12 մայիսի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ՊՐԱՀԱ, ՎԱՐՇԱՎԱ. ՍՏՐԱՍԲՈՒՐԳ...
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հաջորդ փուլը կարող է առավել նշանակալից լինել:
Այսօր Ստրասբուրգում Եվրոպայի միության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստի շրջանակներում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլդար Մամեդյարովի երկրորդ հանդիպումը: Բանակցությունների արդյունքներն առայժմ հայտնի չեն: Սակայն հանդիպման օրակարգն արդեն իսկ սուր քննարկում է առաջացրել Երեւանում եւ Բաքվում:
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանական նախարարը հայտարարեց , թե Ստրասբուրգում քննարկվելիք ամենագլխավոր հարցը կլինի հաղորդակցություններով տարածքների փոխանակման հնարավորությունը: Պարզաբանենք. խոսքը այն գաղափարի մասին է` համաձայն, որի հայկական ուժերը պետք է Ադրբեջանին զիջեն ԼՂՀ-ի անվտանգության գոտին կազմող յոթ շրջանները, իսկ փոխարենը Բաքուն «կհանի շրջափակումը»: Ճշտենք եւս մեկ կարեւոր հանգամանք: Վերաշահագործարկված հաղորդակցությունները շահավետ են ոչ այնքան Հայաստանին, որքան Ադրբեջանին, քանի որ Մեղրիի տարածքով անցնող երկաթգիծը միակ միջոցն է մեկուսացման մեջ գտնվող Նախիջեւանի հետ հուսալի կապ ապահովելու համար: Այսպիսով, նման ինքնատիպ «փոխանակում» առաջարկելով` Բաքվում չէին կարող չգիտակցել, որ այդ գաղափարը հեռանկարներ ունենալ չէր կարող:

Սակայն, հանդիպման նախօրեին նախագահ Իլհամ Ալիեւը հավաստեց, որ Ստրասբուրգում իսկապես քննարկվելու է յոթ շրջանները հաղորդակցական ճանապարհներով փոխանակելու հարցը: Պարզաբանումներ մտցրեց Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նա հայտարարեց, որ ստրասբուրգյան հանդիպման օրակարգն «ազատ» է լինելու: Մոսկովյան դիվանագետի խոսքերով, կողմերը եւ համանախագահները կարող են հանդես գալ ցանկացած առաջարկությամբ: Սակայն, եթե Մամեդյարովն իսկապես առաջարկի քննարկել անվտանգության գոտին երկաթգծի շահագործմամբ փոխարինելու գաղափարը, ապա դա բոլորովին չի նշանակում, որ քննարկումը կկայանա: Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ հասկացնել է տվել, որ նմանատիպ բովանդակությամբ առաջարկներ լսելու իմաստ ամենեւին չկա: Հարցն անմիջապես կփակվի, երբ Վարդան Օսկանյանը հերթական անգամ կհնչեցնի այդ հարցի շուրջ պաշտոնական տեսակետը: Այսպիսով, տպավորություն է ստեղծվում, թե Մամեդյարովի հայտարարությունը, որն ամրագրվել էր Ալիեւի խոսքերով, նախատեսված էր տեղի լսարանի համար եւ զուտ քարոզչական բնույթ ուներ:

Ի՞նչ են իրականում Ստրասբուրգում քննարկել նախարարները եւ համանախագահները: Հիշեցնենք, որ Յուրի Մարզլյակովի խոսքերով` քննարկման առարկա են Պրահայի հանդիպման ժամանակ արված համանախագահների գաղափարները եւ հետագայում նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ կայացած բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը: Կոնկրետ ինչի մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ: Միայն օրերս Մերզլյակովը հստակեցրեց, որ խոսքը հակամարտության կարգավորման «փաթեթային եւ փուլային տարբերակների միջեւ փոխզիջումային տարբերակ» գտնելու հնարավորության մասին է:

Առաջարկված գաղափարների հանդեպ կողմերի դիրքորոշումն, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կհստակեցվի բանակցությունների հաջորդ փուլում: Եւ եթե այդ հանդիպման ժամանակ հաջողվի ամրապնդել առաջընթաց, ապա Քոչարյանը եւ Ալիեւը կլիազորեն բանակցությունները շարունակել իրենց ներկայացուցիչներ Թաթուլ Մարգարյանին եւ Արազ Ազիմովին: Ի դեպ, չնայած ԶԼՄ-ների հայտարարությունների` Ստրասբուրգում նախագահների ներկայացուցիչների առանձին հանդիպում տեղի չի ունեցել, ինչն էլ վկայում է այն մասին, որ կողմերը դեռեւս վստահ չեն, որ Մարգարյանը եւ Ազիմովը ստիպված պիտի լինեն վերականգնել խզված կապերը: