23 փետրվարի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԷՅՆՈՒԼԼԱ ՖԱՏՈՒԼԼԱԵՎ.«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԻՆՁ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԶԱՐՄԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ»
ԼՂՀ այցելած ադրբեջանցի լրագրողը կարծում է, որ պաշտոնական Բաքվի եւ չճանաչված պետության ղեկավարության երկխոսությունը կարող է արդյունավետ լինել:
Ավարտվեց հայտնի ադրբեջանցի լրագրող Էյթունալլ ֆատուլլաեւի գործուղումը Ղարաբաղ: Այստեղ անցկացրած 9 օրերի ընթցաքում նա եղել է Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանում, Աղդամում, Լաչինում: Ֆատուլլաեւն իր գործընկերների հետ արդեն կիսվել է իր տպավորություններով: Լրագրողի տված առաջին հարցազրույցների բովանդակությունից կարելի է հուսալ, որ այս անգամ նա տրամադրված է օբյեկտիվ լինել:
«Մոնիտոր» ընդդիմադիր ամսագրի մեկնաբան ֆատուլլաեւն արդեն երրորդ անգամ է Ղարաբաղում: 1995թ.-ին եւ 1999թ.-ին եղել է Ստեփանակերտում: Այն ժամանակ դեռ լրագրությամբ չէր զբաղվում, այլ` քաղաքական եւ հասարակական գործունեությամբ: Հեյդար Ալիեւի նվիրված կողմնակիցներից էր եւ «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության երիտասարդական թեւի առաջնորդներից մեկն էր: Որոշ ժամանակ նույնիսկ զբաղեցրել է պետական պաշտոն` աշխատանքի նախարարի խորհրդականն էր: Սակայն վերջերս անսպասելիորեն անցավ ընդդիմության շարքերը, եւ այժմ նրա հրապարակումները հաճախ գլխացավանք են դառնում ալիեւյան կլանի գործիչների համար: Ֆատուլլաեւին կարելի է համարել քաղաքական թեմաներով գրող ադրբեջանցի ամենասկանդալային լրագրողը: Քրդական Քրդստանի Աաշխատավորների Կուսակցության հետ ալիեւյան վարչակարգի կապերը բացահայտող նրա հետաքննական նյութից հետո նրա դեմ մահափորձ իրականացվեց: Նա վիրավորվեց: Այժմ նա իր անվտանգության համար անհանգստանալու հիմքեր կրկին ունի:

Եթե Ղարաբաղ նախորդ այցերի ժամանակ Ֆատուլլաեւը գործում էր նախագահի վարչակարգի թելադրմամբ, ապա նրա այժմյան այցը համաձայնեցված չէր իշխանությունների հետ: Ավելին, այցի նախապատրաստական փուլում լրագրողն ակնհայտորեն անտեսեց վարչակարգի կոչերը եւ ադրբեջանական արմատականների սպառնալիքները, ինչպիսիք են` «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը»: «Մոնիտորի» մեկնաբանը ամսագրի բլանկի վրա նամակ էր գրել լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանին, որով խնդրել էր պայմաններ ստեղծել Ղարաբաղի մասին նյութերի շարք պատրաստելու համար: ԼՂՀ-ի ղեկավարությունը տվել էր իր համաձայնությունը: Ֆատուլլաեւը Ստեփանակերտ է մեկնել Թբիլիսիով եւ Երեւանով: Հանրապետության ղեկավարները նրան հնարավորություն են տվել այցելել ԼՂՀ-ի պաշտպանական ուժերի կողմից վերահսկվող շրջանները: «ԼՂՀ-ի իշխանությունները հավատարիմ մնացին իրենց խոստումներին: Իմ գործունեության համար ստեղծված էին բոլոր պայմանները, առանց որեւէ սահմանափակման: Իմ անվտանգությանը մեծ ուշադրություն էր դարձված»,- Բաքու վերադառնալով հայտարարել է լրագրողը:

Ղարաբաղի մայրաքաղաքում, որն, իդեպ, Ֆատուլլաեւն անվանում է Ստեփանակերտ, եւ ոչ` Խանկենդի, նա 5 ժամվա ընթացքում զրուցել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, հանդիպել է արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի, Դաշնակցության տեղի մասնաճյուղի առաջնորդների, ինչպես նաեւ` քաղաքացիների հետ: Ղուկասյանի եւ Մելիքյանի մասին բավականին ջերմ է արտահայտվում: «Նրանք անմիջական մարդկանց տպավորություն են թողնում: Հասկացա, որ նրանք պատրաստ են կառուցողական երկխոսության, եւ կարծում եմ, որ այդ մարդկանց հետ կարելի է գալ ընդհանուր հայտարարի»,-ասում է ադրբեջանցի լրագրողը:

Ֆատուլլաեւը հարցազրույցներ է վերցրել նաեւ Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիների հետ: Նրա տվյալներով, Ստեփանակերտում այժմ բնակվում է 15, իսկ Ասկերանում 10 ադրբեջանական ընտանիք: «Ինձ իր տուն հրավիրեց Ասկերանի շրջանի բնակիչ Թոֆիկ Ռասուլովը: Նա եւ իր ընտանիքն այժմ շատ խաղաղ եւ հանգիստ բնակվում են այնտեղ»,- նշում է Էյնուլլան` ընդգծելով նաեւ, որ «Ղարաբաղում հակաադրբեջանական հիստերիա չկա»: «Մոնիտորի» մեկնաբանը հաստատում է, որ նախկին ադրբեջանական ավաններում ապրում են Սումգայիթի եւ Բաքվի հայ փախստականները: Ֆատուլլաեւի խոսքերով` «Բաքվի ԶԼՄ-երը ստում են` գրելով, թե հայերը քանդում են ադրբեջանական գերեզմանները»:

Ղարաբաղում Էյնուլլան շատ անսպասելի բաներ է տեսել: «Ամենից շատ Ղարաբաղում ինձ զարմացրեց քաղաքացիական եւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը: Գրավված տարածքներում ես հինգ տարի առաջ էի եղել եւ, անկեղծ ասած, այս ամբողջ ժամանակահատվածում այնտեղ հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել: Ռազմա-քաղաքական վարչակարգը փոխակերպվել է կիսաժողովրդավարականի»- պատմում է Ֆատուլլան իր գործընկերներին: «ԼՂՀ-ում կան անկախ լրատվամիջոցներ: Ես ծանոթացա այնտեղի ընդդիմադիր պարբերականների գործունեությանը: Նրանք բավականաչափ կոշտ քննադատության են ենթարկում երկրում առկա խնդիրները` այդ թվում կոռուպցիան, չինովնիկական ամենաթողությունը եւ այլն: ԼՂՀ-ի իշխանություններին սա նյարդայնացնում է, սակայն նրանք հանդուրժողականություն են ցուցաբերում»,- ասում է նա: Եվ նույնիսկ Ֆատուլլաեւին խիստ անհավանական թվաց այն, որ պատերազմ անցած երկրում ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընդդիմադիր առաջնորդներից մեկը կարող է դառնալ մայրաքաղաքի քաղաքապետը:

Ղարաբաղում ադրբեջանցի հյուրն ուշադրություն է դարձրել նաեւ հանրապետության տնտեսական աճի վրա: Նա նկատել է, որ երկրում ակտիվորեն շինարարական աշխատանքներ են ընթանում: «Ստեփանակերտը լիովին վերականգնվել է: Այնտեղ բնակվում է 30-40 հազար մարդ: Շուշիի հայկական եկեղեցուց ոչ շատ հեռու լրիվ թափով կառուցվում են նոր տներ»,-պատմում է նա:

Տեսածի արդյունքում Ֆատուլլաեւն այն տպավորությունն է ստացել, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու շանսեր գրեթե չեն մնացել: «Այսօր հանարավոր չէ վերականգնել Լեռնային Ղարաբաղի նախկին կարգավիճակը, քանի որ շատ արյուն է թափված»,-կարծում է Ֆատուլլաեւը: Միաժամանակ նա նկատել է, որ ղարաբաղյան առաջնորդները պատրաստ են փոխզիջումների, եւ չի բացառում, որ բանակցությունները կարող են հաջող ելք ունենալ, եթե քննարկման առարկա լինի ոչ թե Ղարաբաղին ավտոնոմիայի կարգավիճակի տրամադրման հարցը, այլ` Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ հորիզոնական հարաբերություններ նախատեսող տարբերակը: «Այսօր այնտեղ մի սերունդ է մեծանում, որը համոզված է, որ Ղարաբաղը առանձին ադմինիստրատիվ սուբյեկտ է, Ադրբեջանի կազմից դուրս: Մի քանի տարի անց այդ սերունդը կմտնի քաղաքականություն, բիզնես, կգրավի իր տեղը ղարաբաղյան հասարակությունում: Այդ ժամանակ այդ մարդկանց հետ առավել դժվար կլինի, քան ներկա «իշխող» խմբի»,- նշում է Էյնուլլա Ֆատուլլաեւը:

Տարօրինակ կլիներ, եթե լրագրողի նմանատիպ համարձակ գնահատականները Բաքվի ուռա-հայրենասերների ակտիվության վրա չազդեին: Արդեն Ֆատուլլաեւին հասցրել են դավաճան անվանել: Ադրբեջանական մամուլի հրապարակումներից դատելով` նրա դեմ նոր արշավ է նախապատրաստվում: (Հիշեցնենք, նախկին արշավն ավարտվել էր մահափորձով): Ըստ ամենայնի, լրագրողը պատրաստ է արմատականների ամենակոշտ արձագանքներին: Իրավապաշտպան Էլդար Զեյնալովը, որը նույնպես մի քանի անգամ եղել է Ղարաբաղում, նույնիսկ ենթադրություն է արել, թե Էյնուլլան պատրաստ է սպասել առաջին իսկ պրովակացիային, որպեսզի արեւմտյան որեւէ դեսպանատանը դիմի քաղաքական փախստականի կարգավիճակ ստանալու համար: Չենք ուզի հավատալ, թե Ղարաբաղ այցելությունը եւ օբյեկտիվ գնահատականները միայն Արեւմուտքում հայտնվելու նպատակն են հետապնդում: Կարծում ենք, Ֆատուլլաեւի գործունեությունն այնուամենայնիվ թելադրված է քաղաքացիական դիրքորոշումից, որը կարելի է միան ողջունել: