25 մարտի 2004 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
«ԱՊՐԵՍ, ՌԱՄԻԼ»
Այս կարգախոսով է Բաքվի կենտրոնում ընթացել Բուդապեշտում հայ սպային սպանող Ռամիլ Սաֆարովի գործողությունների աջակցությանն ուղղված երիտասարդության զանգվածային ցույցը:
Մարտի 21-ին ավարտվեց ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի հանդեպ հունգարական դատարանի սահմանած նախնական կալանքի ժամկետը: (Հիշեցնենք, որ նա Բուդապեշտում սպանել էր հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին): Սակայն քննչական մարմինները չեն կարողացել տեղավորվել սահմանված ժամկետում, որի պատճառով էլ եւ դատարանը կալանքը երկարաձգել է եւս մեկ ամսով: Ենթադրվում է, որ ապրիլի կեսին հետաքննությունը կավարտվի, եւ Սաֆարովի հանդեպ կհարուցվի ծայրացուցիչ հանգամանքներում սպանություն իրականացնելու մեղադրանք: (Ինչպես հայտնի է, նա կացնահարել է իր գործընկերոջ գլուխը, երբ վերջինս քնած էր):
Ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանում ամեն ինչ անում են, որպեսզի դատական գործընթացը դարձնեն քարոզչական շոու: Այս նպատակով էր, որ վերջերս Բուդապեշտ ժամանած Սաֆարովի փաստաբան Էլչին Ուսուբովը մեղադրյալի հետ հանդիպման ժամանակ հետաքննության ընթացքում նրա պահվածքի մասին ցուցմունքներ տվեց: Նա մեղադրյալին հանձնարարել է ցուցմունքում փոփոխել որոշ շեշտադրումներ, որպեսզի առավելագույնս ապահովվի քարոզչության ազդեցությունը: Սակայն առանցքային լեգենդը մնում է նույնը. Սաֆարովը շարունակում է պնդել, որ սպանությունն իրականացրել է Խոջալուի դեպքերի եւ հարազատ Շուքյուրբել գյուղը հայերի կողմից գրավման ազդեցության տակ: Այս լեգենդը փաստաբանին թույլ տվեց գործին ավելացնել հայկական զորքերի կողմից Խոջալուի եւ Ջեբրաիլի գրավման մասին փաստաթղթեր: Բաքվում հույս ունեն, որ սրա շնորհիվ դատական գործընթացի ընթացքում կրկին անգամ կշրջանառվի «հայկական ագրեսիայի» մասին հին ձայնասկավառակը:

Քննիչը համաձայնել է գործին ավելացնել Խոջալուի եւ Ջեբրաիլի իրադարձություններին առնչվող փաստաթղթերը: Հաշված օրերի ընթացքում Բաքվում պատրաստվեց եւ գրագետ անգլերենով թարգմանվեց փաստաթղթերի փաթեթը: Փաստաբան Ուսուբովը եւ Ադրբեջանի գլխավոր դատախազության միջազգային կապերի ղեկավար Ռուսլան Գաջիեւը փաստաթղթերը հասցրին Բուդապեշտ: Սակայն, քննիչը չընդունեց դրանք, քանի որ «պատրաստված էին օրենքով չսահմանված ձեւով»: Դժվար է հասկանալ այս ձեւակերպման իմաստը: Ադրբեջանցիների կարծիքով, սա պայմանավորված է նրանով, որ փաստաթղթերը անգլերենով էին, այլ ոչ` հունգարերենով: Սակայն, բացառված չէ, որ իրականում քննիչը պարզապես նկատել է նյութերի քարոզչական բնույթը: Ամեն դեպքում, ներկայումս ադրբեջանցիներն աշխատում են նոր փաթեթի հավաքման եւ դրա հունգարերեն թարգմանելու վրա:

Սաֆարովն այժմ պահվում է հետաքննչական մեկուսարանի առանձին խցում: Բաքվի ԶԼՄ-ի հաղորդագրությունների համաձայն, նա իրեն զգում է ինչպես առողջարանում: Օրական երեք անգամ ստանում է կալորիաներով հարուստ սնունդ: Ընդ որում, բանտի ադմինիստրացիան հարգել է նրա պահանջը` խոզի միսը փոխարինել ոչխարինով, իսկ ավելի լավ է` ձկով: Հինգշաբթի օրերը նրան այցելում են հարազատները: Ծանրոցներ է ստանում տնից: Խցում կան հեռուստացույց, ռադիո, լվացարան, տաք եւ սառը ջրով ցնցուղ, որոնց մասին Սաֆարովն իր հարազատ Շուքյուրբեյլի գյուղում կարող էր միայն երազել: Հունգարիայի պետբյուջեի հաշվից նրան տրամադրվել է 200 դոլար, որով նա կարող է ցանկացած բան գնել բանտի խանութից: Հաճախ է հեռախոսազրույց ունենում Բաքվի իր հարազատների հետ: Հունգարիայի օմբուցմենը պարբերաբար հետաքրքրվում է Սաֆարովի բանտային պայմանների մասին: Նրա մոտ են պատրաստվում մեկնել ծնողները: Իսկ օրերս հանցագործը դիմել է իր ժողովրդին եւ շնորհավորհել Նովրուզ բայր տոնի առթիվ: Մի խոսքով, գործընկերոջը գլխատող մարդասպանը ոչ մի պատճառ չունի տառապելու, քանի որ առավել, քան հարմարավետ է զգում իրեն:

Միեւնույն ժամանակ, Բաքվում շարունակում են կոչեր հնչել Սաֆարովին պետական շքանշան տալու մասին: Այս մասին խասում են մայրաքաղաքում ստեղծված Ռամիլ Սաֆարովի պաշտպանության կոմիտեի շատ անդամներ: Ի դեպ, օրերս Բուդապեշտ է ժամանել կոմիտեի անդամ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զախիդ Օրուջը, որը հանդիպել է հանցագործի հետ եւ նրան պատմել է, թե ինչ հիացմունքով են խոսում հայրենակիցները նրա մասին: Երկուշաբթի Բաքվի կենտրոնում տեղի ունեցավ Սաֆարովի ինտերնետ-էջի շնորհանդեսը: Շարունակվում են գումարներ մուծվել մարդասպանի հոր անունով բացված բանկային հաշվին: Արդեն հավաքվել է ավելի քան 30 հազար դոլար: Չնայած, պարզ չէ` ինչի համար, քանի որ Ադրբեջանի կառավարությունն իր վրա է վերցրել փաստաբանների հոնորարների եւ Բուդապեշտ մեկնելու բոլոր ծախսերը: Իսկ ազգային միասնության կազմակերպության ղեկավար, գործարար Նադիր Ալիեւը Սաֆարովին «թոշակ է» նշանակել: Նա խոստացել է, որ ամեն ամիս հանցագործի հորը կլորիկ գումար կտա, մինչ նա կազատվի բանտից եւ աշխատանքի կտեղավորվի: Միաժամանակ, հիշեցնենք, որ Սաֆարովի հանցանքի համար իրավական հոդվածը նախատեսում է ցմահ բանտարկություն: Եթե իսկապես հանցագործը երբեւէ դուրս գա բանտից, ապա դափնիները նրա համար ապահովված կլինեն: Սա պետք է գիտակցեն նաեւ Հունգարիայի քննչական մարմինները, իսկ որ ամենակարեւորն է` դատավորը, որը պետք է վճիռ կայացնի: Դատարանն ինքը հանցագործություն կկատարի, եթե հանցագործին թույլ տա երբեւէ դուրս գալ բանտից: