5 հունիսի 2007 - 20:29 AMT
ՀՈԴՎԱԾ
Ստամբուլի հայերը պատանդ են թուրքական կառավարության ձեռքին
Արքեպիսկոպոս Մութաֆյանը հնչեցնում է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, չմոռանալով հիշատակել «պետության դեմ ապստամբած հայկական զինված կազմավորումների մասին»
2007 թվականի հունվարից ի վեր, երբ ԱՄՆ Կոնգրես ներկայացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւը, նախանձելի հետեւողականությամբ թուրքական մամուլում սկսեցին հայտնվել Կոնստանդինոպոլսի պատրիարք Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանը (Մեսրոբ II), որը դեմ է հանդես գալիս այդ բանաձեւին: Պատրիարքի դիրքորոշումը, որը հաճախ քննադատության է արժանանում ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, միանգամայն բացատրելի է` Մեսրոբ II-ը ցանկանում է պահպանել փխրուն, բայց այնուամենայնիվ հանգիստ հարաբերությունները ինչպես թուրքական պետության, այնպես էլ երկրի բնակչության հետ:
Ըստ Սահմանադրության Թուրքիայում ազգային փոքրամասնություն են համարվում միայն հայերը, հույները եւ հրեաները: Եվ եթե հրեաների հանդեպ կառավարությունը առավել լոյալ դիրքորոշում ունի, ելնելով նրանից, որ Իսրայելը Անկարայի համար բարեկամ երկիր է, ապա հայերի եւ հույների հանդեպ քաղաքականությունն առավել կոշտ է: Համայնքի հոգեւոր առաջնորդը պարտադիր պետք է Թուրքիայի քաղաքացի լինի: Ճիշտ է, ընտրում է նրան համայնքը, սակայն թեկնածությունը հաստատում է կառավարությունը: Փաստացի հայ եւ հույն պատրիարքները պաշտոնյաներ են, որոնք կոչված են կատարելու իրենց պարտականությունները եւ թույլ չտալու հայտարարություններ, որոնք հակասում են թուրքական կառավարության քաղաքականությանը: Իրականում Ստամբուլի պատրիարքն ու հայ համայնքը պատանդ են թուրքական կառավարության ձեռքին, ուստի ողջ հայությանը շոկի ենթարկող հայտարարությունները պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից:

Օրերս Անկարայում տեղի ունեցան ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության անդամների հանդիպումները Թուրքիայի ղեկավարության հետ: Հանդիպումների ավարտին կոնգրեսականները մեկնեցին Ստամբուլ, ուր այցելեցին Կոնստանդինոպոլսի հայկական պատրիարքություն: Ինչպես հաղորդում է պատրիարքության «Լրաբերը», Մեսրոբ Մութաֆյանի հետ կոնգրեսականների հանդիպման ժամանակ քննարկվել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին, Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաեւ Տրաբզոնում կաթոլիկ Սանտորո եկեղեցականի եւ Մալաթիայում երեք բողոքականների սպանությանն առնչվող հարցեր: «Լրաբերը» մեջբերում է պատրիարքի խոսքերը. «Ելնելով ինչպես Թուրքիա-Հայաստան միջպետական հարաբերություններից, այնպես էլ թուրք ժողովրդի հետ տեղաբնակ հայերի հարաբերություններից, մենք դրական չենք վերաբերվում ցեղասպանության մասին բանաձեւի ներկայացմանը ԱՄՆ Կոնգրեսում: Սակայն մենք չենք կարող նաեւ ժխտել պատմական անցյալի ողբերգական իրադարձությունները: Պատմությունը երբեք չի ների Ittihat ve Teraki (Միասնություն եւ առաջընթաց) կուսակցության գործողությունները, որոնք ուղղված էին ոչ միայն պետության դեմ ապստամբած հայ զինյալների, այլ նաեւ Թուրքիայում բնակվող բոլոր հայերի դեմ: Սիրիայի անապատներում ոչնչացվեցին շուրջ 1,5 միլիոն թրքահպատակ հայեր: Այսօր մեր երկրում բնակվում են շուրջ 70 հազար հայեր: Պետք չէ մոռանալ նաեւ այն հայերին, որոնք մահմեդականություն ընդունեցին, խուսափելու համար բռնագաղթից: Քանի որ նրանք շարունակում են խոսել հայերեն, հավատարիմ են մնում հայ մշակույթին, մենք, անկախ կրոնական տարբերություններից, նրանց մերն ենք համարում: Եվ հակառակը, հավանություն չենք տալիս հայ սփյուռքի ներկայացուցիչների գործողություներին, որոնք որպես վեճի առարկա առաջ են քաշում պատմական իրադարձությունները: Մենք, Թուրքիայի հայերս, մեր հարեւան մահմեդականների հետ սոցիալական եւ առեւտրային հարաբերությունների մեջ ենք: Մենք չենք ցանկանում , որ նման տիպի բանաձեւերի պատճառով փչանան մեր հարաբերությունները մեր հարեւանների` մահմեդական թուրքերի հետ: Ժամանակն է զարգացնել ապագային միտված քաղաքականություն: Հայաստանի Հանրապետությունը սահմանակից է Թուրքիային: Քանի որ սահմանների փոփոխության մասին խոսք լինել չի կարող, հետեւաբար, Թուրքիայի հայերը շահագրգռված են, որ երկու հարեւան երկրները մերձենան: Թուրքական Հանրապետության հետ մենք կապված ենք քաղաքականորեն, Հայաստանի հետ ունենք կիրոնական եւ մշակութային կապեր: Մենք, Թուրքիայի հայերս, անդորրից բացի ոչինչ չենք ուզում: Այն դեպքում երբ սփյուռքի ներկայացուցիչների անսանձ մոտեցումը խախտում է այդ անդորրը»:

Ըստ էության, արքեպիսկոպոս Մութաֆյանը հնչեցրել է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ, չմոռանալով հիշատակել «պետության դեմ ապստամբած հայկական զինված կազմավորումների մասին»: Հավանաբար, պետք է շատ վախենալ սեփական կյանքի եւ Ստամբուլի հայ համայնքի ապագայի համար, Վանի եւ Սասունի հերոսական պաշտպանությունը «պետության դեմ ապստամբություն» համարելու համար: Ճիշտ է նաեւ այն, որ դատելը միշտ հեշտ է: Սակայն պետք չէ մոռանալ այն հազարավոր հայ եկեղեցականներին, որոնք չթողեցին իրենց հոտը եւ կիսեցին սպանվածների եւ բռնագաղթվածների ճակատագիրը: Ի դեպ, Ստամբուլում արդեն եղել է նման մի պատրիարք` Մաղաքիա Օրմանյանը, որը վարել է շրջահայաց, պահպանողական քաղաքականություն, ինչով հարուցել է հայ մտավորականության եւ քաղաքական կուսակցությունների դժգոհությունը: 1908թ. հուլիսին Կոնստանդինոպոլսում կայացած բազմամարդ ցույցի մասնակիցները ներխուժեցին պատրիարքի նստավայր եւ հայտարարեցին նրան տապալված: