21 հուլիսի 2007 - 17:43 AMT
ՀՈԴՎԱԾ
Ռ.Քոչարյանը վերջակետ է դրել ԼՂՀ-ում ընտրությունների «ճանաչման եւ չճանաչման» մասին անիմաստ վեճում
Ադրբեջանական մամուլը, կարծես թե, ուշադրությունից դուրս չի թողել ոչ մի պետություն, սկսած Ճապոնիայից եւ վերջացրած ԱՄՆ-ով, որոնք «չեն ճանաչում» ԼՂՀ ընտրությունները
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է երրորդ նախագահին: Ընտրություններն, ինչպես դա միշտ լինում է Ղարաբաղում, անցել են ազատ եւ արդար: Նոր նախագահի անձը եւ նրա ծրագիրը համոզում են, որ ԼՂՀ-ն մտադիր չէ շեղվել ընտրած ճանապարհից: Հազիվ թե Սահակյանը վարի նախորդ իշխանություններից շատ զանազանվող քաղաքականություն:
Ժամանակին, Արկադի Ղուկասյանը նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելուց հետո կուսակցական պատկանելության մասին հարցին պատասխանել է, որ ինքը, ինչպես եւ ողջ ժողովուրդը մեկ կուսակցություն ունի: «Մենք ղարաբաղցիների կուսակցություն ենք»,-ասել է նա 1997 թվականին: Նույնը, հավանաբար, կարող է ասել նաեւ նոր նախագահ Բակո Սահակյանը, չնայած այն փաստին, որ ԼՂՀ-ում կան մի քանի քաղաքական կուսակցություններ, որոնք սկզբունքորեն միասնական են գլխավոր հարցում` սկզբից ԼՂՀ անկախության ճանաչում, հետո` մնացածը:

Այս ամենին կարելի էր չանդրադառնալ, եթե մեր հարեւանները գոնե այս անգամ չվկայակոչեին համաշխարհային հանրությանն, իսկ ավելի ճիշտ, չհամոզեին սեփական ժողովրդին, որ ԼՂՀ-ում կայացած ընտրությունները ոչ ոք չի ճանաչում եւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ոչ ոք բանակցություններ չի վարի: Բաքուն գուցե չբանակցի մոտակա ապագայում: Դա, ի դեպ, Իլհամ Ալիեւից կախված չէ: Քանի որ, ինչպես դիպուկ արտահայտվել է ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, «եթե միջազգային կառույցները չեն ճանաչում ԼՂՀ նախագահին, ապա ինչո՞ւ են խոսում նրա հետ»: Իրոք, տարօրինակ է: Հազիվ թե նույն համանախագահները չեն դիմել Արկադի Ղուկասյանին, իսկ այժմ նաեւ Բակո Սահակյանին ասելով «պարոն նախագահ»: Եվ ոչ միայն նրանք:

Սակայն դա ամենեւին չի հուզում Բաքվին: Ադրբեջանական մամուլը, կարծես թե, ուշադրությունից դուրս չի թողել ոչ մի պետություն, սկսած Ճապոնիայից եւ վերջացրած ԱՄՆ-ով, որոնք «չեն ճանաչում» ԼՂՀ ընտրությունները: Ընդ որում հղումներն արվում են Բաքվում այդ երկրների դեսպանատների աշխատակիցների վրա, ինչը միանգամայն հասկանալի է: Սակայն դա էլ ամբողջը չէ: Ավստրալիայի, Կանադայի, Ճապոնիայի եւ Իսրայելի կողմից ընտրությունները չճանաչելու մասին հայտարարություններն արվել են Անկարայում այդ երկրների դեսպանություններում: Day.az-ը հիացմունքով գրում է, որ «պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հակամարտության տարիների ընթացքում առաջին անգամ նման հզոր աջակցություն ստացավ միջազգային հանրության կողմից: Մինչ այդ ընտրությունները դատապարտել էին ԱՄՆ-ն Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, ՎՈՒԱՄ-ը եւ այլ միջազգային կազմակերպություններ»: Ճիշտ է, միջազգային հանրությունն այժմ զբաղված է Կոսովոյի եւ Իրանի խնդիրներով, ոչ թե Լեռնային Ղարաբաղի ընտրություններով: Իսկ այն, որ պաշտոնական հայտարարություններ են արվում, դա բնական է: ԼՂՀ-ն ՄԱԿ-ի անդամ չէ եւ, հետեւաբար, չճանաչված պետություն է:

ԼՂՀ-ում նախագահական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Հանրային միջազգային իրավունքի եւ քաղաքականության խմբի» ղեկավար Փոլ Ուիլյամսի խոսքերով, ԼՂՀ բնակիչները քվեարկել են ոչ թե ինչ-որ միջազգային կառույցների, այլ իրենց համար: «Նրանց նպատակն էր նախագահ ընտրել եւ այդ խնդիրը նրանք կատարեցին փայլուն կերպով: Ես համոզված եմ, որ մի քանի շաբաթ անց արեւմտյան դիվանագետները կմոռանան, որ «չեն ճանաչել» ԼՂՀ ընտրությունները»,-ասել է Ուիլյամսը: Հարավսլավիայի նախկին արտգործնախարար Վլադիմիր Մատիչը, որը նույնպես հետեւել է ընտրությունների ընթացքին Ղարաբաղում, ընդգծել է, որ միջազգային դիտորդների ներկայությունը հաստատեց Ղարաբաղի բնակչության այն կարծիքը, որ նրանք ճիշտ ուղի են բռնել եւ հուլիսի 19-ի ընտրությունները մի նոր քայլ էին այդ ուղղությամբ: «Միջազգային իրավունքը չունի նման դրույթ, ըստ որի բնակչությանը արգելվի իրեն նախագահ ընտրել»,-ասել է նա:

Իսկ Ռ.Քոչարյանը վերջակետ դրեց ԼՂՀ-ում ընտրությունների «ճանաչման եւ չճանաչման» մասին անիմաստ վեճում: «Ընտրություններն անց են կացվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից սեփական կյանքը կազմակերպելու նպատակով, այլ ոչ թե Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Մոսկվայի համար: Եվ որքան էլ ասեն, թե ընտրությունները չեն ճանաչվում, կազմակերպված եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կարեւոր քայլ է անկախության ճանաչման ճանապարհին»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանն Երեւանում` խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել դատարակ խոսակցությունների վրա: