26 հունիսի 2008 - 19:56 AMT
ՀՈԴՎԱԾ
Իրանը ձգտում է տարածաշրջանային տերություն դառնալ` մրցակցելով Թուրքիայի հետ
Հենց տարածաշրջանային տերություն դառնալու դիրքերից կարելի է գնհատել Իրանի մտադրությունը, իսկ ավելի շուտ ցանկությունը մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
Վերջերս Իրանը գնալով ավելի շատ է գրավում համաշխարհային հանրության ուշադրությունը: Եվ բանը միայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքները չեն, ոչ էլ այն, որ Թեհրանը փորձում է դառնալ տարածաշրջանային տերություն: Իրանի իրական մրցակիցն այս հարցում Թուրքիան է, որը, սակայն, դեռ չունի արաբական երկրների աջակցությունը: Միանգամայն հավանական է, որ Արդարության եւ զարգացման կուսակցության իսլամիստական կուրսը կարող է օգնել Թուրքիային հաղթահարել դժվարությունները արաբական աշխարհի հետ:
Սակայն Իրանն այդ դժվարությունները չունի եւ առավել ինքնուրույն է, քան Թուրքիան, որ մշտապես կողմնորոշվում է ԱՄՆ-ի եւ որոշ չափով Իսրայելի դիրքորոշմամբ: Իսրայելի հայտարարությունները Թեհրանի միջուկային օբյեկտներին միջուկային հարված հասցնելու պատրաստակամության մասին Իրանում ընկալեցին որպես անհաջող կատակ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մոհամմեդ Ալի Հոսսեյնիի խոսքերով, Իսրայլը շատ թույլ է` Թեհրանին սպառնալու համար, սակայն, ցանկանում է դուրս գալ որոշ ներքաղաքական ճգնաժամերից եւ շեղել հանրության ուշադրությունը: «Թել Ավիվին նման միջոցառումները պետք են իսրայելյան իշխանությունների ստորացված ոգին վերականգնելու համար` 2006թ. Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ դիմակայությունում պարտություն կրելուց հետո»,-հայտարարել է նա: Իր հերթին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մոտ ապագայում չի հարձակվի Իրանի վրա: «Ջ.Բուշի նախագահության ժամկետը մոտենում է ավարտին եւ նա վնաս չի հասնցի Իրանին, նույնիսկ չնայած նրան, որ ամերիկյան զորքերը ներխուժել են սահմանակից Աֆղանստան ու Իրաք»,-ընդգծել է Ահմադինեժադը, հաղորդում է Associated Press-ը:

Հենց տարածաշրջանային տերություն դառնալու դիրքերից կարելի է գնհատել Իրանի մտադրությունը, իսկ ավելի շուտ ցանկությունը մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Իրանը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, սակայն, ցավոք, կողքի ուժերի ճնշման ներքո մեր երկիրը հեռացվեց միջնորդությունից»,-հունիսին հայտարարել է Բաքվում Իրանի փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխ Էթթարը: Նրա խոսքերով, եթե երկու կողմերից առաջարկ լինի, իր երկիրը պատրաստ է կրկին ստանձնել միջնորդական առաքելությունը: «Թեեւ ես չեմ կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը բավարար է, Իրանը հավանություն է տալիս այդ շրջանակներում ընթացող բանակցություններին»,-ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը:

Պաշտոնական Բաքվի անդրադարձը չուշացավ: «Բաքուն դեմ չէ Իրանի միջնորդությանը հակամարտության կարգավորման հարցում: Հաշվի առնելով Իրանի ռեսուրսները, պաշտոնական Թեհրանը կարող է նպաստել հակամարտության լուծմանը, եթե ճիշտ ուղերձ հղի Հայաստանին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Թողնենք Իբրահիմին, որ ինքը պարզի, թե ինչ «ճիշտ ուղերձ» պետք է դա լինի, որը Թեհրանը հղելու է Հայաստանին: Ուղղակի հարկ է հիշեցնել մեկ ճշմարտություն, որը իր կարգի դիվանագետը չի կարող չիմանալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Իրանի ընդգրկումը բանակցային գործընթացում ուղղակի անհնար է: Իրանը չի անդամակցում ԵԱՀԿ ՄԽ-ին: Ավելին, նա շատ խնդրահարույց հարաբերություններ ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի` ԱՄՆ-ի հետ: Իրանի փոխարտգործնախարարի հայտարարությունը տվյալ դեպքում պետք է ընկալել այն վերապահումով, թե որ երկրում է նա դա ասել եւ ինչու»,-գտնում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը ցանկացած գնով չեզոքացնելու Ադրբեջանի ապարդյուն փորձերը հազիվ թե կարող են Բաքվի համար ցանկալի արդյունք ունենալ: Եվ Իրանը հաստատ այդ խաղերի մեջ չի մտնի այն պարզ պատճառով, որ իր խնդիրներն էլ են բավական: Բաքվում կարծում են, հավանաբար, որ հնարավոր չի լինի կարգավորումը տեղափոխել ՄԱԿ, ուստի պետք է փորձել տարածաշրջանային մակարդակով: Առավել եւս, որ շուրջը իսլամական երկրներ են, որոնց մեծ մասը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության` ԻԿԿ անդամներ են: Սակայն Ադրբեջանում մոռանում են, որ կա նաեւ Արաբական պետությունների լիգա` ԱՊԼ, որտեղ Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի: Ի վերջո, եթե Ադրբեջանը դիմում է ԻԿԿ-ին, ապա ինչն է խանգարում Հայաստանին դիմել ԱՊԼ-ին, թեկուզ դիտորդի իրավունքով եւ ուղղակի տեղեկացնել արաբական պետություններին կարգավորման գործընթացի իրական վիճակի մասին: Ուղղակի որքան մոտենում են Ադրբեջանի նախագահի ընտրությունները, այդքան նյարդային են դառնում պաշտոնական Բաքվի մեկնաբանությունները ինչպես հակամարտության, այնպես էլ Հայաստանի մասին: