5 մարտի 2004 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՊԵՏԴԵՊԱՐՏԱՊԵՆՏԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄՈԶՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ
ԱՄՆ-ի վարչակարգը պնդում է, որ Ադրբեջանին տրամադրվի Հայաստանի ռազմական ուժերին տրվող օգնության ծավալները գրեթե չորս անգամ գերազանցող ռազմական օգնություն:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների Կոմիտեում տեղի են ունեցել լսումներ կապված 2005թ.-ի բյուջետային հատկացումների մասին օրենքի նախագծի հետ: Այս փաստաթուղթն ամրագրում է Եվրասիական զարգացող պետություններին տրվող օգնության չափերը: Ինչպես եւ նախորդ երեք տարիներին, այս անգամ եւս վարչակարգը հանդես է եկել Հայաստանին տրվող օգնության չափերը կրճատելու նախաձեռնությամբ: Առանձնակի անհանգստություն է առաջացնում այն հանգամանքը, որ Սպիտակ տունն առաջարկում է ռազմական կարիքների համար չորս անգամ ավելի շատ գումար հատկացնել Ադրբեջանին, քան Հայաստանին:
Նախատեսված էր, որ Կոմիտեի նիստին ելույթ կունենա ԱՄՆ-ի պետքարտուղարը: Նա պետք է փաստարկեր կոնկրետ պետություններին տրվող օգնության ծավալներին առնչվող վարչակարգի առաջարկը: Սակայն, պետդեպարտամենտի անունից բացատրություններ տալը Քոլին Փաուելը լիազորել էր իր տեղակալ Էլիզբեթ Ջոնսին: Նրան էլ եւ հասցեագրվեցին Կոնգրեսի հայկական խմբի պատրաստած հարցերը: Պետդեպարտամենտի օգնականի միակ փաստարկն այն էր, որ ի տարբերություն Հայաստանի` Ադրբեջանն մասնակցություն է ցուցաբերում Իրանի տարածքում իրականացվող խաղաղասիրական գործողություններին: Տիկին Ջոնսոնի խոսքերով, ռազմական կարիքների համար հատկացված գումարի զգալի մասը կտրվի հենց խաղաղարար գումարտակներին: Այդ իսկ պատճառով, վարչակարգը նպատակահարմար է գտնում Ադրբեջանին հատկացնել 8 միլիոն 750 հազար դոլար, այն դեպքում, երբ Հայաստանին կտրվի 2 միլիոն 750 հազար:

Նշենք, որ վերջին տարիներին միտում է նկատվում ԱՄՆ-ի կողմից Երեւանին ռազմական օգնություն տրամադրելու ծավալների կրճատման ուղղությամբ: 2003թ.-ին վարչակարգը Հայաստանի ռազմական կարիքները հոգալու համար առաջարկել էր 4 միլիոն: 2004թ.-ին Սպիտակ տունն առաջարկեց բավարարվել 2.5 միլիոնով, սակայն կոնգրեսը դեմ արտահայտվեց եւ արդյունքում հաստատավեց 3 միլիոն 750 հազար գումարի չափը:

Էլիզբեթ Ջոնսը հայտարարեց, որ զարգացող երկրներին ռազմական օգնություն հատկացնելու գլխավոր նպատակը ահաբեկիչների դեմ պայքարում դաշնակիցներ ձեռք բերելն է: Լսումներին ելույթ ունեցավ նաեւ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ղեկավարի օգնական Քենթ Հիլլը: Նա հայտարարեց, որ վարչակարգի առաջարկած գումարի չափը պայմանավորված է նաեւ նավթի գործոնով: Քենթը կոչ արեց նկատի ունենալ այն հանգամանքը, որ Ադրբեջանի նավթային պաշարների ծավալը գրեթե հավասար են Միացյալ նահանգների նավթային պաշարների կեսին: Բերված փաստարկներն ամենեւին էլ չհամոզեցին լսումների բոլոր մասնակիցներին: Ընդդիմախոսի դերում ելույթ ունեցավ նույնիսկ լսումների նախագահող, սենատոր Ջորջ Ալենը: Նա անբավարվածություն հայտնեց Ադրբեջանին եւ Հայաստանին հատկացվող օգնության գումարների մեջ առկա անհավասարության առիթով եւ անհագստություն հայտնեց, որ այդ հանգամանքը վտանգի տակ կդնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները: Նա հիշեցրեց, որ քննարկումներն ընթանում են Հունգարիայի մայրաքաղաքում հայ սպայի սպանության հետ կապված Բաքվում ահագնացող հիստերիայի մթնոլորտում: «Բուդապեշտում տեղի ունեցած սպանությունը վկայությունը դարձավ հայերի հանդեպ եղած թշնամությանը, որը մասսայականորեն խրախուսվում է Ադրբեջանում»,- հայտարարել է նա: Ջորջ Ալենը վարչակարգից պահանջել է խոչընդոտել Ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ կիրառվող բռնի գործողություններին եւ պնդել է, որ անհնար է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններն անցկացնել Բաքվում: Նախագահողը Պետդեպարտամենտին առաջարկեց մոտ ժամանակներս կոնգրեսին ներկայացնել զորավարժությունների անցկացման վայրի փոփոխման մասին որոշման վերանայման հաշվետվությունը:

Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ընթացած լսումներին նախորդել էր հայկական լոբբիստական կառույցների կատարած լուրջ աշխատանքը: Ամերիկայի հայկական համագումարի ակտիվիստները նամակներ էին ուղղարկել հայկական խմբի բոլոր անդամներին` 128 կոնգրեսական-անդամներին եւ 30 սենատորներին: Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Քոլին Փաուելին հարցում էր արել, որում հիշեցրել էր երկու տարի առաջ օրենսդիրների եւ վարչակարգի միջեւ հաստատված Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ ռազմական օգնության տրամադրման հարցում հավասարության սկզբունքի պահպանման համաձայնության մասին: Բացի այդ, ներկայացուցիչների պալատի 36 անդամներ միացել էին Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Պալլոնի նախաձեռնությանը եւ ստորագրել էին նախագահ Ջոջ Բուշին ուղղված նամակի տակ: Այդ դիմումի մեջ նույնպես հիշեցվում է վերընշված համաձայնության մասին եւ նշվում է, որ Բուդապեշտում տեղի ունեցած սպանության հետ կապված Բաքվում ահագնացող հիստերիայի մթնոլորտում հավասարության սկզբունքի խախտումը հղի է լարվածությամբ եւ կարող է խախտել կայունությունը:

Հայկական խմբի անդամները մտադիր են հակազդել օրինագծին: Մեկնարկած ընտրական քարոզարշավը կարող է բարեհաջող մթնոլորտ ապահովել լոբբիստական գործունեության համար, որն ուղղված կլինի Հայաստանին հատկացվող օգնության գումարի վերանայմանը: Բացառված չէ, որ դեմոկրատները կփորձեն օգտագործել պահը հայ ընտրազանգվածին իրենց կողմը գրավելու համար` Բուշի վարչակարգին մեղադրելով խոստումը պահպանելու անկարողության մեջ: Այս հանգամանքը թույլ է տալիս հուսալ, որ այս անգամ եւս վարչակարգի ներկայացրած առաջարկը զգալի փոփոխություններ կկրի: