15 փետրվարի 2007 - 15:38 AMT
ՀՈԴՎԱԾ
Այժմյան գրեթե բոլոր հակամարտությունները կայսրությունների ժառանգություն են
Կոսովոն ցանկանում է անջատվել Սերբիայից, ԼՂՀ-ն ոչ ոքից չի ցանկանում անջատվել` հանրապետությունն անկախություն է հռչակել եւ իր Սահմանադրությունն ունի
Այժմյան գրեթե բոլոր հակամարտությունները միանման ծագում ունեն, դրանց արմատները կայսրությունների փլուզման մեջ են: Կոսովոյի եւ Ղարաբաղի դեպքում` դա Օսմանյան կայսրության եւ ԽՍՀՄ փլուզումն է: Ի դեպ, նույն ծագումն ունի նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը` Պաղեստինը եւս Օսմանյան կայսրության մաս էր: Կոսովոյի հակամարտությունը, Եվրոպայի եւ նույն Թուրքիային մոտ լինելու պատճառով, հավանաբար, ավելի շուտ իր լուծումը կստանա, քան ղարաբաղյանը: Սակայն այն կարող է սկիզբ դնել հերթական բալկանյան պատերազմին, քանի որ Ախտիսաաարիի պլանը չեն ընդունում Բելգրադում: Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի խոսքերով, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարիտ Ախտիսաարիի Կոսովոյի հետագա ճակատագրի վերաբերյալ առաջարկներում կոնկրետ չի նշվում այդ մարզի անկախությունը, սակայն այնտեղ չի ասվում նաեւ Սերբիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության մասին:
ՀԻշեցնենք, որ Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան դատապարտել է Ախտիսաարիի պլանը «հակասերբական ուղղվածության» համար եւ հրաժարվել է նրա հետ հանդիպումից: Նախագահ Բորիս Տադիչին հանձնված առաջարկներում կան այն պլանի մանրամասները, որոնց համաձայն Կոսովոն պետական կարգավիճակ է ստանում, բայց միջազգային հսկողությամբ: Ըստ էության, Կոսովոյին թույլ են տալիս անջատվել Սերբիայից եւ օգտվել պետականության սեփական խորհրդանիշներից: Մարզին կթույլատրվի պետական խորհրդանիշներ ունենալ, այդ թվում նաեւ դրոշ եւ ազգային օրհներգ, ինչպես նաեւ իրավունք է վերապահվում անդամակցել այնպիսի միջազգային կազմակերպություններին, ինչպիսին ՄԱԿ-ն է: Նախատեսվում են նաեւ զինված ուժեր: Սերբիան բազմիցս հայտարարել է, որ չի համաձայնվի Կոսովոյի հանդեպ իր ինքիշխանությունը կորցնելու հետ:

Որքան էլ խոսեն Կոսովոյի մոդելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորության մասին, դա անհնար է, առաջին հերթին, «միջազգային ուժերի պարտադիր ներկայության» պատճառով: Լեռնային Ղարաբաղում դրանք երբեք չեն եղել եւ չեն էլ լինի: Կոսովոյի ալբանացիները «անկախության» հասան արտաքին օգնության շնորհիվ, երբ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ցանկանում էին փլուզել Հարավսլավին, իսկ ղարաբաղցի հայերին այլ բան չէր մնում, քան պաշտպանել իրենց ապրելու իրավունքը, եւ նրանց ոչ ոք չէր օգնում: Բաքվի քարոզչության պտուղը` «Հայկական էքսպեդիցիոն կորպուսի» վերաբերյալ ոչ ոք լուրջ չի ընդունում: Այնուհետեւ, Կոսովոն ցանկանում է անջատվել Սերբիայից, ԼՂՀ-ն ոչ ոքից չի ցանկանում անջատվել` հանրապետությունն անկախություն է հռչակել եւ իր Սահմանադրությունն ունի: Կարեւոր չէ, ար աշխարհն այն չի ընդունում: Միջազգային ճանաչումը, որի մասին այդքան խոսում է Բաքուն, մեծ հաշվով ոչինչ չի որոշում: Այստեղ արդեն խաղի այլ կանոններ են գործում` կկարողանա ԼՂՀ-ն դիմակայել նույն համաաշխարհային հանրության «մտրակի եւ բլիթի» քաղաքականությանը` լուծել խնդիրն այնպես, ինչպես դա երեւում է Վաշինգտոնից, Փարիզից կամ Մոսկվայից: Ճիշտ է, վերջինս առանձնակի դեր չի կատարում նման հակամարտությունների կարգավորման գործում, քնաի որ ամենաշատը, ինչին ընդունակ է Ռուսաստանը` վետո դնել ՄԱԿ-ում: Սակայն ՌԴ-ի համար լավ հարաբերությունները Սերբիայի հետ ավելին արժեն, քան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ, ցավոք: Իսկ որպես անկյունաքար ընդունել տարածքային «ամբողջականության սկզբունքը» ընդհանրապես սխալ է եւ ոչ կոռեկտ: Սահմանները շատ խափուսիկ եւ միշտ փոփոխվող բան են: «Կոսովոն, Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը, ԼՂ-ն օբյեկտիվ հանգամանքների, դեմոգրաֆիկ եւ քաղաքական տեղաշարժերի, պետությունների փլուզման եւ պատերազմների եւ գործոններ են եւ արդյունք: Կարեւոր է հասկանալ տեղաշարժերի տրամաբանությունը: Ոչ ավելի մանրացնելու համար, այլ օբյեկտիվ իրողությունները հաշվի առնելու համար: Կոսովոն կարող է եւս մեկ փաստարկ դառնալ այս կամ այն կողմի համար, սակայն լոկ լրացուցիչ փաստարկ: Իսկ ելման փաստարկը ժամանակաշրջանի եւ տարածաշրջանի, կոնկրետ հանգամանքների բնութագիրն է»,-սա դեսպան Վլադիմիր Կազիմիրովի կարծիքն է, որը շատերից շատ ավելի լավ գիտի հակամարտությունների բնույթը: