14 հուլիսի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
«ՄԵԶՆԻՑ ԻՆՉ-ՈՐ ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՆՈՐ ԲԱՆ ՍՊԱՍԵԼՆ ԱՆԻՄԱՍՏ Է»
- Ստեփանակերտում հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու, որտեղ հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ղարաբաղյան հակամարտության կողմեր համարվող երկրներով կատարվող համանախագահների յոթնօրյա շրջայցի վերջին կետը կլինի Բաքուն: Հուլիսի 17-ին համանախագահները կլքեն Ադրբեջանը:
Ինչպես եւ սպասվում էր, այս անգամ եւս համանախագահները Ստեփանակերտ մեկնեցին Երեւանից եւ ոչ Բաքվից, ինչպես կուզեին ադրբեջանցիները: Այդ առթիվ ադրբեջանական տխրահռչակ «Ազատագրված Ղարաբաղի կազմակերպություն» խմբավորումը, որի առաջնորդներն այժմ ձերբակալված են ՆԱՏՕ-ի համաժողովի բացման օրը ջարդեր կազմակերպելու համար, հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «Համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքով դանակով մեջքի հարված է ադրբեջանցիներին»: «Ազատագրողները» համանախագհների այս քայլը գնահատում են որպես անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ եւ Հայաստանին աջակցելու քայլ: ԱՂԿ-ի ղեկավարությունը պնդում է, որ խաղարարները ուղեւորվեն Ստեփանակերտ միայն Բաքվից եւ միայն իրենց թույլտվությամբ: Հետաքրքրական է, որ նրանք Ադրբեջանի իշխանությունից պահանջել են հրաժարվել հանդիպելու Հայաստանի տարածքով Ղարաբաղ այցելած միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նշենք, որ այլ ճանապարհով ոչ ոք Ղարաբաղ չի գնում: Այնպես որ, կարելի է ենթադրել, թե Ադրբեջանը պետք է ամբողջովին իրեն:

Պետք է նշել, որ Ադրբեջանի պաշոնական ներկայացուցիչներն այլեւս չեն փորձում խոչընդոտել միջնորդների` Հայաստանի տարածքից Ղարաբաղ այցերին: Արտաքին գործերի նախարար Էլդար Մամեդյարովն օրերս հայտարարել է, որ Բաքուն դեմ չէ, որ համանախագահներն այցելեն Ստեփանակերտ: Այնուհանդերձ, Ադրբեջանի խորհրդարանում շատերը նյարդայնանում են այն փաստից, որ օտարերկրացիները մեկնում են Ստեփանակերտ Հայաստանի տարածքով: Ինչպես հայտնի է, այլընտրանք չկա, քանի որ Ադրբեջանը հաղորդակցական ճանապարհների վերականգնման հարցով հրաժարվում է որեւէ կապ ունենալ Ղարաբաղի հետ: Հետաքրքրական է, որ միլի մեջլիսում նախապատրաստվում է մի առաջարկ, համաձայն որի Բաքուն Ստեփանակերտի հետ կապող ճանապարհը պետք է ականազերծվի եւ նախապատրաստվի արտասահմանյան պատվիրակությունների այցելությունների համար: Սակայն այդ հարցը ադրբեջանցիները, չգիտես ինչու, պատրաստվում են լուծել ոչ թե ղարաբաղցիների հետ, այլ` խնդրում ներգրավել միջազգային կազմակերպություններին:

Ստեփանակերտ համանախագահների այցին Բաքվում մեծ ուշադրություն են դարձնում նաեւ այն պատճառով, որ միջնորդները սովորաբար այցելում են Ղարաբաղ միայն այն ժամանակ, երբ կոնկրետ առաջարկներ ունեն: Այդ իսկ պատճառով որոշ ադրբեջանցի քաղաքագետներ կարծում են, որ այցելության արդյունքների ամփոփումից անմիջապես հետո խաղարարարները կարող են նոր առաջարկներ հրապարակել: Այս առումով կարեւոր նշանակություն է ձեռք բերում համանախագահների վերջին հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի հետ, որը նաեւ Մինսկի համաժողովի նախագահն է: Հայտնի է, որ նա սովորաբար միանում է բանակցություններին, երբ նկատվում է որոշակի առաջխաղացում:

Այնուամենայնիվ, եւ Վարդան Օսկանյանը, եւ Էլմար Մամեդյարովը այցի նախօրեին հայտարարեցին, որ համանախագահներից կոնկրետ առաջարկներ չեն սպասում: Միաժամանակ Ադրբեջանի նախարարը թույլ տվեց իրեն միջնորդներին կոչ անել հրաժարվելու փաթեթային եւ փուլային տարբերակների միախառնումից եւ նոր առաջարկներ անելուց: Հենց իրենք` միջնորդներն արդեն հայտարարել են, որ իրենցից որեւէ նոր եւ սկզբունքային բան սպասելը լիովին անիմաստ է: