30 նոյեմբերի 2004 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԸ ՇՈՒՏՈՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ
Սակայն առայժմ այն տարանցիկ չի լինի:
Նոյեմբերի 30-ին սկսվեց Իրան-Հայաստան գազատարի հայկական հատվածի շինարարությունը: Հիշեցնենք, որ շինարարությունը մի քանի անգամ հետաձգվել էր: Եթե աշխատանքների տեմպերը համապատասխանեն սահմանված ժամկետներին, ապա արդեն 2007թ.-ին Երեւան կներմուծվի իրանական գազը: Ենթադրվում է, որ ներդրումները կփոխհատուցվեն ինը տարուց:
Մեղրիից մինչեւ Քաջարան 42 կմ երկարությամբ առաջին մասի շինարարությունն իրականացնելու է իրանական «Սանիր» ընկերությունը: 30 միլիոն դոլար ֆինանսավորումն ապահովում է իրանական կողմը: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Երեւանում Իրանի նախագահ Մոհամմադ Հաթամիի այցի ժամանակ: Խողովակատարի շինարարության երկրորդ փուլի հարցը դեռեւս լուծված չէ: Երկրորդ փուլը գնահատվում է 90 միլիոն դոլար: Ինչ վերաբերում է Իրանի տարածքում խողովակի անցկացմանը, ապա աշխատանքներն ընթանում են նշված ժամկետներին համապատասխան: Իրանական հատվածի արժեքը 110 միլիոն դոլար է:

Շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, իսկ ռուսական «Գազպրոմը» մինչ օրս չի պատասխանել, թե արդյոք պատրաստ է մասնակցել նախագծին: «Գազպրոմը» «ոչ» չի ասում: Ակնհայտ է Իրան-Հայաստան գազատարի հանդեպ ռուսական ընկերության հետաքրքրությունը: Սակայն հնարավոր ներդրումների տեխնիկական-տնտեսական հիմնավորումների մշակումից այն կողմ գործը չի անցել: Հիշեցնենք, որ Երեւանում գտնվելու օրերին «Գազպրոմի» փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը հայտարարեց, որ ծախսերի փոխհատուցման ժամկետները որոշ չափով դուրս են գալիս «Գազպրոմի» ընդունված նորմերից: «Գազպրոմը» նախընտրում է կարճաժամկետ ներդրումներ անել, սակայն այդ դեպքերում սովորաբար ընդունվում են քաղաքական որոշումներ: Կոմերցիոն եւ քաղաքական շահերի միջեւե հակասությունները մշտապես լուծվում են հօգուտ քաղաքականի: Հատկանշական է, որ նմանատիպ հակասություններ հաճախ են լինում: Այդպես եղավ նաեւ գարնանը, երբ «Գազպրոմի» փոխնախագահը փորձեց հակասել վարչապետ Միխայիլ Ֆրադկովին` հայտարարելով, թե Մոսկվան մտադիր է ռուսական գազը Հայաստանի տարածքով արտահանել երրորդ երկրների շուկա:

Ակնհայտ է, որ Մոսկվան ուշացնում է պատասխանը` առաջնորդվելով քաղաքական նկատառումներով: Չնայած Իրան-Հայաստան գազատարի հեռանկարների առիթով ռուսները զգուշանալու ոչ մի հիմք չունեն: Իրանական գազը հայկական շուկայից դուրս չի մղի ռուսականը, քանի որ այն գրեթե կրկնակի էժան է: Այն միայն կապահովի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Հայտնի է, որ իրանական գազից էլեկտրաէներգիա է ստացվելու, որն էլ եւ ամբողջ ծավալով արտահանվելու է ետ: Իսկ տեղական սպառողը Իրանի վառելիքը կստանա միայն այն դեպքում, երբ խաթարվի ռուսական գազի ստացման պարբերականությունը: Ինչ վերաբերում է այն անհանգստությանը, թե իրանցիները մտադիր են գրավել արեւմտյան շուկան, ապա այժմ արդեն ակնհայտ է, որ հայկական գազատարը տարանցիկ չի լինելու: Այդ թեմայով խոսակցությունները փակվեցին, երբ հայտնի դարձավ, որ խողովակի տրամագիծը չի անցնելու 700 միլիմետրից: Նման խողովակով հնարավոր չի լինի տրանզիտի համար անհրաժեշտ ծավալների գազ տեղափոխել:

Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, իրանցիները սահմանին են մոտեցնում 1.5 մետր տրամագծով խողովակ: Այսինքն, Թեհրանը չի բացառում հետագայում հայկական տարածքի խողովակի տրամագծի մեծացումը: Սակայն այդ մասին տեղեկությունները չպետք է անհանգստացնեն ռուսներին, այլ ընդհակառակը` հուսադրեն: Մոսկվան քիչ ռեսուրսներ ունի, որպեսզի խոչընդոտի Եվրոպայի շուկա դուրս գալու` իրանական էներգետիկների պլաններին: Եթե վաղ թե ուշ իրանական գազը պետք է հայտնվի Եվրոպայում, ապա ռուսների համար ավելի լավ կլինի, որ այն անցնի Հայաստանով: Մոսկվայում դա գիտակցում են, եւ գուցե հենց այդ պատճառով չեն հրաժարվում Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը մասնակցելուց:

Հայկական երթուղու այլընտրանքները շատ են: Ամռան վերջին Իրանի փոխնախագահ Մոհամմադրեզ Արեֆի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդագոնի միջեւ Անկարայում կայացած բանակցությունների ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Թուրքիայի տարածքով գազի արտահանման վերաբերյալ: Բացի այդ, այժմ վերականգնվում է Ադրբեջանի տարածքով անցնող խողովակը, որով արդեն գարնանը իրանական գազը կհասնի Վրաստան: Դրանից հետո կրկին առաջնային կդառնա Ուկրաինայի մոտից Սեւ ծովի հատակով գազատարի անցկացման հարցը: Հաշվարկված է, որ Իրան-Եվրոպա տարանցիկային գազատարի արժեքը կկազմի 5 միլիարդ դոլար:

Գումարի պատճառով գործը չի կանգնի, քանի որ Եվրոպայում տարեցտարի աճում է իրանական գազի պահանջարկը: Դրան նպաստում են նաեւ Ուկրաինայի վերջին օրերի ներքաղաքական գործընթացները: Արեւմտյան էներգետիկիները չեն բացառում, որ Արեւելյան Եվրոպայի բնակիչները ստիպված կլինեն Ծննդյան տոները դիմավորել առանց լույսի եւ վառելիքի, քանի որ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ առաջացած հակասությունը կարող է հանգեցնել գազատար խողովակի փակմանը: Ինչպես հայտնի է, Եվրոպա մտնող գազի մեկ երրորդը անցնում է Ուկրաինայի տարածքով: Այդ աղբյուրին փոխարինող էներգառեսուրսի ստեղծումը Եվրոպայի համար ամենահրատապ հարցերից մեկն է: Ռուսաստանի կառավարությունում շատերն են գիտակցում, որ վաղ թե ուշ այդ այլընտրանքը կստեղծվի, եւ իրանական գազը կգնա հյուսիս-արեւմուտք: Հարցը միայն այն է, թե որ ճանապարհով: Ստեղծված պայմաններում Մոսկվայի համար առավել ընդունելի է հայկական ճանապարհը: Հայաստանում ռուսական ներկայությունը թույլ կտա որոշ չափով վերահսկել գործընթացը: Այդ իսկ պատճառով տրամաբանական կլինի, որ Ռուսաստանի կառավարությունը «Գազպրոմին» հանձնարարի մասնակցել Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը: