24 հունվարի 2008 - 20:02 AMT
ՀՈԴՎԱԾ
Դինքի սպանությունը հանդիսանում է Թուրքիայում «վտանգավոր մտածողության» արդյունք
Հրանտ Դինքին սպանել են ոչ այնքան էթնիկ պատկանելիության համար, չնայած դա եւս խաղացել է իր դերը, այլ այն բանի համար, որ նա խոսում էր Հայոց ցեղասպանության մասին
Մեկ տարի է անցել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության օրից, սակայն հանցագործության հանգամանքները մինչեւ հիմա բացահայտված չեն: Դինքին սպանել է Թուրքիան, որը, որքան էլ դա նրա դուրը չգա, հանդիսանում է Օսմանյան կայսրության ժառանգորդը` բոլոր «անհավատների» նկատմամբ անհանդուրժողականությամբ: Թաներ Աքչամի խոսքերով, ով մեկնել է ԱՄՆ 1971 թվականին քաղաքական պատճառներով եւ փրկվել է մահվանից, Դինքի սպանության մեջ մեղավոր է «խորքային պետությունը»:
«Խորքային պետությունը» հանդիսանում է ընդհատակյա կազմակերպություն եւ այն անվտանգության ուժերի եւ պաշտոնյաների մի մասից է կազմված, ովքեր հստակորեն դեմ են Թուրքիայի ժողովրդավարացմանը: Դինքի սպանությունը ավելի բարդ էր, քան առանձին հանցագործություն եւ դարձավ Թուրքիայում «վտանգավոր մտածողության» արդյունք»,- ասել է Աքչամը, գրում է Turkish Daily News-ը:

Իրոք, Թուրքիայում տարածված է «վտանգավոր մտածողությունը», որքան էլ չհամոզէին իրենք` թուրքերը հակառակում: Դա կայսերական մտածողությունն է, որը եւս մնացել է օսմաններից, եւ արտահայտվում է ոչ միայն այլակարծների սպանություններում եւ հետապնդումներում, այլեւ մնացած աշխարհին իրենց կարծիքը թելադրելու «մտացածին» իրավունքի մեջ: Եւ ինչն է ամենահետաքրքիրը. աշխարհը ենթարկվում է դրան եւ ԱՄՆ-ի շանտաժը դրա լավագույն օրինակն է: Երբ 2003 թվականին Թուրքիան թույլ չտվեց ամերիկյան զորքերի մուտքը Իրաք իր տարածքով, Ամերիկան լռեց եւ ոչ մի բառ չասեց «ազգային շահերի եւ զինվորականների անվտանգության» մասին: 4 տարի է անցել, Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Օսմանյան Թոււրքիայում Հայոց ցեղասպանության հաստատման մասին 106-դ բանաձեւը: Եւ ինչ. Թուրքիան անմիջապես սկսեց սպառնալ Իրաքում ամերիկյան զորքերի անվտանգությանը, այն զորքերի անվտանգությանը, որոնց մուտքը նա արգելում էր 2003 թվականին: Հետաքրքրական է, որ ինքը` բանաձեւը, ներկայացվել է Պալատ Հրանտ Դինքի սպանությունից անմիջապես երկու շաբաթ անց:

Մինչ դեռ, Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը 50 մարդ է ձերբակալել, որոնց շարքում գտնվում են Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի վարչության անդամ, գեներալ Վելի Կիչիկը, «Aksam» թերթի աշխատակից Գյուլեր Կոմուրչուն, փաստաբան Կամալ Կերինչսիզը եւ Թուրքիայի Ուղղափառ եկեղեցու մամլո ծառայության աշխատակից Սեւգի Երեներոլը: Նրանց ձերբակալել են «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու, դատավորների վրա զինված հարձակման, «Cumhurriyet» թերթում պայթյուն կազմակերպելու եւ Տրապիզոնում եւ Իզմիրում հոգեւորականների մահափորձի կասկածանքով:

Ներկա դրությամբ, ձերբակալված անձինք հարցաքննվում են ոստիկանության կողմից: Դեռեւս հայտնի չէ` արդյոք նրանց դեմ մեղադրանքներ առաջադրված են: Իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավարներից մեկը` Դենգիր Միր Մեհմետ Ֆիրատը հայտարարել է, որ ոստիկանությունը մեծ գործողություն է անցկացրել, որի արդյունքները նրանք անհամբերությամբ են սպասում:

Միջազգային հանրությանն ու առաջին հերթին Եվրոպային Թուրքիան ցուցադրում է իր «շահագրգռվածությունը» Դինքի գործով: Խորհրդարանական հանձնաժողով է ստեղծվել, փաստաբանները հանդես են գալիս ոստիկանների բացահայտմամբ. մի խոսքով, ամեն ինչ այնպես, ինչպես ժողովրդավարական պետություններում: Սակայն Թուրքիան կանխամտածված կամ ոչ, բաց է թողնում մի շատ կարեւոր հանգամանք. Ստամբուլը ողջ Թուրքիան չէ, ավելին, գուցե դա ընդհանրապես Թուրքիան չէ: «Գոյություն ունի երկու Թուրքիա. եվրոպական, որը գտնվում է Թաքսիմ հրապարակում: Դա մոտ 50 հազար մարդ է, գուցե քիչ ավելին: Եւ մնացած Թուրքիան` մոտ 70 միլիոն, ովքեր իրոք իսլամ են քարոզում եւ իրենց համարում են Օսմանի ժառանգները: Այնպես որ, անհնարին է լրջորեն խոսել եվրոպական արժեքների մասին Թուրքիայում»,- գտնում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հրանտ Դինքի մարդասպանի (մարդասպանների) դատավարությունը կավարտվի խստագույն դատավճռով: Եւ Եվրոպայի աչքերում Թուրքիան «նորմալ երկրի» կնմանվի: Սակայն ողջ ցավը նրանում է, որ Եվրոպայում, ի տարբերություն ԱՄՆ-ի, հոյակապ գիտեն թուրքական ժողովրդավարության արժեքը, եւ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը դրա լավագույն ապացույցն է: Հրանտ Դինքին սպանել են ոչ այնքան էթնիկ պատկանելիության համար, չնայած դա եւս խաղացել է իր դերը, այլ այն բանի համար, որ նա խոսում էր Հայոց ցեղասպանության մասին: Օրհան Փամուկը, Թաներ Աքչամը եւ շատ ուրիշները Դինքից երջանիկ ճակատագրի տեր դարձան. նրանք մեկնեցին: Ինքը Հրանտ Դինքը սպանությունից երկու օր առաջ տված հարցազրույցում ասել է. «Եթե ես հանձնվեմ եւ մեկնեմ երկրից, դա խայտառակություն կլինի մեր բոլորիս համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, եւ ես իրավունք ունեմ մահանալու այս երկրում, որում ծնվել եմ»:

Իսկ հարցին, թե արդյոք այդքան վատ է Թուրքիայում հայ լիները, նա պատասխանել է. «Դե, եթե որեւէ մեկը լռում է, ապա նա դժվար թե ինչ-որ խնդիր ունենա: Սակայն ինձ համար անգամ երիտասարդ տարիներին էր բարդ երգել դպրոցական երգչախմբում, թե որքան հպարտ եմ ես, որ թուրք եմ: Իհարկե, մեր երկրում հպարտանալու շատ բաներ կան, բայց ես թուրք չեմ: Հանրության ներկայացուցիչները սիրում են ասել, որ երկում հայկական մանկատներ եւ հայկական դպրոցներ կան: Սակայն այն մասին, որ դպրոցից հեռացնում են նրանց, ով մասնակցում է քաղաքական կյանքին, նրանք նախընտրում են լռել»