8 դեկտեմբերի 2007 - 17:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքական միությունը Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը ԱՄՆ-ում է լուծում
Թուրքերը, այդպես էլ չկարողանալով հաղթահարել սեփական ամբիցիաները եւ հայերի հանդեպ մտացածին «առավելության եւ հինավրուց լինելու» զգացողությունը, որոշել են դիմել միջնորդական դատարանին
Անկարայի եւ Բաքվի համար արդեն «լավ» ավանդույթի նշան է դարձել ցանկացած խորհրդաժողովում, լինի դա ԱՄՆ-ում, Եվրոպայում թե Ռուսաստանում, խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, ավելի ճիշտ դրանց բացակայության մասին: Ընդ որում դա ասվում է երկրորդ կողմի բացակայությամբ եւ ժխտվում է նույնիսկ ոչ թե փոխզիջման, այլ ուղղակի երկխոսության ամեն մի հնարավորություն, որը թույլ կտար ինչ-որ հարցերում համաձայնության գալ: Ընդ որում, ինչպես դա միանգամայն պարզ դարձավ վերջին տարիներին, Թուրքիան գնալով ավելի ու ավելի է դառնում Ադրբեջանի պատանդը, որը Հայաստանին վատաբանելու համար ոչ մի բանի առջեւ չի կանգնում:
Սակայն բանը դրանում չէ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ադրբեջանի եւ Թուրքիայի գործարարները, պատգամավորները, հասարակական-քաղաքական գործիչները կհանդիպեն ԱՄՆ-ում, որտեղ կմասնակցեն «Ադրբեջան-Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին ու նրանց ազդեցությունը Եվրասիական տարածաշրջանի վրա» խորհրդաժողովին: Միջոցառումը կազմակերպվում է գործարար մարդկանց ադրբեջանա-թուրքական միավորման նախաձեռնությամբ, Հադսոնի համալսարանի (ԱՄՆ) եւ Ջոն Հոպկինսի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի համալսարանի (ԱՄՆ) կողմից: Ադրբեջանից խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության (ԺԲԿ) նախագահ, խորհրդարանի պատգամավոր Ասիմ Մոլազադեն: «Խորհրդաժողովում կքննարկվեն այդ երեք երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, նրանց կապերի ընդլայնումը բիզնեսի, մշակույթի, քաղաքականության ոլորտում, ապագա ռազմավարական համագործակցության հարցերը: Բացի այդ, միջոցառման ընթացքում կվերլուծվի ներկա իրավիճակը Ադրբեջանում եւ Թուրքիայում Հայաստանի հետ կապված խնդիրների ոլորտում: Համապատասխան միջոցառումներ կանցկացվեն Վաշինգտոնում եւ Լոս Անջելեսում»,-հաղորդել են ԺԲԿ-ում:

Սկզբունքորեն ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ նման միջոցառումներ է անցկացնում ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությամբ, այլ նաեւ մյուս երկրների համար: Բանը դրանում չէ: Ստացվում է, թուրքերը, այդպես էլ չկարողանալով հաղթահարել սեփական ամբիցիաները եւ հայերի հանդեպ մտացածին «առավելության եւ հինավրուց լինելու» զգացողությունը, որոշել են դիմել միջնորդական դատարան, այս դեպքում ԱՄՆ-ին: Ռուսաստանի հետ նրանք դեռեւս հույսեր չեն կապում` դրան խանգարում է 102-րդ ռազմակայանը եւ ինչ-որ չափաով մինչեւ վերջ դեռ չորոշակիացած ռուս-թուրքական հարաբերությունները: Եվ հետո Ռուսաստանի ներկայությունը չկա Իրաքում կամ Աֆղանստանում, եւ Թուրքիան չի կարող շանտաժի ենթարկել նրան: Այլ է ԱՄՆ-ի պարագան, եւ թրքալեզու պետությունների կողմից, որոնց գլխավորում է Թուրքիան եւ թյուրիմացաբար Ադրբեջանը, ուղղակի մեղք կլիներ չօտգվել Հայաստանի վրա ուշադրությունը սեւեռելու մի ավելորդ հնարավորությունից, որն «ի շահ Ռուսաստանի» չի հրաժարվում իր սկզբունքներից: Դիրքորոշումն, ըստ թուրքական իշխանությունների, շատ շահեկան է, առավել եւս որ նրանք հասան այն բանի, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվեց: Ի դեպ, հիանալի իմանալով, որ այդ բանաձեւը ոչինչ չի լուծում, դա զուտ բարոյական ակտ է: Թեեւ քաղաքականության մեջ «հենց այնպես» ոչինչ չի լինում եւ, մի քանի քայլ առաջ հաշվելով, Թուրքիան որոշել է ապահովագրել իրեն ապագայից: Սակայն դա, մեզ թվում է, րոպեական հաղթանակ է, որը հետագայում կարող է ծանր պարտության վերածվել թրքալեզու երկրների համար: Շատ հավանական է, որ շուտով Ադրբեջանը կգնա իր մյուս հարեւան` Իրանի հետքերով, որը հայտարարում է թե Իսրայելը (մեր դեպքում` Հայաստանը) պետք է ջնջվի երկրի երեսից:

Հազիվ թե ԱՄՆ-ում կայանալիք խորհրդաժողովում ինչ-որ նոր բան լինի: Ադրբեջանի դիրքորոշումը, ամրապնդված նավթով, եւ Թուրքիայինը, որը շանտաժի է ենթարկում Հյուսիսային Իրաքով, ամերիկացի քաղաքական գործիչների համար գրեթե անխոցելի է թվում: Առնվազն, դեռ մեկ տարի այդպես կլինի: Ճիշտ է, չի բացառվում այն հնարավորությունը, որ Սպիտակ տան հաջորդ տնօրենը նույն քաղաքականությունը կվարի, քանի որ ԱՄՆ-ի համար այժմ կարեւորը Իրաքը պահպանելն է` այսինքն այն բաժանելը սեփական ծրագրի համաձայն: Մնացածն ընդամենը խաղ է հանրության համար կամ...Բաքու-Անկարա քարոզչական մեքենայի հերթական սադրանքը, որին մենք, հայ լրագրողներս, շատ հաճախ կուլ ենք գնում: Ցավոք: