26 մարտի 2002 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՎՈՒՄ Է ՉԱԴՐԱՅՈՎ
Ադրբեջանում գործող ահաբեկչական կազմակերպությունները փորձում են ներկայանալ իբրեւ իսլամի ջատագովներ
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
Հիշեցնենք, որ «Հիզբութ-Թահրիր» խմբի անդամները ձերբակալվել են 2001թվականի հուլիսին ամերիկյան հատուկ ծառայությունների հետ ակտիվ համագործակցության շնորհիվ, որոնք էլ հենց նրանց ձերբակալման նախաձեռնողներն էին: Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել են զենքի մեծ պաշարներ: Մեղադրյալի աթոռին հայտնվել են ընդամենը վեց մարդ, թեեւ հայտնի է, որ կազմակերպությունը Ադրբեջանում լայն ցանց ունի եւ իր կազմում շուրջ հարյուր մարդ է ընդգրկում: Վեց մեղադրյալներն ըստ էության մանկլավիկներ են: Ինչ վերաբերում է ահաբեկչական խմբի ղեկավար Աբդուլռասուլա Աբդուռագիմովային, ապա նա մինչ այժմ ազատության մեջ է:

«Հիզբութ-Թահրիրը» Ադրբեջանում գործող միակ ահաբեկչական կազմակերպությունը չէ: Բաքվի «Սոբիտիա» թերթի տվյալներով, երկրի հյուսիսային շրջաններում գերծայրահեղական կազմակերպությունների մի ամբողջ շարք է գործում, որոնք «զբաղվում են բռնի ուժով շահադիտական նպատակներով իսլամի տարածմամբ» եւ «ձգտում են ջիհադ ծավալել, որպեսզի հետագայում ստեղծեն իրենց սեփական պետական-քաղաքական միավորումը որպես նարկոմաֆիայի անդրազգային արհմիությունների ապագա խալիֆայության հիմք: Թերթի տվյալներով դրանց շարքում են «Ջիհադ», «Իհվանուլ Մուսլիմին», «ուտբայե» կազմակերպությունները:

Սակայն առավել աղմկալի հեղինակություն է ձեռք բերել «Ջեյշուլախ» ադրբեջանական ահաբեկչական խմբավորումը, որն, ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ֆիլիպ Ռիկերի խոսքերով, ամերիկյան ներքաղաքական գերատեսչությունների կողմից ներառվել է աշխարհի 39 առավել վտանգավոր ծայրահեղական խմբավորումների ցուցակում: Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին այդ կազմակերպության գործակալները ԱՄՆ-ից վտարվեցին հայրենիք` Ադրբեջան: «Ջեյշուլախը» նույնպես նպատակ ունի փոփոխել Ադրբեջանի պետական կարգը եւ այստեղ ստեղծել իսլամական պետության: Բաքվի «Էխո» թերթի տվյալներով «Ջեյշուլախի» զինված անդամները մի քանի ահաբեկչական գործողություններ են իրականացրել, որոնց թվում նաեւ` հայտնի էքստրասենս Էթիբար Էրկինի սպանությունը: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում «Ջեյշուլախի» ֆաշիստական խաժադուժը ապականեց հրեական գերեզմանատունը` ոչնչացնելով շուրջ հիսուն գերեզման: Ապացուցված է, որ խմբավորման անդամները պատրաստվում էին պայթեցնել Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը: Հայտնի է նաեւ, որ «Ջեյշուլախի» առաջնորդները սերտ կապեր ունեն իսլամական մյուս երկրներում գործող նմանատիպ կազմակերպությունների, մասնավորապես` հռչակված «Ալ Հաիդայի» հետ: Բաքվի լրտավամիջոցների տվյալներով «Ջեյշուլախը» երկրի հյուսիսում կառուցել է մի շարք թաքստոցներ ահաբեկիչներ պատրաստելու համար:

Ադրբեջանում բացի զուտ ադրբեջանական արմատական ծայրահեղական խմբավորումներից գործում են նաեւ միջազգային ահաբեկչական մի շարք կազմակերպությունների ճյուղավորումները: Այս փաստի ապացույցներն առավել քան բավարար են: Մասնավորապես հայտնի է, որ Քենիայում ԱՄՆ-ի դեսպանատան պայթյունի կազմակերպիչների դատավարության ընթացքում եգիպտոսի քաղաքացի Իբրահիմ Էյդարուզը խոստովանել է, որ 1997 թվականի սեպտեմբերից ղեկավարել է «Իսլամական ջիհադի» Բաքվի թեւը: 2000 թվականի աշնանը ամերիկյան հատուկ ծառայությունները Բաքվում ձերբակալել են այդ նույն կազմակերպության ռազմական գործողությունների բաժնի ղեկավար Ահմեդ Սալամ Մաբրուկին, որը նույնպես մեղադրվում է Նայրոբիում ահաբեկչական գործողություններին մասնակցելու մեջ: Ավելի ուշ Կենտրոնական հետախուզության վարչության գործակալները ձերբակալել են այդ խմբավորման երկու այյլ գործիչների` Իսամ Հաֆիս Մաբրուկին եւ Յասիր էլ-Սիրիին: Հաստատված է, որ Քենիայում ամերիկյան դեսպանատան պայթեցման ֆաքս-հրամանը ուղարկված է եղել հենց Բաքվից: Միայն 1996-1998 թթ.-ի ընթացքում համար մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը 60 անգամ հեռախոսով կապնվել է Բաքու եւ բանակցություններ է վարել տեղի իր ներկայացուցիչների հետ: Նայրոբիի պայթյունի գործով դատական նյութերում ցուցմունքներ կան նաեւ գաղտնի ծանրոցի մասին, որն ահաբեկության կազմակերպիչներին է ուղարկվել Բաքվից:

Կան նաեւ առավել թարմ փաստեր` կապված արդեն Պանտագոնի եւ Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա կատարված գրոհների հետ: Հոկտեմբերի վերջին եգիպտական հատուկ ծառայությունների հայտարարագրից հետո Բաքվում ձերբակալվեց ահաբեկչական խմբի մի անդամ, որին կասկածում էին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում կատարված գործողություններին մասնակցություն ունենալու մեջ: Սրան հարկ է հավելել, որ, ըստ բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» թերթի, որը հղում է կատարում Ուսամա բեն Լադենի անձնական խոհարար Մոհամադա Ակրամին, «Ալ Հաիդայի» հիմնադիրը Տորա-Բորա ռազմական բազայի ոչնչացումից հետո անցել է ադրբեջանցիներով բնակեցված Իրանի հյուսիս, որտեղից եւ մեկնել է Ադրբեջան, ապա` Չեչնիա: Դատելով այն բանից, որ «համար մեկ ահաբեկիչը» հյուրընկալվել է Ադրբեջանում` կարելի է գլխի ընկնել, որ նա այժմ էլ զինակիցներ ունի Բաքվում: Ընդ որում` բավականին կազմակերպված, եթե նկատի ունենաք այն փաստը, որ Բաքվի հատուկ ծառայությունների համար աննկատ է մնացել նրա` Ադրբեջանում գտնվելը:

Այսպիսով, ակնհայտ է, որ միանգամայն տեղին է ադրբեջանական հասարակության մեջ աճող անհանգստությունը` կապված Ադրբեջանում ԱՄՆ-ի կողմից հակաահաբեկչական գործողությունների անցկացման հնարավորության հետ (վերջերս նման մտահոգություն է արտահայտել Բաքվի «Օլայլար» լրատվական գործակալությունը): Բաքվում ընթացող վեց «քավության նոխազների» ցուցադրական դատավարությունը հազիվ թե այդ սպառնալիքը մեղմացնի: