20 դեկտեմբերի 2007 - 19:52 AMT
ՀՈԴՎԱԾ
Կկարողանա՞ արդյոք ԵՄ-ն կարգավորել Կոսովոյի խնդիրը մինիմալ կորուստներով
Կոսովոյի անկախությունը կհանգեցնի պատերազմի, եւ պատերազմի պատճառը, ամենայն հավանականությամբ, կգտնվի Միտրովիցայում` սերբական քաղաք Կոսովոյի հյուսիսում
Կոսովոյի հարցի քննարկումը ՄԱԿ-ում ավարտվել է, ինչպես եւ ենթադրվում էր. ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հայտարարեցին, որ Կոսովոյի կարգավիճակի մասին հարցի կարգավորաման հնարավորությունը բանակցությունների ճանապարհով իրեն սպառել է: Ռուսաստանը, ինչպես միշտ, մնացել է իր կարծիքին. բանակցություններն անհրաժեշտ է շարունակել: Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԱԽ եռաժամ փակ քննարկումից հետո բելգիացի դեսպան Յոհան Վերբեկեն, ելույթ ունենալով ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի անունից, ցավով արձանագրեց, որ Խորհուրդը չի կարող համաձայնության գալ Կոսովոյի ապագա կարգավիճակի հարցով, այդ պատճառով ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն պատրաստ են իրենց վրա վերցնել պատասխանատվությունը տարածաշրջանի ճակատագրի համար:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Կոսովոյի կարգավիճակի մասին որոշումը կլինի sui generis, այսինքն եզակի եւ չպետք է նախադեպ դառնա այլ իրավիճակներում: Մասիմո Դ Ալեման` Իտալիայի արտգործնախարարը, ով դեկտեմբերին նախագահում է Անվտանգության խորհրդում, հայտարարել է, որ Խորհրդի անդամները «որեւէ կոնկրետ եզրահանգումներ չեն արել», սակայն կոչ են արել կողմերին «խաղաղություն պահպանել եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են անվտանգության սպառնալիք դառնալ տարածաշրջանում»:

Դժվար թե դիվանագետները կամ պաշտոնյաները չեն հասկանում նման որոշման անհեթեթությունը, քանի որ Կոսովոյի անկախությունը կդառնա նախադեպ: Կարելի անընդհատ դրանից հետ կանգնել, սակայն փաստը մնում է փաստ: Գուցե այդ պատճառով են ԱՄՆ-ն որոշել պատասխանատվության բեռը բարդել ԵՄ-ի վրա: Սակայն հենց Եվրոպայում կան բազմաթիվ նման շրջաններ, որոնք, ոգեւորվելով «վատ» օրինակից, կհետեւեն Կոսովոյի ալբանացիներին. բասկերը, Բելգիան, Ռումինիան Հունգարիայի հետ մեկ տեղ: Իսկ եթե հանկարծ մեկի մտքով անցնի, որ Կորսիկան պետք է անջատվի Ֆրանսիայից Եւ պատերազմ կսկվի, ինչից հետո Եվրոպայից բան չի մնա: Երբ Ռուսաստանը դեմ է հանդես գալիս նման որոշմանը, գուցե նա ավելի լավ է պատկերացնում նման որոշման հետեւանքները: Ճիշտ է, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար ամերիկա-եվրոպական տարբերակը ավելի նախընտրելի է, ինչ էլ չխոսեն նախադեպի անհնարինության մասին: Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի խոսքերով, Կոսովոյի հարցով որոշումը չի կարող նախադեպ դառնալ հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող հակամարտությունների համար: «Մի կողմից, Կոսովոյում տեղի ունեցող գործընթացները կարող են ազդել հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների կարգավորման վրա, քանի որ սպասումներ են ստեղծում, կախված այն բանից` ով ում կողմը կգրավի, սակայն այլ կողմից` ոչ»,- ասել է Սեմնեբին:

Սերբիան օգտագործում է բոլոր միջոցները, բացի ռազմականից, որպեսզի թույլ չտա Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը տարածաշրջանի ալբանական մեծամասնության կողմից: Այդ մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո չորեքշաբթի օրը, որի ժամանակ քննարկվում էր Կոսովոյի ապագան: Կոշտունիցան եւս մեկ անգամ ընգծեց, որ խնդրի կարգավորումը պետք է գտնվի ՄԱԿ-ի շրջանակներում: «Միջազգային իրավունքի նորմերը խախտելու ցանկացած փորձ անթույլատրելի է: Արեւմտյան երկրների աջակցությամբ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը կխախտի ՄԱԿ-ի կանոնադրությունում ներկայացված սկզբունքները եւ կդառնա նոր դարաշրջանի սկիզբ, որում ուժն ամենից վեր է»,- հայտարարել է սերբ վարչապետը: Իր հերթին, Կոսովոյի նախագահ Ֆատմիր Սեյդիուն հիշեցրել է 1990-ականների դեպքերը եւ հավելել է, որ «այն տարիներին կոսովցի ալբանացիների սպանությունների մասին հիշողությունները անհնարին են դարձնում Սերբիայի եւ Կոսովոյի գոյությունը մի պետության կազմում»:

«Նոր պատերազմը Բալկաններում շատ մոտ է»,- ասել է Տեխասի համալսարանի ռազմավարության վերլուծաբան, նախկին Հարավսլավիայի հարցով փորձագետ Ալան Կուպերմանը: «Կոսովոյի անկախությունը կհանգեցնի պատերազմի, եւ պատերազմի պատճառը, ամենայն հավանականությամբ, կգտնվի Միտրովիցայում` սերբական քաղաք Կոսովոյի հյուսիսում, քանի որ Պրիշտինայի կողմից ինքնավարության հռչակման անմիջապես հաջորդ օրը սերբական ոստիկանությունը կհանի իր կոսովական համազգեստը եւ անմիջապես կհագնի սերբական ոստիկանության հին համազգեստը, որը վերջին տարիներին հոգատարությամբ պահել է տանը` պահարանում»,- Կուպերմանին մեջբերում է իտակալան La Stampa-ն:

Ըստ այդ սցենարի, պատերազմը կսկսվի, քանի որ Կոսովոյի ալբանացի գրոհայինները չեն հանդուրժի, որ սերբական ոստիկանությունը վերահսկելու է նոր պետության մի ողջ շրջան: Չենք խոսում այն մասին, որ Բելգրադը կարող է իր մարդկանց եւ միջոցները ուղարկել Միտրովիցա եւ իր վերահսկողության տակ վերցնել ողջ Կոսովոյի հիդրոռեսուրսները:

Միացյալ Նահանգների վախերը, կապված այն բանի հետ, որ Միտրովիցան կարող է դառնալ ֆիթիլ, որի պատճառով նոր հակամարտություն կպայթի, ամրապնդվեցին այն բանից հետո, երբ Բելգրադի կառավարությունը դեկտեմբերի 11-ին իր ներկայացուցչությունը բացեց քաղաքի ամենակենտրոնում: ՄԱԿ-ի վարչակազմի ներկայացուցիչները անօրինական եւ անընդունելի են անվանել հանկարծակի որոշումը: Սակայն սերբ նախարար Սոլոբոդան Սամարջիչը հայտարարել է, որ «Պրիշտինայի կողմից անկախության միակողմանի հռչակման դեպքում, Սերբիան օրինական եւ դիվանագիտական միջոցներով պատասխան կտա պաշտպանելով սեփական տարածքն ու սեփական ժողովորդի իրավունքները` ապրելու այն սահմանների մեջ, որոնք ճանաչում է միջազգային իրավունքը»: Կարծես ցանկանում է ասել. Կոսովոյում սերբական ներկայացուցչությունը կդառնա ընդհանուր օրինական իշխանության կենտրոնը, որին կհետեւի սերբական ոստիկանությունը: