Վաշինգտոնը «Նոր սեւծովյան ռազմավարություն» է որդեգրում

Ադրբեջանի ներգրավումն ու Թուրքիայի ղեկավար դերն այդ նախագծում կոչված են թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը սեւծովյան տարածաշրջանում

Վաշինգտոնը Ադրբեջանի կառավարությանը կներկայացնի իր «Նոր սեւծովյան ռազմավարությունը»: Այս անգամ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «Նոր սեւծովյան ռազմավարությունում» գլխավոր դերը հանձնարարել է Թուրքիային: Չնայած նրան, որ ԱՄՆ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Սեւ ծովում իրենց հենարանը Բուխարեստը կդառնա, նոր նախագծում Ռումինիան ետին պլան է մղված:
PanARMENIAN.Net - Ամերիկյան ծրագիրը նախատեսում է ափամերձ երկրների համար անվտանգության խնդրի առումով նոր կանոնների ընդունում եւ աջակցություն տարածաշրջանում աշխարհաքաղաքական առաջատարությանն ուղղված Թուրքիայի ջանքերին: Պատճառը Անկարայի եւ Վաշինգտոնի շահերի մեծամասնության համընկնումն է: Ըստ Պենտագոնի, առանց Թուրքիայի ԱՄՆ-ն չի կարողանա կոնկրետ արդյունքների հասնել Կենտրոնական Ասիա եւ ավելի հեռուն առաջխաղացման ծրագրերում: Վաշինգտոնի նոր ռազմավարության նախագիծը կներկայացվի Ադրբեջանի, Բուլղարիայի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի եւ Հունաստանի կառավարություններին: ԱՄՆ-ն նաեւ կոչ է արել ափամերձ երկրներին ակտիվորեն մասնակցել «Black Sea Harmony» անվտանգության ծրագրին, որի համակարգողը Թուրքիան է:

Վաշինգտոնի հետաքրքությունը սեւծովյան տարածաշրջանի հանդեպ բխում է կենսական անհրաժեշտությունից` Սեւ ծովը դա Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներն են, որոնք Թուրքիան ակտիվորեն շահարկում է իր շահերից ելնելով: Ադրբեջանի ներգրավումն ու Թուրքիայի գլխավորող դերն այդ նախագծում կոչված են թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը սեւծովյան տարածաշրջանում եւ ԱՄՆ-ի ամենագործուն լծակներից մեկն է Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի առավել ակտիվ հակառուսական քաղաքականության հարցում: Եվ, վերջապես, դա Կենտրոնական Ասիայի համար Արեւմուտքի շուկաներ դուրս գալու ուղի է: Հարկ չկա նաեւ մոռանալ, որ սեւծովյան տարածաշրջանն Իրանի կողմից դիտվում է որպես նավթի եւ գազի արտահանման ուղի: Միեւնույն ժամանակ, աշխարհագրական հարեւանությունը կարող է Իարնն առավել դյուրին թիրախ դարձնել ինքնաթիռների համար, որոնք հնարավորություն կունենան թռչել տարածաշրջանի օդակայաններից:

Բնական է, ԱՄՆ հիմնական նպատակը ուժերի հավասարակշռության փոփոխությունն է իր օգտին եւ Ռուսաստանի ազդեցության նվազեցումը տարածաշրջանի վրա` տնտեսական, քաղաքական եւ ռազմական ոլորտներում: Մեկ այլ նպատակ է ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած պետությունների ինտեգրումը ՆԱՏՕ-ին: Սակայն տարածաշրջանում ամենամեծ սպառնալիք են ներկայացնում հակամարտությունները: Կովկասն ու Սեւ ծովը դա ԽՍՀՄ փլուզումից ի վեր առաջացած եւ ուժգնացող հակամարտությունների` ղարաբաղյան, վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների տարածաշրջան է:

Բոլոր այդ հակամարտությունները ուշադրության կենտրոնում են ռուս-թուրքական հարաբերությունների լույսի ներքո: Հիշեցնենք, որ 1992-1993 թվականներին Անկարայում ավելացան ղարաբաղյան հակամարտությանը ռազմական ճանապարհով միջամտելու կողմնակիցների ձայները: ԱՊՀ Զինված ուժերի հրամանատար Եվգենի Շապոշնիկովն այն ժամանակ հայտարարեց, որ դա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ: Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Սուլեյման Դեմիրելի խոսքերով, «Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը Ադրբեջանի կողմից իր դեմ կտրամադրի Խորհրդային բանակին»: Պետք է ընդգծել, որ Մոսկվայում եւ Անկարայում անցնող հանդիպումներում ղարաբաղյան խնդիրը միշտ դիտարկվում է տարածաշրջանում կայունության ապահովման տեսակետից: Սակայն Մոսկվան, որքան էլ ջանա Թուրքիան, չի պատրաստվում Անկարային ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբում, հիանալի հասկանալով, թե ինչ սպառնալիքներ դա կարող է ստեղծել Հայաստանի համար: Հետաքրքրական է, որ նման դիրքորոշում ունի նաեւ ԱՄՆ-ն: Թուրքիայի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը ոչ միայն կխախտի տարածաշրջանում ուժերի փխրուն հավասարությունը, այլ նաեւ կարող է ռազմական գործողությունների վերսկսման պատճառ դառնալ: Ադրբեջանը, զգալով «եղբայրական աջակցությունը», կարող է լրջորեն զբաղվել «խնդրի լուծմամբ», որը վերջին հաշվով կարող է թանկ նստել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի վրա:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ

Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---