21 փետրվարի 2009 - 21:19 AMT
ՀՈԴՎԱԾ
Հակամարտությունների լուծման գործում «միջազգային իրավունքի նորմեր» մանտրան պետք է փոխարինել
Ադրբեջանի նախագահը պետք է բացատրի իր ժողովրդին, որ միայն ինքը կարող է վերադարձնել հողերը, որոնք այդչափ անտաղանդ կերպով տանուլ տվեց իր հայրը
ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունն ինչ-որ առումով անակնկալ եղավ: Ճիշտ է, ոչ մի նոր բան միջնորդները չասացին, ընդամենը կրկնեցին այն, ինչ ասվում էր ողջ անցած տարվա ընթացքում: Երեւանում հայտարարությանը հանգիստ վերաբերվեցին, առավել եւս, որ այն հիմնականում առնչվում էր բանակցային գործընթացում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշմանը; Համանախագահները եւս մեկ անգամ ընդգծեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Հակամարտությունների արդար եւ տեւական կարգավորման հիմնական տարրը ուժի չկիրառումն է»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:

Սակայն հենց դա դուր չեկավ պաշտոնական Բաքվին, որը, հավատարիմ մնալով իր մեղքերը դիմացինի վրա բարդելու սովորությանը, գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը պետք է հասցեագրվեր Հայաստանին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խազար Իբրահիմը, հաղորդում է «Թուրանը»:

Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարեց, թե Հայաստանն էր ձգտում լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով եւ այսօր էլ դրան է ձգտում: «Ադրբեջանական տարածքները գրավված են Հայաստանի զինված ուժերի կողմից: Ուստի համանախագահների հայտարարությունը պետք է Հայաստանին հասցեագրված լինի: Հայաստանից պետք է պահանջեն հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով եւ դուրս բերել զորքերը ադրբեջանական հողերից»,-ասել է Իբրահիմը:

Գուցե Իբրահիմի հայտարարությունը պատասխան է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Եվրոպայում եւ Երեւանում արած այն հայտարարությունը, որ Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով սպառնալիքի տակ է դնում բանակցային գործընթացը: Մեծ հաշվով, ՀՀ ԱԳՆ ղեկավարը ոչ մի նոր բան չի ասել` այդ ամենը լավ է հայտնի համանախագահներին, եւ ողջ միջազգային հանրությանը: Ուղղակի վերջերս Բաքուն ակնհայտորեն չափն անցնում է` հույսը դնելով Եվրոպա գազի առաքման այլընտրանքային հնարավորության վրա, կամ Թուրքիայի աջակցության, կամ էլ գուցե ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու «վճռականության» վրա: Ամեն ինչ կարող է լինել, ոչ ոք չգիտի, թե ուր կհասցնի Բաքվին այս ռազմատենչ հռետորությունը, եւ ինչպես արդեն գրել ենք, Խազար Իբրահիմի ոչ կոռեկտ արտահայտությունները ցանկացած մակարդակի հայ պաշտոնյաի հասցեին:

Հավանաբար, Բաքուն որոշել է ինչ-որ կերպ «նշել» ղարաբաղյան շարժման 21-րդ տարելիցը: Պատահական թե ոչ, բայց համանախագահների հայտարարությունն արվեց փետրվարի 21-ի շեմին: Ասում են, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում եւ նման տիպի հայտարարությունները կոչված են զգուշացնելու հիմնական խաղացողներին, որ «մոռացության մեջ չընկնեն»:

Ճիշտ է նաեւ այն, որ մինչ Ադրբեջանի Սահմանանդրության վերաբերյալ հանրաքվեն, իսկ ավելի ճիշտ, մինչ Ալիեւին ցմահ նախագահ հռչակելը, քիչ ժամանակ է մնում եւ պետք է բացատրել սեփական ժողովրդին, որ միայն Ալիեւը կարող է վերադարձնել հողերը, որոնք այդչափ անտաղանդ կերպով տանուլ տվեց իր հայրը: Թեեւ «ազգային առաջնորդի» հասցեին Բաքվում այդպես չեն խոսում, վտանգավոր է:

Մինչդեռ, ըստ ռուս փորձագետ Ալեքսեյ Վլասովի, միանգամայն ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի թեման այնքան խճճված ու հակասական է արտաքին դատավորների տեսակետից, որքան որ պարզ է ու հասարակ Ադրբեջանում կամ Հայաստանում բնակվողների տեսակետից: «Մոտեցումների այդ տարբերությունը ղարաբաղյան հարցը չափազանց պայթյունավտանգ է դարձնում նույնիսկ ամենամոտավոր դիտարկմամբ, թեկուզ փորձագիտական ընկերակցության մակարդակով: Միջազգային իրրավունքի նորմերը վաղուց են կորցրել իրենց գրավչությունը` որպես նման հակամարտությունների արդարացի լուծման շաբլոն»,-գտնում է Վլասովը եւ ինչ-որ առումով նա իրավացի է, եթե հաշվի առնենք Կոսովոյի, Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի, իսկ ավելի վաղ` Արեւելյան Թիմորի եւ Էրիթրեայի օրինակները:

Այնպես որ «միջազգային իրավունքի նորմեր» մանտրան հարկավոր է փոխել եւ չկիրառել 20 տարի առաջ արդեն իսկ հնացած սկզբունքները եւ հազիվ թե Բաքվում դա չեն հասկանում...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News