17 մարտի 2009 - 22:57 AMT
ՀՈԴՎԱԾ
Պատմության կեղծման գործում վրացիները եւ Կովկասի թաթարներն իրենց հավասարը չունեն
Վրաստանի, հիմնականում Ռուսաստանի դեմ ուղղված, քարոզչական մեքենան վերջին ժամանակներս որոշել է Բաքվի հետ միասին սրբագրել Հայաստանի եւ տարածաշրջանի պատմությունը:
Վրաստանը որոշել է Ադրբեջանի հետ միասին «պայքարել» Հայաստանի դեմ: Հենց այդ ես մտածում, երբ սկսում ես կարդալ վրացի պատմաբանների «հորինվածքները», որտեղ հայերը ողջ Կովկասը գրաված եւ «օտարի պատմությունը յուրացնելու» իր քաղաքականությունը շարունակող եկվոր ժողովուրդ են: Պարզապես հետաքրքիր է, թե այդ ինչպես հայերի «զավթողական քաղաքականությունը» հանգեցրեց նրան, որ Հայաստանի տարածքից մնացել է 29 հազար քառակուսի կիլոմետր: Ստացվում է, քիչ են զավթել...

Վրաստանի, հիմնականում Ռուսաստանի դեմ ուղղված, քարոզչական մեքենան վերջին ժամանակներս որոշել է Բաքվի հետ միասին սրբագրել Հայաստանի եւ տարածշրջանի պատմությունը: Վերջերս Թբիլիսիում լույս է տեսել մի գիրք շատ հետաքրքիր վերնագրով. «Ողջ Վրաստանի հայալեզու բնակչությունը եւ միասնական Վրացական պետականության վերածնման ստվերային կողմերն ու խնդիրները»: Գիրքը հրատարակվել է Վրաստանի ազգային ակադեմիայի կողմից: Եթե չլինեին տվյալ գրքի հրատարակման տվյալները, ապա կարելի էր ենթադրել, որ այդ «գիտական աշխատությունը» հրատարակվել է Բաքվում: Իմիջիայլոց, Բաքվում ջանադրաբար այդ գրքից մեջբերումներ են կատարում` ենթադրելով, որ եթե ադրբեջանական քարոզչությունը կարող են մեղադրել կանխակալության մեջ, ապա վրացականը`միանշանակ ո'չ:

Ասվածը հաստատելու համար մի քանի մեջբերում կատարենք: Մեջբերում առաջին.«Համաշխարհային պատմության մեջ հարեւան երկրի նկատմամբ թշնամության, ողջ պատմական անցյալի կեղծման, ինչպես նաեւ մշակութային ժառանգության յուրացման նմանօրինակը չկա, ինչպես դա անում են որոշ հայ «գիտնականներ»` Մ.Մանուկյանը, Մ. Ստեփանյանը, Ս. Այվազյանը եւ ուրիշներ: Նրանցից հետ չի մնում նաեւ Ա. Միհրանյանը»: Այս հարցում վրացիներն իրավացի են. կեղծման գործում նրանք, ինչպես նաեւ Կովկասի թաթարները հավասարը չունեն: Հայերը միշտ էլ աչքի փուշ եւ կոկորդում կանգնած ոսկոր են եղել, ինչ արած, այդպես է ստացվել:

Մեջբերում երկրորդ.«Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում, վրացական հողում, մասնավորապես Թբիլիսիում, բնակեցման եւ, բնականաբար, հետագա բնակության ու գործունեության ժամանակ հայ ժողովրդին ցույց տրված անշահախնդիր օգնությանը ոմանք այլ մեկնաբանություն են տալիս, այլ կերպ են գնահատում: 100-ամյակների ընթացքում Թբիլիսին այնքան հայի է օթեւան տվել, որ որոշակի ժամանակահատվածում վերջիններս թվով նույնիսկ գերազանցել են վրացիներին, սակայն դա ոչինչ չի նշանակում: Թբիլիսիի բնակչությունում հայերի քանակի գերազանցումը միհրանյաններին «հնարավորություն է տալիս» հայտարարելու, որ իրենք «վրացիների համար մայրաքաղաք են կառուցել»: Հետաքրքիր է, թե այս դեպքում միհրանյանները, մանուկյաններն ու այվազյանները ինչպես կմեկնաբանեն այն փաստը, որ XIX դարում Երեւանի բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են կազմել: Այսպես, 1832 թվականին Երեւանում բնակվել է 11463 մարդ` 7331 ադրբեջանցի եւ միայն 4132 հայ, կամ 36 տոկոսը: 1886 թվականին կազմված ընտանեկան ցուցակների համաձայն, Երեւանում բնակվել է ավելի շատ ադրբեջանցի, քան հայ»: Այս մեջբերումից երեւում է, որ այստեղ Բաքվի մատը խառն է: Թեեւ... Թբիլիսին վաղուց` մոտ 300 տարի, իր բոլոր դժբախտությունների մեջ մեղավոր է համարում հարեւաններին` բոլորը մեղավոր են, մենք լավն եք սկզբունքով:

Եվ վերջապես վերջին մեջբերումը. «Հայտնի է, որ XII դարում եւ XIII դարի առաջին քարորդում Վրաստանը յուրացրել է պատմական Հայաստանի զգալի մասը, մասնավորապես Երեւան քաղաքը, որը նույնիսկ XIV դարում վրացական քաղաք էին համարում իրենք` հայերը: Օրինակ, 1336 թվականին Ղրիմում արտագրված հայկական ձեռագիր կտակում արտագրողը երկու անգամ նշում է. «ժամանել է Վրաստանից, հրաշալի քաղաք Երեւանից, որը գտնվում է Էջմիածնի մոտ»:

Այս ամենը հիշեցնում է ադրբեջանցի պատմաբանների «անմահ» աշխատությունները, եւ, ճիշտն ասած, տպավորություն ստեղծում, որ վերը նշված աշխատությունը գրվել է Բաքվում, այլ ոչ Թբիլիսիում: Ինչը, իմիջիայլոց, միանգամայն հավանական է` հաշվի առնելով «վաղեմի եղբայրական կապերն ադրբեջանցիների եւ վրացիների միջեւ»:

Այս գրքի հրատարակումը, հատկապես «Հայաստանի կործանման» մասին Միխաիլ Սահակաշվիլու վերջին ելույթներից հետո, միանգամայն հատկանշական է եւ արդարացված: Պարզապես ցանկանում ենք հիշեցնել այդ նույն Սահակաշվիլու խոսքերը երեք տարի առաջ Երեւանում, երբ նա ասել էր, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր համար օրինակ է ծառայում, եւ ինքը պետք է նրանից սովորի պետությունը կառավարել: Ամենահետաքրքիրն այն է, որ երկու դեպքում էլ Վրաստանի նախագահն անկեղծ է: Պարզապես նա կարծում է, որ իր ցանկացած խոսքեր, նույնիսկ իրար հակասող, պետք է դիտարկվեն որպես ճշմարտություն: Իսկ Հայաստանին միայն մնում է հուսալ, որ վաղ թե ուշ Թբիլիսիում, ինչպես նաեւ Բաքվում կգերիշխի առողջ դատողությունը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News