18 դեկտեմբերի 2008 - 20:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքերը ստորագրություններ են հավաքում, հայերը` լռում
Ստորագրածների դեմ քարոզարշավը գլխավորել է Ադրբեջանը, որը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն հակազդում է Թուրքիային ԵՄ մտնելու համար Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործում
«Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագրի տակ հավաքված ստորագրությունների թիվը դեկտեմբերի 18-ին ցերեկը կանգ առավ 13315-ի վրա: Փաստը, որպես այդպիսին սպասելի էր, եւ անհրաժեշտից ավելի բացատրություններ ունի: Որքան էլ որ պաշտոնական Անկարան ասի, որ Թուրքիայում խոսքի եւ արտահայտման ազատություն է, YouTube-ի եւ որոշ կայքերի արգելափակումն ավելի շատ հակառակն են հաստատում: Տարօրինակ է այն, որ Թուրքիայի իշխանությունները սպասեցին 2 օր, որից հետո վարչապետ Էրդողանը վերջապես արտահայտվեց, որ «հավանություն չի տալիս» տվյալ նախաձեռնությանը:

Բայց այժմ բանը թուրքերի մեջ չէ, որոնք իսկապես կարող են վարվել այնպես, ինչպես ցանկանում են. ներողություն խնդրել, մեղա գալ, բացել հայ-թուրքական սահմանը: Կարեւոր է հայերի դիրքորոշումը, որը դեռեւս ոչ մեկի կողմից հստակ չի հնչեցվել: Ըստ ամենայնի, մենք պետք է ասենք «Շնորհակալություն, իհարկե, բայց Ցեղասպանություն առանցքային բառը դուք այդպես էլ չարտասանեցիք: Ուստիեւ ձեր ներողություն խնդրելը գրոշ անգամ չարժե:» Բայց ոչ մի նման բան չկա, ընդհակառակը` քիչ է մնում հալվեն «առնական թուրք եղբայրների» արարքից: Ստիպված կլինենք հիշեցնել պատմությունը: 1915թ.` անմիջապես կոտորածից եւ տեղահանումից առաջ, երիտթուրքերը նույնությամբ շահասիրում էին հայերին, երդվում հավերժ ընկերությամբ: Պատմությունը սովորություն ունի կրկնվելու եւ պարտադիր չէ` երկրորդ անգամ ֆարսի տեսքով: Չարժե մոռանալ նաեւ, որ 1915թ. Թուրքիայի կողքին միայն Գերմանիան էր, ի դեպ, որի դերը հայկական հարցի «լուծման» գործում չգիտես ինչու մոռացված է: Հիմա Թուրքիայի կողքին Ադրբեջանն է եւ գրեթե ողջ մուսուլմանական աշխարհը, բացառությամբ արաբների եւ իրանցիների: Այնպես որ Հայաստանը մտածելու տեղիք ունի: Ավելորդ չի լինի ասել, որ ստորագրածների դեմ քարոզարշավը գլխավորել է Ադրբեջանը, որը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն հակազդում է Թուրքիային ԵՄ մտնելու համար Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործում: Ադրբեջանն ինքն այդ անդամության կարիքը չունի, բայց Թուրքիայի համար այն ցանկալի է: Ահա եւ ստացվում է, որ Հայաստանը խանգարում է թե' մեկին, եւ թե' մյուսին, ինչպես եւ դա միշտ եղել է պատմության մեջ: Իսկ Բաքվում, ի տարբերություն Անկարայի, անգամ ամենաընդդիմական կուսակցությունները իշխանությունների թույլտվությամբ են խոսում, ուստի բոլորովին տարբերություն չկա, թե ով է հնչեցնում պաշտոնական տեսակետը: «Մուասիր Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիեւի խոսքերով, Թուրքիան պետք է դադարեցնի Հայաստանի հետ բանակցությունները, որովհետեւ դա իր իսկ շահերից է բխում: Բայց այստեղ Հաջիեւը կեղծում է. դա բխում է Բաքվի շահերից: Թուրքիան առանց «եղբայրական» Ադրբեջանի կգոյատեւի, իսկ այ Ադրբեջանն առանց Թուրքիայի` դժվար... Ճիշտ է, կա Վրաստանը, բայց նա բոլորովին հուսալի չէ դաշնակցական հարաբերությունների համար, իսկ իսլամական երկրները պարզաապես չեն միջամտի:

Այդ ամենի պայմաններում հայկական լռությունն ուղղակի հուսահատեցնում է: Այդ ամենն ինձ հիշեցնում է քրեստոմատիական դարձած պատմությունը Գրիգոր Զոհրապի մասին, որն ապրիլի 24-ին նախորդած գիշերը հավատացնում էր, որ հայերի հետ ոչինչ չի պատահի: «Ես երեկ Թալեաթի հետ նարդի էի խաղում, նա ինձ կասեր...»: Պատմությունը միգուցե եւ հորինված է, բայց այն չափազանց ճշմարտանման է: Հենց այդ միամտությունը, եթե ոչ ավելին, հանգեցրեց կոտորածին, եւ կարող է շատ ավելի ծանր հետեւանքների հանգեցնել Հայաստանի համար, որը Հարավային Կովկասում պարզապես ռեզերվացիա կդառնա: Դա վատագույն սցենարն է, որ կարող է լինել, իսկ մենք ոչինչ չենք անում, որպեսզի այն իրականություն չդառնա:

Եւ վերջում. Թուրքիայի Ազգային-հանրապետական կուսակցության (CHP) անդամ Ջանան Արիթմանը անցկացվող «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի կապակցությամբ հայտնել է, որ անհրաժեշտ է ստեղծել մի հանձնաժողով, որը կհետազոտի, թե ազգությամբ ով է նախագահ Աբդուլլա Գյուլը:

«Այն մասին, որ Գյուլի մայրը հայ է, պատմել է ինքը` Գյուլի հորեղբայր Ահմետ Սաթօղլուն: Ինձ համար տարբերություն չկա, թե մարդն ով է ազգությամբ: Մենք հարգում ենք մարդկանց, անկախ այն բանից, թե ինչ ազգության են նրանք պատկանում: Բայց պետության նախագահը պետք է պաշտպանի պետության շահերն ու պատիվը: Ստեղծված իրադրության մեջ Թուրքիայի նախագահը պետք է աշխարհով մեկ հայտարարեր, որ Թուրքիան հայերի «ցեղասպանություն» չի կատարել: Բայց Գյուլը չարեց դա»,- նշել է նա:

Ի դեպ, Աբդուլ Համիդ II-ի մայրն էլ է հայ եղել, իսկ երիտթուրքերը իսլամ ընդունած հրեաներ էին (դոնմե): Բայց նրանք բոլորն էլ եղել եւ մնում են թուրք, որն ատում է հայերին միայն այն բանի համար, որ նրանք կան: Դա իրականությունն է, որի հետ հայերն ու հայկական իշխանությունները պետք է հաշվի նստեն:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News