14 նոյեմբերի 2003 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԻՐԱՔՑԻ ՀԱՅԵՐԸ ՄԵՆԱԿ ՉԵՆ ՄՆԱ
ԱՄՆ-ի հայերը պատասխանատվության զգացումով են լցված Իրաքի հայկական համայնքի առջեւ, որը կորուստներ է կրել ամերիկյան զինված ներխուժման արդյունքում:
ԱՄՆ-ի կոնգրեսում շարունակվում է լոբբիստական աշխատանքը` կապված ռազմական գործողությունների արդյունքում տուժած Իրաքի հայկական համայնքին օգնություն ցույց տալու մասին օրենքի ընդունման հետ: Ներկայացուցիչների պալատի որոշ անդամներ ձեւավորել են նախաձեռնող խումբ, որի խնդիրն է մշակել եւ Կոնգրեսի օտարերկրյա օգնության հարցերով զբաղվող հանձնախմբի քննարկմանը ներկայացնել իրաքյան հայերին 20 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին օրինագիծը: Վարչակազմի կողմից աջակցություն չստանալով` հայ լոբբիստների մի քանի գործընկերներ թուլացրել են իրենց ակտիվությունը: Բաղդատի եւ Մոսուլի հայերին մնում է հույսը դնել միայն իրենց արտասահմանցի հայրենակիցների վրա: Միացյալ Նահանգների հայկական համայնքը շարունակում է միջոցներ հայթայթել` օգնելու համար տուժած իրաքցիներին:
Հայ օգնության միության կենտրոնական կոմիտեն ԱՄՆ-ում նախաձեռնել է արշավ` Իրաքի հայերի համար նվիրատվություններ հավաքելու համար: Բաղդատի համայնքային կառույցների վերածննդի գործին միջոցներ են տրամադրել Ամերիկայի տարբեր քաղաքներում բնակվող հազարավոր հայեր: Հավաքված միջոցներն առաջին հերթին ուղղվում են հայկական դպրոցների եւ այլ կրթական հաստատությունների վերականգնմանը: Գումարի մի մասը տրամադրվել է հայկական ծերատանը: Նախատեսվում է նաեւ նյութական օգնություն տրամադրել գնդակոծումների արդյունքում տները կորցրած հայերին: Ամերիկաբնակ հայրենակիցների օգնության շնորհիվ առավել կարիքավոր հայ ընտանիքներ կարող են ակնկալել համեստ թոշակներ: Ըստ էության, ԱՄՆ-ի հայերն իրենց վրա են վերցրել այն գործառույթը, որն, իրենց կարծիքով, պետք է իրականացներ իրենց պետությունը: Ամերիկայի առաջատար հայկական կազմակերպությունները դեռեւս ամռան սկզբին ուղերձով դիմել էին Բուշին, որում կոչ էին անում Իրաքի ետպատերազմյան վերականգնման աշխատանքներում որոշակի գումար նախատեսել տուժած հայերին օգնություն ցուցաբերելու համար: Նամակում նշվում էր, որ` «Իրաքի մոտ 30 հազարանոց հայկական համայնքը լրջորեն տուժել է պատերազմից եւ այսօր ճգնաժամի մեջ է»: «Նրանց դրությունը չի բարելավում նաեւ արտասահմանյան հայերի օգնությունից, ինչպես նաեւ Հայկական եկեղեցու եւ Իրաքի համապատասխան սոցիալական կառույցների ջանքերից»,- ասվում էր ուղերձում:
Վարչակազմը ոչ մի արձագանք չտվեց այդ կոչին: Սպիտակ տունը, կարծես թե, մոռացել է, որ Իրաքում բացի մուսուլմաններից նաեւ քրիստոնյաներ են ապրում: Առնվազն ոչ մի փաստաթղթում եւ ոչ միա նգամ չի հիշատակվել երկրի ամենամեծ քրիստենեական համայնքը համարվող հայկական գաղութին ուղարկվող օգնության մասին: Այնինչ, հայտնի է, որ ամերիկյան ներխուժման արդյունքում հայերը նոյնիսկ կյանքեր են կորցրել: Գնդակոծման արդյունքում մահացել են 4 իրաքցի հայեր: Բաղդատի վրա կրակոցների հետեւանքով մահացու վիրավորվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակից, կանադահայ Վաչե Արսլանյանը: Հայերի տասնյակ տներ հողին են հավասարեցվել: Դժվար կացության մեջ են հայտնվել նաեւ Բասրայում, Քուրքուկում եւ Մոսուլում բնակվող հայերը: Արաբներից, քրդերից եւ թուրքմեններից հետո բնակչության թվով չորորդ տեղը զբաղեցնող հայերը նախապես էլ չէին հավակնում մասնակիցը դառնալ ժամանակավոր կառավարության ձեւավորմանը եւ հայտարարել էին, որ պատրաստ են ճանաչել ցանկացած լեգիտիմ կառավարություն: Հայերի դիրքորոշումն արդեն իսկ կայունացման գործոն է, որը, ամերիկահայերի կարծիքով, պետք է գնահատվեր կայունությամբ այդքան հետաքրքրված Վաշինգտոնի կողմից: Խնդրի արժեքը 20 միլիոն դոլար է: Այս գումարն իվիճակի է վերականգնել կորուստների միայն մի մասը: «Իրաքի հայերը ձայնի իրավունք չունեն երկրի ղեկավարման խորհրդի ձեւավորման գործընթացում, այդ իսկ պատճառով անհանգստանում են իրենց անվտանգության եւ իրավունքների պաշտպանության համար»,- ասված է Ներկայացուցիչների պալատի խմբի պատրաստած նամակում,- «20 միլիոն դոլարը համեմատաբար մեծ գումար չէ, որը կօգնի նրանց պահպանել ուժերը եւ գոյատեւել»:
Ավելի ու ավելի քիչ են հույսեր մնում, որ Միացյալ նահանգները կհամաձայնի փոխհատուցեկ Իրաքի հայկական համայնքի կորոստների գոնե մի մասը: Սակայն եթե Վաշինգտոնը լռում է, ապա ամերիկահայերն իրենց դա թույլ տալ չեն կարող: ԱՄՆ-ի հայկական համայնքի ղեկավարները գտնում են, որ հայրենակիցների հանդեպ որոշակի պատասխանատվություն են կրում, քանի որ ժամանակին քիչ ջանքեր չեն խնայել իրաքցի հայերի շրջանում դրական կարծիք ձեւավորել ամերիկյան պլանների հանդեպ:
Այսպիսով, ստացվում է, որ Բուշի վարչակարգը պարզապես օգտագործել է հայկական կազմակերպությունների առաջնորդներին, որոնք ազնվորեն հետեւել են Ամերիկայի ազգային շահերին: