դառնա առաջին երկիրը, որտեղ կանխիկ վճարումները գրեթե ամբողջությամբ բացառված են: Դեռ 2018 թվականին շվեդների միայն 13 տոկոսն է հայտնել, որ վերջին գնումների համար կանխիկ գումար է օգտագործել: Դրանից 8 տարի առաջ՝ 2010-ին, այդ ցուցանիշը 40 տոկոս էր: Մեկ այլ հարցման համաձայն էլ Ստոկհոլմում մարդկանց մեծ մասը դժվարանում է մտաբերել, թե վերջին անգամ երբ է գրպանում մանրադրամի շխշխկոց լսել:

Սա այն կետն է, երբ օրենսդրական փոփոխություններից անդին պետք է հասկանանք, թե ինչ այլ մեթոդներ են կիրառել հաջողված փորձ ունեցող երկրները: Շվեդիան, բացի «անկանխիկ պետություն» տիտղոսից, ունի նաև մեկ այլ՝ թվային տեխնոլոգիաների պիոներներից է: Պետական աջակցությամ, Կենտրոնական բանկ և ևս 6 բանկի գործակցությամբ Շվեդիայում ստեղծված թվային Swish հարթակը, օրինակ, անկանխիկ վճարումները դարձրել է արագ, հարմար և անվտանգ: Այս եռյակն այն է, ինչ պետք է սովորական քաղաքացուն՝ առօրյա վճարումներ անելիս:

Իսկ ինչո՞վ են հաջողություն գրանցած այս երկրները կարևորում անկանխիկ փոխանցումները և ինչո՞ւ են որոշել, որ թղթադրամները պետք է թողնել անցյալում: Ամենապարզ ու նաև ամենակարևոր պայմաններից մեկը՝ հարմարավետություն: Ֆինանսական գործարքներն արագ և հարմար իրականացնելու ձգտումը, հավանաբար, թվայնացման ամենամեծ շարժառիթն է: Փորձի վրա հիմնված հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ մեկ այլ կարևոր շարժառիթ էլ ծախսերի և եկամուտների հստակ պատկեր ունենալն է, որ ամենակարևորն է, այդ գործարքների հետագիծը տեսանելի է, փաստարկված և ամեն րոպե հասանելի: Տնտեսագետները նաև կարծում են, որ սա կնպաստի այսպես կոչված բյուջետային կարգապահության և գումարն ավելի նպատակաուղղված ծախսելուն: Մեկ այլ հիմնավորում էլ այն է, որ գողության դեպքում ռիսկերը շատ ավելի քիչ են: Քարտը կամ օնլայն դրամապանակը հնարավոր է արգելափակել, իսկ ավտոբուսում կորցրած դրամապանակը գտնելու շանսերը, ինչպես գիտենք, այդքան էլ մեծ չեն: Իհարկե, թվայինի դեպքում էլ կա ֆիշինգի վտանգը և այստեղ ևս անելու շատ բան կա, բայց սա քննարկման այլ թեմա է:

Եվ վերջում չմոռանանք, որ մեր անձնական և անհատական հարմարավետությունից ու շահերից բացի անկանխիկ գործարքները նաև ուղիղ ազդեցություն ունեն երկրի տնտեսության վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն տնտեսությունները, որոնք մեծամասամբ հիմնված են կանխիկ միջոցների վրա, հակված են դանդաղ աճի և բաց են թողնում զգալի ֆինանսական օգուտներ: Մյուս կողմից, թվային տարբերակը նախընտրած տնտեսությունները կարող են տարեկան ՀՆԱ-ն բարձրացնել մինչև 3 տոկոսային կետով:

Նանե Մանուկյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
Լավ ես քշում՝ վատամարդ ես, վատ ես քշում՝ լավամա՞րդ Ինչքան են վաստակում ԱՊՊԱ-ները ՀՀ-ում
---