Հայերի առջեւ պետք է ներողություն խնդրի Թուրքիայի Հանրապետությունը եւ ոչ թե` թուրք մտավորականությունը

Թուրքիայում, բացի ազգային նույնության փնտրտուքից, մեծ ներքին պայքար է ընթանում նաեւ երկրի ապագայի համար, որն ընկել է քեմալիզմի ճանկերը եւ ոչ մի կերպ չի կարողանում դուրս պրծնել

Ազգային նույնության փնտրտուքները թուրք մտավորականությանը բերեցին առաջին հայացքից բավական անակնկալ քայլի: Ողջ համաշխարհային մամուլը վերջին օրերին գրում է մեղա եկած «ենիչերիների» մասին, խղճի, սերունդների առջեւ պարտքի, մի խոսքով` ինչի մասին ուզես, եթե դա առնչվում է Թուրքիային: Թուրքական հասարակության հանդեպ հետաքրքրության նման պոռթկում տեղի էր ունեցել նաեւ 2 տարի առաջ, երբ Ստամբուլում սպանվել էր Հրանտ Դինքը: Բոլորն էլ հիշում են «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» եւ «Մենք բոլորս հայ ենք» բազմաթիվ ցուցապաստառները: Եւ ահա այժմ` Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում կատարված սպանությունների համար հայ ժողովրդից ներողություն խնդրելու կոչեր:

PanARMENIAN.Net - Ընդ որում, ինչպես եւ միշտ, «ցեղասպանություն» բառը չի հնչեցվում: Մի կողմից «Հայե'ր, ներե'ք մեզ» գործողությունը պետք է իրերի տրամաբանությամբ շոշափի հայ ժողովրդի զգայուն լարերը, եւ վերջինս հանկարծ կորոշի ներել, կարծես ոչինչ էլ չի եղել: Մյուս կողմից, հայերի առջեւ մեղա գալու կոչը քննադատության է ենթարկվում ոչ միայն ազգայնամոլների, այլեւ` հասարակության այն հատվածի կողմից, ովքեր գտնում են, որ նման հայտարարությունը թերի է: «Դա լավ սկիզբ է, բայց այդքանը բավական չէ: Նախ` ի՞նչ են նրանք ենթադրում «Մեծ աղետ» ասելով: Եկե'ք իրերն իրենց անուններով կոչենք. դա ցեղասպանությունն է: Երկրորդը` ներողություն պետք է խնդրի պետությունը»,- ասել է թուրքական Դիմադրության ասոցիացիայի կոորդինատոր Այթեքին Յըլդըզը: Ճիշտ է, թուրքական հանրությունն իր մաքառման մեջ դեռեւս չի հասել այն աստիճանին, որպեսզի իրերն իրենց անուներով կոչի, քանի որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը դեռեւս վերացված չի: Դա նշանակում է, որ հայտարարությունը ստորագրած ավելի քան 5000 հոգուց յուրաքանչյուրին ցանկացած պահի կարելի է դատարան հանձնել, ինչն արդեն առաջարկել են իրենց պաշտոնից հեռացած դիվանագետները:

Նախկին դեսպանները կտրուկ քննադատության են ենթարկել Ինտերնետում 1915թ. իրադարձությունների առիթով ստորագրահավաքի քարոզչությունը եւ գտնում են, որ թուրք մտավորականությունը չպետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար: Դիվանագետները մի հայտարարություն են տարածել, որում թուրք մտավորականության նախաձեռնությունը գնահատում են որպես «աչառու, սխալ եւ ազգային շահերին չարձագանքող»: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, հայտարարության տակ իրենց ստորագրությունն են դրել մոտ 60 նախկին դեսպաններ եւ իրենց պաշտոնից հեռացած դիվանագետներ: «Դա ոչ գրագետ եւ միակողմանի հայացք է, որը խոսում է սեփական պատմության հանդեպ անհարգալից վերաբերմունքի մասին եւ մատնում է մեր ժողովրդին, որն ահաբեկչական կազմակերպություններից կորուստներ է կրել Օսմանյան կայսրության վերջին օրերին եւ հանրապետության կայացման ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրվել է Շյուքրյու Էլեքդագի ու Օնուր Օյմենի կողմից: Հայտարարության հեղինակները նաեւ հիշեցնում են, որ Հայաստանը մերժել է 1915թ. իրադարձությունները պարզելու համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը:

Դիվանագետների նամակը, ինչպես եւ ազգայնամոլների` մտավորականության ներկայացուցիչների հարցերը լուծելու սպառնալիքները, մեր տեսակետից խոսում է այն մասին, որ պետությունը մտադիր չէ ներողություն խնդրել: Ճիշտ է, ներկայումս Թուրքիայում բացի ազգային նույնության փնտրտուքից, մեծ ներքին պայքար է ընթանում նաեւ երկրի ապագայի համար, որն ընկել է քեմալիզմի ճանկերը եւ ոչ մի կերպ չի կարողանում դուրս պրծնել: Անգամ Գյուլ-Էրդոգանի իսլամական կուսակցությունը դեռեւս ի զորու չէ գերակայել երկրի քաղաքականության վրա Գլխավոր շտաբի ազդեցության հանդեպ: Վարչապետ Էրդոգանը պրագմատիկ մարդ է եւ շատ լավ հասկանում է, թե ուր կարող են հասցնել Թուրքիային զինվորականները, բայց դեռեւս չի կարող դիմակայել նրանց: Դրա հետ կապված, մտավորականների հանրագիրը Ինտերնետում կարող է մեծ դեր խաղալ: Corriere della Sera-ի թղթակից Անտոնիո Ֆերրարիի` «Երեք հարյուրի նամակը. «Հայե'ր, ներե'ք մեզ»» հոդվածի հեղինակի կարծիքով, Ռեջեպ Թայիպ Էրդոգանի եւ հենց իր` Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի իսլամական կառավարության լռությունը կարելի է գնահատել որպես Թուրքիայի եւ Հայաստանի մերձեցմանն ուղղված նախաձեռնության հանդեպ հետաքրքրության ապացույց:

Միակ տարօրինակությունն այս ամբողջ պատմության մեջ այն է, որ հանրագրի տակ իրենց ստորագրությունները չեն դրել Օրհան Փամուկը, Թաներ Աքչամը, Էլիֆ Շաֆաքը, Ռագիպ Զարաքօղլուն` բոլոր նրանք, ովքեր Հայոց ցեղասպանության մասին հրապարակավ հիշատակելու պատճառով քրեական պատասխանատվության էին ենթարկվել նույն այն 301-րդ հոդվածի համաձայն եւ ստիպված էին հեռանալ Թուրքիայից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---