3 մայիսի 2007 - 20:53 AMT
ՀՈԴՎԱԾ
Իսլամը Եվրոպայում դառնում է քրիստոնեությունից հետո երկրորդ կրոնը
Գերմանիայի 300 մզկիթներում ամեն օր հավաքվում են հավատացյալներ` քարոզ լսելու եւ աղոթելու: Այդ մզկիթներից 100-ում ծայրահեղական տենդենցներ են նկատվում
Իսլամը դարձել է եվրոպական հասարակության մաս: Միայն Գերմանիայում մահմեդականները հավատացյալների շարքում թվաքանակով երկրորդ տեղում են գտնվում: Երկրի բնակչության թվաքանակից 4 տոկոս կազմելով` իսլամը համախոհների թվաքանակով զիջում է միայն քրիստոնյաներին` կաթոլիկ եւ ավետարանչական եկեղեցիներին, որոնք միավորում են մոտ 30 տոկոս: ԳԴՀ-ի ներքին գործերի նախարարության տվյալներով, Գերմանիայում բնակվում է մահմեդական ծագում ունեցող 3,2-ից 3,5 միլիոն մարդ:
«Մահմեդական ծագում» ձեւակերպումը սկզբունքային նշանակություն ունի, քանի որ ինչպես նշվում է ՆԳՆ փաստաթղթերում, մահմեդական միջավայրի ոչ բոլոր մարդիկ են հանդիսանում իսլամի հետեւորդներ:

1961 թվականին Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ կնքվեց «Համաձայնագիր գերմանական աշխատանքի շուկայի համար թուրքական աշխատանքային ուժի հավաքի մասին»: 1973 թվականին Գերմանիան հատոկ հրամանով դադարեցրեց նոր աշխատողների հավաքագրումը: Այն ժամանակ ԳԴՀ-ում ապրում էր ավելի քան 900.000 թուրք: Կարծքին այն մասին, թե ինչպես են միասին ապրում գերմանացիներն ու գաղթականները, միանշանակ չէ: Քաղաքական գործիչներն այդ կապակցությամբ ավելի հաճախ նշում են «Զուգահեռ աշխարհներ» արտահայտությունը, միեւնույն ժամանակ ենթատեքստով կամ հստակ անհանգստություն են հայտնում գաղթական-մահմեդականների աճող արմատականության կապակցությամբ: Իրականում, թուրքերը, ինչպես նաեւ մյուս ազգային փոքրամասնությունները Գերմանիայում, հակված են ինքնամեկուսացման որոշակի էթնիկ գետտոներում, որոնք գոյություն ունեն կյանքի բոլոր բնագավառներում: Մահմեդականների ընդհանուր քանակից մոտ 800 հազարը` հիմնականում Թուրքիայից եկած, ստացել են Գերմանիայի քաղաքացիություն: Միաժամանակ թուրքերը կազմում են նաեւ ԳԴՀ-ի քաղաքացիներ չհանդիսացող մահեդականների ամենամեծ խումբը` 1,8 միլիոն: Թվաքանակով երկրորդ տեղում են բոսնիացիները (200 հազար), նրանց հետեւում են պարսիկները (100 հազար), մարոկացիները (80 հազար) եւ ավղանները (70 հազար):

Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության տվյալներով, Գերմանիայում բնակվող մահմեդականների 1-2 տոկոսը հանդիսանում են այնպիսի կազմակերպությունների անդամներ, որոնց նպատակներն ու գործողությունները կարող են դիտարկվել որպես հակասահմանադրական: Գերմանիայի 300 մզկիթներում ամեն օր հավաքվում են հավատացյալներ` քարոզ լսելու եւ աղոթելու: Այդ մզկիթներից 100-ում ծայրահեղական տենդենցներ են նկատվում:

Դա վիճակագրությունն է: Իրականում, Եվրոպայի մահմեդականները, մասնաավորապես թուրքերը, բավականին լծակներ ունեն բունդեսթագում, կամ Բելգիայի, Նիդերլանդների խորհրդարաններում այս կամ այն օրենքը լոբբինգի ենթարկելու համար: Նրանց ջանքերի շնորհիվ, Գերմանիայում Ղարաբաղի հարցը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը սխալ մեկնաբանություն են ստանում` ի շահ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Ժամանակ առ ժամանակ մամուլում հայտնվող հարցազրույցները գերմանացի քաղաքական գործիչների հետ հստակ ցույց են տալիս, որ ակտիվ աշխատանք է գնում Ադրբեջանի, որոշ չափով նաեւ Թուրքիայի «նոր պատմության» կերտման ուղղությամբ: Բացառություն է կազմում Ֆրանսիան` շնոհիվ մեծ եւ կազմակերպված «հին» հայ համայնքի, որը ի տարբերություն Գերմանիայի եւ Բենիլյուքսի երկրների «նոր» համայնքների, հստակ գիտակցում է իր խնդիրներն ու նպատակները: Միեւնույն ժամանակ, Գերմանիայի մահմեդականների հիմնական զանգվածի գլխավոր տարբերությունը ֆրանսիացի մահմեդականներից կայանում է նրանում, որ վերջիններս, լինելով գաղութային տարածքներում ապրած, ֆրանսերեն գիտեն: Գերմանիայում թուրքերը հաճախ կամ վատ են խոսում, կամ ընդհանրապես չգիտեն գերմաներեն:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Շոյբլեի խոսքերով, Գերմանիայի Մահմեդականների կենտրոնական խորհուրդը դաշնային կառավարության գործնեությունը քննադատորեն է գնահատում, որը, ըստ կազմակերպության կարծիքի, չի շտապում մահմեդականներին իրենց իրավունքներում հավասարեցենել քրիստոնյա եկեղեցիներին: Կառավարությունը պահանջել է միասնական մարմին ստեղծել, որը կներկայացներ Գերմանիայում ապրող բոլոր մահմեդականների շահերը: Ստեղծված Համակարգող խորհուրդը, որի մեջ են մտել չորս ամենախոշոր միավորումները, ներկայացնում է մահմեդականների միայն 10 տոկոսի շահերը: Շոյբլեի կարծիքով, դա թույլ չի տալիս Համակարգող խորհրդին հանդես գալ երկրի բոլոր մահմեդականների անունից, որոնց թվաքանակը հասնում է 3,5 միլիոն մարդու, գրում է Deutshe welle-ն: Համակարգող խորհուրդը պահանջել է գերմանական դպրոցներում տղաների եւ մահեդական աղիջների համար ֆիզկուլտուրայի առանձին դասեր անցկացնել: Սակայն այդ պահանջին ընդդիմացան դաշնային իշխանությունները: «Սեռերի հավասարությունը Գերմանիայում հանդիսանում է հիմնական իրավունքներից մեկը, որը սակարկության ենթակա չէ: Մահմեդական միավորումների հետ երկխոսության հիմքը ԳԴՀ-ի Սահմանադրությունն է, որի հիմնական կետերը ենթակա չեն փոփոխության»:

Ժողովրդագրական պատճառները կարող են դառնալ հիմնական Թուրքիային ԵՄ թույլ չտալու հարցում, որի մասին բազամթիվ անգամներ ընդգծել են Եվրամիության պետությունների ղեկավարները: 70-միլիոնանոց Թուրքիան կարող է կուլ տալ Եվրոպային, ինչը գրեթե տեղի ունեցավ 600 տարի առաջ Օսմանյան կայսրության տարիներին: Ամբողջ տարբերությունը հիմա կայանում է նրանում, որ յաթաղանին փոխարինել է ժողովրդագրությունը, ինչը շատ ավելի վտանգավոր է: