ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին չի հանգեցնի խնդրի լուծման

Բաքվում այնքան են խոսել «ցանկացած, նույնիսկ ռազմական գնով իրենց հողերը վերադարձնելու մասին», որ դարձել են սեփական ճարտասանության պատանդները

20 տարի առաջ սկսվեց ղարաբաղյան շարժումը: Արցախի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի առաջին փուլն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմամբ: Ներկայումս ընթանում է ԼՂՀ իրավաբանական ճանաչման դժվարին գործընթացը, որը չգիտես ինչու կոչվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց:
PanARMENIAN.Net - Բուն Ղարաբաղում առաջին իսկ օրվանից այդ հակամարտությունն անվանում են ղարաբաղա-ադրբեջանական, արդարացիորեն համարելով, որ Հայաստանն ուղղակի շահագրգիռ կողմ է, որը հանդես է գալիս որպես ԼՂՀ անկախության եւ անվտանգության երաշխավոր: Բազմիցս արդեն ասվել է, որ ԼՂՀ ներկայացուցիչների բացակայությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին չի հանգեցնի խնդրի լուծման: Թեեւ, եթե մտածենք, ոչ մի որոշում էլ չկա` ԼՂՀ ժողովուրդը զենքը ձեռքին պաշտպանեց իր անկախության իրավունքը, եւ հավանական խաղաղ պայմանագիրը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ուղղակի պետք է գրանցի ստատուս-կվոն: Բնականաբար, նման տիպի պայմանագիրը չի կարող ձեռք տալ Ադրբեջանին: Բաքվում այնքան են խոսել «ցանկացած, նույնիսկ ռազմական գնով իրենց հողերը վերադարձնելու մասին», որ դարձել են սեփական ճարտասանության պատանդները: «Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է խնդրի կիրառման նաեւ այլ տարբերակների»,-նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վագիֆ Սադիխովը` հավելելով, որ Ադրբեջանը չի պատրաստվում տասնամյակներ շարունակ հանդուրժել ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը, որը հաջողությամբ զարգացնում է իր տնտեսությունը եւ մեծ շահույթներ է ստանում էներգետիկ նախագծերի իրագործումից եւ համաշխարհային շուկա սեփական էներգառեսուրսների առաքումից, ստիպված է ֆինանսական մեծ միջոցներ ծախսել ռազմական կարիքների համար: Սակայն իրո՞ք Ադրբեջանն այդքան հաջողակ է, ինչպես դա ներկայացնում են Բաքվի իմիջմեյքերները նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ: «Նորություններ» գործակալության ԱՊՀ եւ Բալթիայի երկրների գլխավոր տնօրինության ղեկավար Ալան Կասաեւի կարծիքով, Ադրբեջանն այժմ ներդրումային գրավչության իմիջ է ստեղծում իր համար` փորձելով լուծել իր խնդիրներն Իրանի հետ, որոշել Կասպից ծովի կարգավիճակը: «Նախընտրական իրավիճակն Ադրբեջանում բարդացնում է երկրի ներքին անկայունությունը: Հենց դա էլ հանդիսանում է հակահայկական եւ բացահայտ ռազմատենչ հռետորության հիմնական պատճառը, ինչն իշխանությունները օգտագործում են ազգի միավորման համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանի բնակչության 60-70 տոկոսը գյուղաբնակներ են, հաճախ անգրագետ: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը թույլ զարգացած եւ ոչ այնքան կրթված երկիր է, որ ապրում է նավթային եկամուտների հաշվին, որոնք վաղ թե ուշ կսպառվեն: Երկրում չի զարգանում գյուղատնտեսությունը, չկա արդյունաբերություն, բացառությամբ Բաքվի նավթավերամշակման գործարանների: Սակայն չէ որ ողջ բնակչությունը չի կարող բնակություն հաստատել մայրաքաղաքում: Այնպես որ թշնամու ակտիվորեն ստեղծվող կերպարը հանրության համախմբման տարրերից մեկն է»,-ընդգծել է ռուս փորձագետը:

Իսկ ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի խոսքերով, որը կարգավորման գծով գլխավոր փորձագետներից մեկն է, ոչ մի երկիր այնքան չի բարձրաձայնում, որ ապավինում է ուժին, որքան Բաքուն: Պատահական չէ, հավանաբար, որ Ադրբեջանը ճանաչվել է աշխարհի ամենաագրեսիվ պետություններից մեկը:

Ներկայումս ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը դժվարացել է Կոսովոյի միջադեպի պատճառով: «Կոսովոյի ճանաչումից հետո միջազգային կարծիքը տրամադրված է ինքնորոշման իրավունքի դեմ: Ամենուր, բոլոր մակարդակներով հայտարարվել է, որ Կոսովոն չպետք է նախադեպ դառնա, եւ դա ուղղակի խոսքեր չեն, այլ համաշխարհային հանրության տրամադրվածությունը: Դա մեծ խոչընդոտ կդառնա մեր ճանապարհին: Բացի այդ, հակասությունների խորացումը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ անպայմանորեն եւ բացասաբար կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ այժմ բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթն առավել օպտիմալն է, եւ հուսով եմ, որ Ադրբեջանը չի հրաժարվի դրանից»,-Ստեփանակերտում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը 10 տարի բանակցել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Մինչդեռ, ԵԱՀԿ ՄԽ-ն լուրջ մտավախություններ ունի, որ բանակցությունները կարող են տապալվել եւ դրանով վերջ դրվի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: «Սակայն ԵԱՀԿ այդ մտավախությունները ցրվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների, ինչպես նաեւ երկու հակամարտող կողմերի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո: Ներկայումս բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտին կազմող հինգ շրջանների վերադաձման շուրջ: Դրանից հետո ԵԱՀԿ-ն առաջարկում է որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Հինգ շրջանները վերադարձնելուց հետո, Ղարաբաղը պատրաստ է բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ կարգավիճակի վերաբերյալ»,-ասել է Ֆասյեն:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---